Ազատության հրապարակում մեկնարկել են անժաամկետ ակցիաներ, մի մասը ինքնաբուխ է, մի մասը՝ կազմակերպված, կան ծայրահեղ դրսևորումներ՝ հացադուլ։ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյան իր թիմով Ազատության հրապարակում է․ հայտարարել են՝ տուն չեն գնալու, մինչև իշխանափոխություն չլինի։ Հրապարակ են գալիս Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակիցները՝ ԱԱԾ պետեր, ոստիկանապետ, պետեկամուտների կոմիտեի նախագահ, ասում են՝ մենք ճանաչում ենք էդ մարդուն, նրան իշխանության թողնելը սխալ է։ Ակցիա է անում պատերազմում զոհված Ռուստամ Գասպարյանի եղբայրը, պատերազմի մասնակիցներ, վաղը հրապարակում կլինեն քաղաքական այլ թիմեր ևս, հանրությանը պայքարի իր ծրագիրը կներկայացնի «Հայաստան» դաշինքը։ Ակցիաների նպատակը կուսակցական չէ, չնայած կլինեն նաև իրենց կուսակցական շահը առաջ տանողներ։ Բայց ողջախող, առողջ մտածողության մարդիկ մեկ նպատակ ունեն՝ ազատվել այս ռեժիմից։
Պատերազմում մեկ տնից երկու տղամարդ կորցրած Գասպարյանների ընտանիքի անդամին ոտքի է հանել Փաշինյանի հայտարարությունը, թե գիտե՞ս, քո եղբայրն ու նրա որդին կարող ին չզոհվել, ես ուղղակի մտածի փորձեմ տեսնեմ ինչ կստացվի։ Պետք է, չէ՞, իմ սխալների վրա սովորեմ։ Առանց կաշկանդվելու Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ իմ որոշումների պատճառով հազարավոր զոհեր ենք ունեցել։ Հիմա իրեն հարցնում են՝ ինչո՞ւ մեր հարազատների գլուխը կերար։ Պատերազմի մասնակից երիտասարդները հարց են տալիս՝ ինչո՞ւ մենք տեսանք էդ դժոխքը։ Պատերազմի մասնակցի հետ եմ շփվում, ամրակազմ տղա է, ֆիզկուլտինստիտուտ ավարտած։ Տարօրինակ շարժումներ է անում, պատերազմի դաշտում տեսել է, թե ոնց է իր ընկերների վրա ռումբ պայթում, նրանցից մնում են մասնիկներ, ու տղու նյարդային համակարգը քայքայվել է։ Գիտե՞ք քանի էդպիսի երիտասարդ ունենք։ Ընկերները զոհվեցին, իր կյանքն էլ կործանվեց, էլ դժվար թե հետ գա։ Նիկոլն ասում է՝ դա կարող էր չլինել։ Զավակին կորցնելուց հետո քա՞նի ծնող գերեզման մտավ։ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները գլխավոր դատախազին են դիմել, ասում են՝ մեր էրեխեքին Նիկոլն է զոհել, ասել է՝ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի»։ Փաշինյանը կպել է հանրության բաց նյարդին։ Խոստովանում է, որ իր որոշումները հազարավոր զոհերի են բերել, կարող էր և չտալ այդքան զոհ։
Մեր երկրում գրեթե ամեն քաղաքացի փողոց դուրս գալու պատճառ ունի, միայն զոհերի հարազատները չէ։ Հազարավոր մարդիկ Արցախում թողել են իրենց տունը, ընտանեկան գերեզմանոցը, զավակների դիերը, առողջությունը ու չեն ուզում Ադրբեջանի հետ որևէ այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագիր» կնքել։ Նրանց տեղը փողոցում պայքարողների կողքին է։ Արդեն Հայաստանից չեն թողնում Արցախ գնալ մեր քաղաքացիներին, Ադրբեջանն արդեն պահանջում է չասել Լեղնային Ղարաբաղ, այլ ասել Ղարբաղի շրջան, ասում է՝ դա Ադրբեջանի մի մասն է։ Փողոց ելնելու թեմա է։ Հարյուր հազարավոր գյուղատնտեսների փողոց դուրս գալու պատճառը Թուրքիայի հետ սահմանի բացման հետևանքն է ու իրենց անպաշտպանությունը, հնարավոր սննկացումը։ Այսօր կատարվող ամենաթողությունը քա՞նի հոգու կհանի փողոց․ ամեն օր մեր երկրում զենքով հարցեր են լուծում, դրոշ ծածանելու համար մեր երկրում արդ է նստած բերդում, բայց հանցագործության համար բռնում-բաց են թողնում Սյունիքի մարզպետի որդուն, ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն, օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի եղբորը։ Ու լիքն են դեպքերը։
Մարդկանց խոստացել է թոշակի բարձրացում, աշխատավարձի բարձրացում, հիմա ասում է՝ թոշակառուներ ջան, չենք կարող բարձրացնել, որովհետև մեզ համար առաջնայինը իրավապահներն են․ կես միլիոն թոշակառուները արդյո՞ք փողոց ելնելու պատճառ չունեն։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է աղքատության վերացում։ Այսօր պաշտոնապես աղքատ է ՀՀ քաղաքացիներից ցանկացած երրորդը, ոչ պաշտոնապես՝ ցանկացած երկրորդը։ Սա փողոց դուրս գալու պատճառ չէ՞։ Զուգահեռ երկիրը թալաննվում է անխնա, պարգևավճարներով, անիմաստ ծախսերով, շռայլ գործուղումներով, հավելավճարներով։ Նայում ե՞ք՝ ամեն օր ճոխ քեֆերի մեջ են ՔՊ-ականները արդեն դոլարներ են շաղ տալիս աջ ու ձախ։ Իշխանությունը զբաղված է հարստանալով։ Ուսանողներն ու դասախոսներն ունեն փողոց դուրս գալու պատճառ, քանի որ Նիկոլը բուհերը էլ ավելի է քաղաքականացրել՝ բոլորը ՔՊ-ականներով լցնելով։ Դատավորները փողոց դուրս գալու պատճառ ունեն, քանի որ դատական համակարգի հերն անիծել են, անկախ դատավորներին կալանավորում են։
Ժողովրդին տվել են կոնկրետ բարեփոխումների խոստումներ, բայց ասում են՝ մեր բարեփոխումը աղը արգելելն է․ մարդիկ խաբված են։ Բոլոր-բոլոր ոլորտները ձախողել են։ Ոչ մի լուրջ գործարար Հայաստանում չի ուզում ներդրում անել։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները պետք է ոտքի կանգնեն, քանի որ սահմանները նեղացնում են, բացի այդ՝ չեն զինում, չեն կահավորում դիրքերը, սահմանապահին նորմալ փող չեն տալիս, բայց պարեկին են հարյուր հազարներով փող տալիս։ Քա՞նի մարդ փողոց դուրս պետք է գա այն փաստից, որ արդեն թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում անշարժ գույք են առել։
Կրկնում եմ՝ Հայաստանում չկա էդպիսի մի շերտ, որ Նիկոլի իշխանության դեմ պայքարի պատճառ չունենա․ Ու այդ բոլորի հանդիպման վայրը փողոցն է, հրապարակներն են, կոֆեի սեղանը չէ։ Այդ բոլոր թեմաները փողոցներում կգտնեն համախոհների։ Մեր երկրում մի վիճակ է, որ բոլորը մի կողմի վրա են, Նիկոլն իր փոքր թիմով մի կողմի վրա է, բայց խոսում է էն ժողովրդի անունից, որն արդեն վաղուց իր հետ չէ։ Չկա մի թեմա, ուղղություն, որոնք իրականացնում են այս իշխանությունները և ունեն բացարձակ աջակցություն։ Սա հենց կոնսենսուս մինուս մեկն է։ Ու ամեն ինչ արդեն շատ պարզ է ու հասկանալի։ Հրապարակում ելույթներ էլ չեն հնչում․ բոլորը հասկանում են ինչ է կատարվում, ուր ենք գնում, ինչ պետք է անել։ Էնպես որ, ժողովուրդ, քո դուրս գալով պետք է ասես՝ ուզո՞ւմ ես պետություն ունենալ, թե չէ։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը գնում է բանակցությունների, և ժողովուրդը տագնապի մեջ է, թե ինչ է զիջելու, ինչ է տալու․ գիտենք, որ էնտեղից չի գալու ձեռքբերումով։ Նա էլի է սխալվելու, ասել է՝ էնքան է սխալվելու, մինչև իր սխալներից սովորի, բայց այդպես էլ չի սովորում։ Պետք է Հայաստանը կանխել հետագա սխալ ընթացքից։ Նիկոլ Փաշինյանը չունի աջակից, հանուն նրա փողոց դուրս եկող չի լինի։ Բայց ընդդեմ նրա հարյուր հազարներ են։ Սկսել է շարժում, որի դեմն առնել չի լինի։ Այսօր փողոց դուրս գալու, այս իշխանությունը հեռացնելու պարագայում մենք կունենանք իսկապես խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն։ Հիշեք՝ Փաշինյանը պատերազմի կուսակցության ներկայացուցիչն է, մեր երկիրը խաղաղ էր մինչ իր գալը և խաղաղության եջ կմտնի միայն իր գնալուց հետո։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը