Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցներից երկուսին աշխատանքից հեռացրել են մայիսի 5-ին, քանի որ ոչ միայն մասնակցել են ընդդիմության հարահավաքներին, դա չարամտորեն լուսանկարել և տեղադրել իրենց էջում, այլև, ասում են, ֆեյսբուքում լայքել են «Սրիկա չեն լինում, սրիկա ծնվում են» հակաիշխանական գրառումը։ Գուցե սխալվել են, դրա համար են հեռացվել աշխատանքից, որովհետև մարդ կա սրիկա ծնվում է, մարդ էլ կա սրիկա դառնում է, մանավանդ պաշտոն ստանալուց հետո։ Էն, որ իշխանությունը հանրահավաք է կազմակերպում ու բոլորին քշում էնտեղ՝ մարզպետ, քաղաքապետ, ուսուցիչ, տնօրեն, ծնողներ ու բարեկամներ, դա նորմալ է, թույլատրելի է, բայց ընդդիմության դեպքում իրենց կամքով ու համոզմունքով՝ արգելված է, եթե անգամ աշխատանքային ժամերից հետո է։
Մայիսի 10-ին գրվեց, որ Ֆրանսիայի հրապարակում Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարի համար միայնակ մորն ազատել են նախարարությունում աշխատանքից։ Մայիսի 19-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակից Աննա Մանուկյանը հայտնեց, որ ազատել են աշխատանքից Դիմադրության շարժման ակցիաներին մասնակցելու պատճառով։ Հիշեցնեմ, որ Համահայկական հիմնադրամը շրջաբերական էր իջեցրել իր աշխատողներին՝ արգելելով աշխատանքի ժամերին լրատվական կայքերում ուղիղ եթերներ դիտել։ Իհարկե՝ հայրենիք ենք կորցրել, աշխատանքը կորցնելուց մարդիկ չեն վախենա, նկատի ունեմ՝ հայրենիքը սիրող մարդիկ չեն վախենա։ Պաշտոնյաներ կան, որ հայրենիքի հանձնմանը կողմ են, որպեսզի պաշտոնը չկորցնեն։ Բազմաթիվ փաստերով ապացուցվում է, որ այս իշխանությունը այլակարծությունը չի հանդուրժում, իսկ պաշտոնը ծառայեցնում է միայն կուսակցական, իր քաղաքական ու անձնական շահերին։ Օրինակ՝ Վեդիում վերջերս կայացած համայնքապետի ընտրություններից առաջ կոկորդիլոսագետ թեկնածուն ազատել էր աշխատանքից մանկապարտեզների տնօրենների։ Դրանից առաջ էլ դպրոցի տնօրենի էին ազատել՝ իրեն չսատարելու համար։ Այ հենց տենց՝ ինձ չե՞ս սատարելու, դուրս արի՝ գնա ինչ ուզում ես արա։ 2021 թվականի հուլիսի 29-ին Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հայտնեց, որ մարզպետ Գնել Սանոսյանը առաջարկում է դիմում գրի ու գնա, քանի որ ընդդիմադիր է։ Գնել Սանոսյանը հիմա նախարար է, ավելի մեծ կանտորա է ղեկավարում։ Առաջ ասում էին՝ վայ, տեսեք՝ այսինչը ընդդիմադիր է, բայց բարեկամը պաշտոնի է։ Հիմա սկի ընդդիմադիր հավաքարար չեն հանդուրժում պետական հիմնարկներում, էս «ժողովրդավարության բաստիոնում»։ Ընդդիմադիր լինելու պատճառով կառավարման ակադեիմիայում դասավանդելու հնարավորությունից զրկում են Հայկ Մամիջանյանին, Արթուր Խաչատրյանին, Արտակ Զաքարյանին։ Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետը հայտնեց, որ իրեն ասել են՝ դիմում գրեք ու ազատվեք աշխատանքից, քանի որ ընտրել է «Հայաստան» դաշինքին։
Մեր երկրում իր կարծիքն ազատ արտահայտելու համար մարդուն դատում են, զրկում են ազատությունից, աշխատանքւից։ Այս պարագայում, ուրեմն, հերոսություն են անում բոլոր նրանք, ովքեր դուրս են եկել հանրահավաքների։ Մենք ասում ենք՝ ոստիկանները ընդդիմադիրներին ծեծում են, ջարդում են ոտքերը, ժողովուրդ, բայց ի՞նչ տարբերություն, ծեծել ես, թե հանել ես գործից ու թողել ես սոված մնա, բանտ ես նստեցրել․ նույն բիրտ, անմարդկային մեթոդներն են։ Փաշինյանին ենթակա ամեն մի կառույց, ամեն մի քպական պաշտոնյա անում է ձեռքից եկածը, որ Հայաստանը դարձնի Հյուսիսային Կորեա։ Կարծես իրենք չէին բողազները ճղում, որ երկրում իրավունքներ են խախտում նախկին իշխանությունները։
Ու գիտե՞ք ինչն է խնդալուն․ էս ֆոնին մեր երկրում տեղի է ունենում ինչ-որ ֆորում՝ ժողովրադավարության անունով, միջազգային «հեղինակավոր» կառույցի կազմակերպմամբ, մասնակցում են դեսպաններ, վարչապետ-բան ու խոսում են ինչ-որ վերացական, թվացյալ ժողովրդավարության մասի՞ն։ Խոսում են ոչ թե իրականությունից, այլ ինչպես ուզում են՝ իրենք իրենց ներկայացնում են, ծափ են տալիս։ Ու դարձյալ, խնդալու էր ու խայտառակություն էր այն, որ ոստիկանական 6 պատ էին շարել, թիկնապահներ, ոստիկաններ, բերետներ, որ ընդդիմությունն ու ազատ լրատվամիջոցները չմասնակցեին այդ ֆորում կոչված խամաճիկների թատրոնին։ Ժողովրդավարական երկրում 30 քաղբանտարկյալ է լինո՞ւմ, հարյուրավոր քաղհալածյալնե՞ր են լինում։ ժողովրդավար երկրում մի հայհոյողին բռնում են, ասում են ծանր վիրավորանք ես հասցրել, ատելության խոսք, թշնամանք, բայց մյուս հայհոյողներին թողնում են իրենց քեֆին ֆռֆռա՞ն, որովհետև նիկոլական են, Լևոնական են, սորոսական են։ Ժողովրդավարական երկրում մարդկանց ձվահարում են ու մնում անպատիժ, բայց արձագանքողներին են բռնո՞ւմ։ Ժողովրդավարական երկրում ստեղծում են միայն կալանք տվող դատարաննե՞ր, վարչապետը հայտարարում է, թե բանտերի ազատ խցերը պետք է գտնեն իրենց տերերի՞ն։ Էն դեպքում, երբ ամեն օր 2 միլիոն մարդ արթնանալիս դիմում է Աստծուն, որ էդ մարդը շուտով գործուղվի բանտ՝ ցմահ վճռով։
ժողովրդավար երկրում վարչապետին 11 ավտո է ուղեկցո՞ւմ, ընդ որում՝ դեմից գնացողը ճխլում է հղի կնոջը, վարչապետն էլ շվշվացնելով անցնում է կողքով, հետո էլ մեկ օր անգամ չի՞ նստում էդ վարորդը։ Ժողովրդավար երկրում վարչապետը գնում է ԱԺ, ու հազարավոր ոստիկաններ՝ մինչև ատամները զինված, փակում են շրջակա բոլոր փողոցնե՞րը։ Մայրը գնում է իր երեխայի հետ կողքի խանութից հաց առնելու, ոստիկանները ասում են՝ չես կարող ոտքով փողոցով գնալ, որովհետև վարչապետը ԱԺ շենքում ելույթ է ունենո՞ւմ։ Հասկացաք, չէ՞, ոչ միայն մեքենաների համար են փողոցները փակում, այլ նաև հետիոտնի։ Ժողովրդավարական երկրի իշխանությունը ֆեյքերի ֆաբրիկաներ է պահո՞ւմ, որ իրեն գովեն։ Բա ուրե՞ն իրեն էդքան սիրող ընտրողները։ Ասում են՝ նրանք 700000 ի կարգի են, բա ո՞ւր են։ Ժողովրդավար երկրում ասում են այսուհետ ԱԺ-ն ինքը պետք է որոշի՝ որ լրագրողին երբ զրկի բեյջի՞ց։ Ժողովրդավարական երկրում վարչապետի ավտոն անցնում է, ու բոլորը սիգնալ են տալի՞ս ու հայհոյու՞մ։ Ու էս ֆոնին հավաքվում են իմպրտնի պաշտոնյաներ ու հեքիաթներ պատմում ժողովրդավարության մասի՞ն՝ շրջապատված ախռանաներով։
Հանրապետության հրապարակը այսօր տեսե՞լ եք,․ սկսած մ․թ․ա 782 թվականից, երբ հիմնադրվել է Երևանը, այդքան ոստիկան Հանրապետության հրապարակում չի եղել, ոչ մի իշխանության ընթացքում տենց բան չի եղել, հասկանու՞մ եք։ Հավաքվել են այդքան ծառայողներ, որովհետև մի հոգի՝ Նիկոլ Փաշինյանը, վախեցել է ընդդիմության ցույցերից։ Գնում է Ազգայի ժողովում՝ փակ շենքում, շրջապատված լիքը ու հազար տեսակի ծառայություն մատուցող ոստիկաններով ու թիկնապահներով, ասում է՝ ամեն ինչ նորմալ է, բայց պետական ռեսուրսը, բյուջեն մաշեցնում, քամուն է տալիս այդ ընդդիմության ակցիաների դեմ ոստիկաններ հանելու համար։ Մեկ ամսվա համար մենակ 6 միլիոն դոլարի պարգևավճար է տալիս, սնունդ, էլ եսիմինչ, որովհետև նորմա՞լ է։
Կարճ ասած՝ իշխանությունը սարսափելի վախերի մեջ է, արդեն միայն ոստիկանության շնորհիվ են գոյատևում, վաղը, արդեն, երբ չհերիքեն ոստիկանների ռեսուրսները, կանցնեն բանակին։ Օր-օրի, որքան մեծանում է համաժողովրդական ակցիաների մասնակիցների թիվը, այնքան շարունակվում են իշխանության վախերը։ Ի դեպ, ամեն անգամ իշխանության ներկայացուցիչների անկապ ելույթներն ավելի են մեծացնում համաժողովրդական շարժման թիվը։ Դա կասեցնել հնարավոր չի լինի։ Ոչ մի ելք, բացի Նիկոլի հեռացումից, չի հանդարտեցնի այս վիճակը։ Ինչպես չհանդարտեցրին 2021-ի ընտրությունները։
Այս վիճակը երկար շարունակվել չի կարող․ սա առաջին հերթին հենց մյուս իշխանիկներին է վնաս։ Շարունակեք ու կտեսնեք։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը