28 04 2022

«Կարճ ասած»․ Սխալ են բոլոր նրանք, ովքեր պայքարում են անարդարության դեմ ու ասում են՝ մեր պայքարը քաղաքական չէ



 

Արդեն երեք օր է՝ դատախազության դիմաց ակցիա են անում 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները։ Նրանք շատ հարցեր ունեն ու նաև շատ հստակ պահանջ ունեն՝ Նիկոլ Փաշինյանին ենթարկել պատասխանատվության։ Պատերազմից հետո նրանցից շատերը իր ողբի, սգի մեջ էր փաթաթվել ու լուռ ճերմակում-ծերանում էր։ Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարությունից հետո նրանց ցավն ավելի է խեղդում։ Պատկերցնում ե՞ք, գերագույն գլխավոր կոչվածն ասի սա մեր նոր Սարդարապատն է, գնացեք կյանքներդ մի խնայեք, գնան, չխնայեն, դառնան հուշաքար, հետո նույն անձը հայտարարի՝ դե գիտե՞ք, կարող էին և շարունակել ապրել, բայց մտածեցի՝ ուժերս փորձեմ։ Ձեր կյանքերի հաշվին։ Փաշինյանը էդ մարդկանց ասաց՝ ձեր տղերքը զոհվել են հանուն ոչնչի, իզուր տեղը։

Հիմա արցունքից աչքերը չորացած հարազատները, ամեն մեկը իր տղու, հոր, եղբոր լուսանկարն է վերցրել ու երթով եկել դատախազության դիմաց․ ասում են՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, մեր էս լուսավոր տղերքի գլուխը կերել են, ինչի՞ են հանգիստ ֆռֆռում ու մի հատ էլ շարունակում իրենց ճամփին հանդիպած մարդկանց սպանել։

Երեք օր է՝ սարսափելի տեսարան է գլխավոր դատախազության մոտ։ Մի կին բռնել է լուսանկար, ամուսինն ու տղան են՝ հայր ու որդի Սաղաթելյանները, ասում է՝ տղես երկու ամսվա ծառայող էր, տարան առաջնագիծ, հայրը հետևից գնաց ու երկուսն էլ զոհվեցին։ Ասում է՝ հայրը գնաց, քանի որ ընդամենը 2 ամսվա ծառայող որդուն տանում էին Ջեբրայիլ, որն արդեն հանձնել էին։ Ու հարց է տալիս՝ որ հանձնել էիք, ինչի՞ տարաք սպանիք, շատ զոհ է՞ր պետք, որ արդարացնեիք հանձնումները։ Մայրը ասում է՝ պատասխանիր, Նիկոլ, իմ 18 տարեկան տղե՞ն էր խանգարում քո ադրբեջանական, այսպես ասած՝ «խաղաղության օրակարգին»։

Ամեն մեկը մի պատմություն ունի, մեկը մեկից ահավոր, ասում են՝ դուք չեք հասկանա, թե ինչ ենք կորցրել, ինչ կարգի մարդիկ էին։ Մայրն ասում է՝ իմ հսկա տղուն տարան, բանակ, երեք ամիս հետո մի բուռ ոսկոր բերին տվին ձեռքս, ասին առ, քո տղեն է։ Ու ասում է՝ ես սպասելու եմ իմ տղուն, չեմ հավատում, թե զոհվել է։ Ծնողներից մեկը, որ ամիսներ առաջ միամիտ լավատեսություն ուներ Նիկոլի նկատմամբ, ասում էր՝ Նիկոլն արդար ա, ինքը սիրումա  ժողովրդին, իր տղուն կզոհեր, ուրիշի տղերքին չէր զոհի, հետո հասկացավ, որ Նիկոլի տղեն հատուկ պայմաններում էր ծառայում, իսկ հատկապես էս խոսքերից հետո արդեն ասում է, որ հենց զոհեր էին պետք Փաշինյանին, փնտրեց ու հենց մեր տղերքի մեջ գտավ զոհվելու մատերիալների։ Ծնողներից մեկը պատմում է, որ իր տղան գերի է, չեն կարողանում ապացուցել, էն մյուսը պատմում է, որ պատերազմի ավարտից հետո տղու հետ խոսել է, ողջ է եղել, չեն գնացել փրկելու, էն մյուսն ասում է, որ վախեցել է խոսի, ասել են՝ մի խոսիր, մի բողոքիր, որ զբաղվենք քո զավակով։

Դատախազությունը, սովորության համաձայն, փափուկ բարձ է դնում գլխների տակ։ Ասում է՝ ձեր դիմումն ուղարկել ենք հակակոռուպցիոն կոմիտե։ Կոմիտեի ղեկավարը Սասուն Խաչատրյան է, էն Սասուն Խաչատրյանը, որ մի օր ասում էր՝ գտել եմ մարտի 1-ին կրակած զենքերը, հետո ասում էր սխալվել եմ, ասում էր գտել եմ կրակողներից մեկին, հետո ասում էր՝ սխալվել եմ։ Ու ամեն անգամ էմոցիաներ էր գողանում ձեզանից։ Հիմա իբր թե տվել են, որ քննի։ Նիկոլի մեղավորությունը։ Չէ, լու՞րջ։ Սասունը՞ պտի քննի Նիկոլի գործը։ Դատախազությունն ասում է՝ կաշկանդված չենք, որ արդար քննենք, Նիկոլին էլ հարցաքննության կանչենք։ Սուտ, ժողովուրդ, հույս ունեն ձեզ հիմարացնել։ Իրենք մատը մատին չեն խփել գերագույն գլխավորին պատասխանատվության կանչելու համար։ Հիմա էլ չեն անելու։ Խաբում են ձեզ։ Ընդամենը մի քանի օր առաջ Ազգային ժողովում Արթուր Դավթյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2150 քրգործ է քննվել. 55 անձ արդեն դատի է տրվել։ 2150 քրգործից ո՞րով է անցնում Փաշինյանը։ Եթե դուք կաշկանդված չեք, ասեք՝ 2150 քրգործից ո՞ր մեկն է վերաբերում Նիկոլ Փաշինյանի քայլերին, որոշումներին, հրամաններին, երբ պատերազմի ժամանակ հեռախոսով զանգում էր պոստեր, ասում էր՝ ո՞ր դիրքում եք, ձեր տվյալներն ասեք։ Ո՞ր քրգործն է վերաբերում Փաշինյանի հայտարարությանը, որ մեկ ասում էր՝ տեղյակ էինք, որ պատերազմ է լինելու, մեկ ասում էր՝ ո՞վ ա տենց հիմարություն ասել։ Ո՞ր քրգործն է վերաբերում նրան, որ Նիկոլ Փաշինյանը 3 անգամ կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց չի կանգնեցրել՝ իմանալով վերջում ինչ պատկեր է մատուցելու։ Ո՞ր գործն է վերաբերում Ալիևի հայտարարությանը, որ Նիկոլը ինձ խնդրել է չկրակել սահմանին, մինչև երկրի ներսում ընդդիմության հարցերը լուծի։ Ո՞ր քրգործն է վերաբերում էն հայտարարությանը, որ՝ ես եմ հրաման տվել Սյունիքից զորքերը հետ քաշել, ու թշնամին 45 կիլոմետր խորացել է մեր երկրի մեջ։ Ո՞ր գործն է վերաբերում Աբովյանի դիահերձարանի նկուղում ցելոֆոնի մեջ բեմունաթ շփած մեր տղերքի մասունքներին։ 2150 հատ քրգործ կա, ո՞րով է անցնում Փաշինյանը։ Թե՞ ձեզ թվում է՝ հիմար ենք, պետք է հավատանք, որ մի սպա դիրքը թողել, փախել է, ու դրա պատճառով 10 հազար քառակուսի կիլոմետր հանձնվե՞լ է, պատերա՞զմ ենք պարտվել։

Եթե դատախազությունը կաշկանդվածություն չուներ, ինչպես ասում է դատախազ Մուրադյանը կամ գլխավոր դատախազ Դավթյանը, պետք է գործը հարուցվի, որից հետո Փաշինյանի լիազորությունները դադարեցվի, որ չկարողանա վկաներին ճնշել, ու գնա արդար քննություն։ Գնացել էր Եռաբլուրում ձևական չոքել էր իր պատճառով շիրիմ դարձած հերոսի առաջ ու լայքեր էր գողանում։ Ծնկի եկավ ու վե՞րջ։ Կներեք, մեղավոր եմ, պատասխանատու չեմ և վե՞րջ։ Կներեք սխալվել ե՞մ, սխալ հաշվարկ եմ արել։ Մի հատ Եռաբլուրում ծնկեցիր ու պրծա՞ր։ Եռաբլուրում չոքես, Պարոնյան-Լեո խաչմերուկում չոքես և՛ քո պատճառով զոհված կնոջ ու երեխու համար, և՛ մարտի 1-ի համար, Արցախի ու Սյունիքի հանձնած տարածքներում չոքես, բոլոր զոհվածների, քո որոշումների պատճառով կյանքը խեղվածների պադիեզդներում, բակերում չոքես, մեկ է՝ այդպիսի բաներին ներում չկա։ Էս դհոլչին էլ գործ չհարուցի, հարուցելու է Հայաստանի հաջորդ իշխանությունը։ Թեկուզ միայն նրա համար, որ պատերազմում մեր 5 հազար անմեղ զոհերի, 12 հազար վիրավորների, առողջությունը հավերժ կորցրածների, 10 հազար քառակուսի կիլոմետր կորցրած հայրենիքի կորուստների ամբողջական պատկերը բացահայտվի, պետք է հեռացնել իշխանությանը։ Իշխանությանը պետք է հեռացնել Ավագի համար, Աշոտի համար, Նարեկի համար, Աբգարի համար, Զորոյի համար, Սոնայի համար։ Պետք է հեռացնել, որ մյուսները ապրեն։

Զոհերի հարազատները էդքան զրկանք կրելուց հետո դատախազության բորդյուրներին են գիշերում, որ Արթուր Դավթյանը գնա իր պալատներում հանգիստ քնի։ Մարդու իրավունքների պաշտպան մի հատ ունենք նիկոլական, քա՞նի անգամ ես այցելել զոհերի հարազատներին, ինչո՞ւ եք էդ պաշտոնը հավասարեցնում հողին։

Համաձայն չեմ զոհերի հարազատների այսօրվա ելույթի հետ, երբ ասում են՝ քաղաքական ուժեր, որ դեմ եք Նիկոլին, մի երթեր արեք, մի ցույցեր արեք, եկեք միացեք մեզ, կանգնեք մեր կողքը։ Հարգելի հարազատներ, մենք բոլորս ձեր կողքին կանգնած ենք։ Այն ինչ այսօր արվում է, արվում է հենց արդարությունը վերականգնելու համար, բայց էդ արթնացնող ակցիաները թողնելը ու ձեզ միանալը, իմ կարծիքով, սխալ մարտավարություն է կլինի։ Դուք ասում եք՝ դատեք Նիկոլին, պրծնենք․ իմ կարծիքով, Նիկոլին չեն դատելու, Արթուր Դավթյանը չի դատելու, ես իր ազնվության վրա շատ խիստ կասկածում եմ, մոռացեք։ Պետք է լինի իշխանափոխություն, որ բռնեն ու դատեն։ Էն որ ասում եք մեր պայքարը քաղաքական չէ, այդտեղ էլ ճիշտ չեք, ձեր պայքարը ուղնուծուծով քաղաքական է, ու քաղաքական պայքարն է, որ ձեր պահանջների կատարմանն է բերելու։

Կարճ ասած՝ զոհերի հարգելի հարազատներ, ձեր զավակները զոհ են գնացել Նիկոլի քաղաքականությանը։ Դատախազի վրա հույս մի դրեք։ Չի անելու, մոռացեք։ Դուք մնալու եք բորդյուրին նստած, նա գնալու է իր շքեղ պալատում վայելի հանգիստը՝ ձեր միտինգներից հետո։ 

Ձեր տեղը պետք է լինի կառավարության դիմաց՝ Նիկոլի հրաժարականը պահանջելիս։ Այ էդ ժամանակ հնարավոր է, որ լինի արդյունավետ։ Քանի Նիկոլ Փաշինյանն է իշխանության ղեկին, ոչ ոք նրան ոչ ձերբակալելու է, ո՛չ քրգործ է հարուցելու ու շարունակելու է ձեր տղերքի շիրիմների վրա իր մահաբեր իշխանությունը կառուցել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ