ԱԱԾ-ն օրերս խուզարկություն էր իրականացնում Արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ դիմակավորված։ Նույնը օրը հանկարծ երկշաբաթյա արձակուրդ գնաց նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Հետո պարզվեց, որ նա հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում։ Չեմ կարող պնդել, թե Հայաստանի ազգային հերոս է Փիլոյանը կոռուպցիոն ինչ-որ գործարքներում կա, բայց, վստահաբար՝ ԱԱԾ-ն ԱԻՆ-ում դաշնամուր չէր փնտրում։ Կարող եմ բերել բազմաթիվ փաստեր, որ այս իշխանությունը ուղնուծուծով թաղված է կոռուպցիայի մեջ, կոռուպցիան թևակոխել է պետական կառավարման բոլոր ոլորտներ՝ անխտիր ու կրում է համակարգային բնույթ։ Օրերս հայտարարվեց, որ պարեկներ են բռնվել կաշառքի ժամանակ, էն պարեկները, որոնցով այս իշխանությունը հպարտանում է, 10 հազար դրամ էին վերցրել, որ 100 հազար դրամանոց ակտը չգրեին։ Պարզվել է, որ պարեկներ կան, որ իրենց ծանոթների խախտումները չեն արձանագրում։ Մարտի 25-ին, հայտարարվեց քրեկատարողականի պաշտոնյայի մասին, որը դատապարտյալից կաշառք էր վերցրել։
Չկա այդպիսի մի օր, որ կոռուպցիոն դեպք չբացահայտվի։ Ազգային ժողովում սորոսական պատգամավորներից մեկը վերջերս թմբկահարում էր, թե կոռուպցիան Հայաստանում վերացել է և ինչ-որ զեկույց էր մատնանշում։ Նիկոլ Փաշինյանն էլ նույնն էր կրկնում։ Այս իշխանության ժամանակ կատարված կոռուպցիոն հանցանքների մասին պաշտոնական հայտարարությունների մի չնչին մասը իրար գլխի հավաքելով, 730 էջանոց գիրք եմ ստացել։ Ինձ հատկացվում է 10 րոպե, որի ժամանակ կարողանում եմ խոսել 2 էջ։ Հիմա ես պետք է 730 էջից ընդամենը 2-ի մասին խոսեմ, և դուք կտեսնեք, թե ինչպես է կոռուպցիայի մեջ թաղված ողջ պետական համակարգը։ Օրերս ես անդրադարձա կոռուպցիայի ամենատարածված դրսևորումներից մեին՝ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատանքի տեղավորմանը։ Շուտով մի նախագիծ եմ նախաձեռնում, որտեղ կտեղադրեմ այդ ամենը անուն առ անուն, կետերով, նաև կոչ եմ անելու ձեզ, եթե դուք ձեր աշխատած հիմնարկում և այլ տեղից տեղեկություն ունեք, թե որ քպականի որ բարեկամին ինչ գործի են տեղավորել, գրեք ուղարկեք մեզ, դրանք ևս կտեղադրենք այդ ռեեստրում։ Այդ նյութը անընդհատ թարմացվելու է․ բայց կարծում եմ այն կլինի անվերջ, քանի այս իշխանությունն է։ Այսօր անդրադառնամ մեկ այլ ամենատաևրածված դրսևորումներից՝ կաշառքին։
Օրերս հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցը կաշառք է վերցրել խախտումներ չհայտնաբերելու և չբացահայտելու համար։ Վերջերս պարզվեց, որ ռազմական ոստիկանության Գյումրու բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալն է կաշառք վերցրել՝ գործի տեղավորելու համար։ Դրանից մեկ օր առաջ ձերբակալվեցին Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենն ու տեղակալը: Նրանք պաշտոնեական կեղծիք էին արել և հափշտակել 17 մլն դրամ։
Այս ընթացքում ոստիկանության գրեթե բոլոր մարզային բաժիններում ու Երևանում կոռուպցիոն դրսևորումներ են եղել, կաշառք՝ վարորդական վկայականների համար, կաշառք՝ խախտումը չարձանագրելու համար, հանցանքի թաքցնում․ Երևանի, Կոտայքի, Սյունիքի, Լոռու և մնացած բաժիններում։ Գլխավոր դատախազն է արդեն դիմում ոստիկանապետին, ասում է՝ էս ի՞նչ է կատարվում վարորդական իրավունքների համակարգում։ 50 հազար դրամ կաշառքով ոստիկանության կապիտան է բռնվում։ Սոցապնախարարության բաժիններում խայտառակ վիճակ է․ Գյումրու զբաղվածության կենտրոնի տնօրենն ու աշխատակիցները 5-40 հազար դրամ կաշառքներ են վերցրել՝ մարդկանց ծրագրում ընդգրկելու համար։ Գավառի սոցապահովության ծառայության պետը բռնվեց, էն մի տեղում էլ փող էին ուզել նպաստից չզրկելու համար։ Քա՞նի քրեակատարողականի պետ բռնվեց էս ընթացքում կաշառքի համար։ Պաշտպանության նախարարությունն ուղղակի կոռուպցիայի գործով չեմպիոն է։ Զինկոմի տեղակալը 1000 դոլար կաշառքի դիմաց նիգոդնի բիլետ էր տվել։ Գլխավոր դատապազության ավագ դատախազը կաշառք էր վերցրել, որ 10 տարով դատապարտվածին վաղաժամկետ ազատ արձակելուն չխոչընդոտեր։
Էլ ո՞րն ասեմ․ 19 թվականին ձերբակալվեց ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը՝ կաշառքի համար։ Չկա ոլորտ, որ կոռուպցիա չլինի՝ ընդունելության քննություն, սննդամթերքի անվտանգություն․ դե հիշում եք, պետին հանեցին, բայց հետո հետ բերեցին․ քաղաքացիական ավիացիա, բոլոր նախարարությունները, ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ, ամեն ամեն ուր կոռուպցիան լիքն է։ ՊԵԿ աշխատողների կողմից կաշառքի դեպքերն ուղղակի ապշեցնող չափերի են հասնում։ Մարդիկ գնում են, խախտում են հայտնաբերում ձեռնարկատիրոջ մոտ, ասում են՝ էսքան փող տուր, չարձանագրենք, կամ խախտում չի լինում, ասում են՝ ուզած-չուզած պետք է էսքան գրենք։ Գործարարներին ծանոթ երևույթ է։ Քա՞նի դեպք բացահայտվեց Երևանի տարբեր թաղապետերի վերաբերյալ։ Բա շինարարության ոլորտում․ Դպրոցի կառուցման մրցույթում հաղթելու ու աշխատանքներն ընդունելու համար 50 հազար դոլար կաշառք էին խոստացել։ Առողջապահության նախարարությունում պարզվում է քաղաքացին մահից 2 օր հետո պրոթեզավորվում է։ Անգամ ԴՆԹ նույնականացման գործընթացն են մենաշնորհով արել, էն սարքերը, որ պատերազմում զոհված մեր երղբայրների մասունքներն էին հետազոտում, անգամ դրա վրա են փող աշխատում։
Բանը հասել է այնտեղ, որ կոռուպցիայի համար բռնվում են այդ ամենը վերահսկողները․ 2019թ․ փետրվարի 26-ին ձերբակալվեցին պետական վերահսկողական ծառայության բարձր պաշտոնյաներ, վարչության պետեր՝ տենդերի գործընթացում չարաշահումների հետ կապված։ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն էլ ազատվեց աշխատանքից, մեղադրանք առաջադրվեց, չնայած ոչմեկ չշտապեց նրան կալանք տալ։
Ես անդրադարձա ամենամանր դեպքերի 0 ամբողջ եսիմորհարյուրերորդական մասին․ չեմ խոսում պետական համակարգում պարգևատրումներին, որն ամենատարածված կոռուպցիան է։ Չկատարած աշխատանքի, թերացումների համար մարդիկ պարգևատրվում են։ Փաշինյանի աշխատակազմում եղել են աշխատակիցներ, ովքեր աշխատավարձից ավելի պարգևավճարներ են ստացել։ Չենք խոսում նրա մասին, որ պատերազմի օրերին պաշտոնյաների անուններով պետբյուջեից միլիոնավոր դոլարներ են կանխիկացվել, չեմ խոսում համահայկական հիմնադրամի 100 միլիոն դոլարի մասին, որ չիմացանք ինչու հայտնվեց պետբյուջեում, հետո եսիմինչ եղավ, բոլորս էինք հավաքել։ Վարչապետի տիկնոջ հինադրամի մասին չեմ խոսում, որ շատերը ասացին կոռուպցիան այդտեղ է։ Աննա Հակոբյանն ինքն էր ասում՝ կոռուպցիոն եղանակով ձեռք բերված գումարները կարող եք փոխանցել իմ հիմնադրամին։ Հետո գաղտնի էին պահվում նվիրատուների ցանկը։ Չեմ խոսում 40 տոննա մաքսանենգ սիգարետի մասին, զենքի ու ադամանդի բիզնեսի մասին, որի մեջ բավական հետաքրքիր անուններ էին շրջանառվում։ Չեմ խոսում գաղտնի հրամանով նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը բարձրացնելուց։ Չեմ խոսում էն մասին, որ օլիգարխի եղբայրը Երևանի կենտրոնում աջ ու ձախ կրակում է ու ազատության մեջ մնում։ Չեմ խոսում էն մասին, որ դիմակով մտան Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ, հետո կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերը հայտնվեցին վարչապետի աշխատակազմի ձեռքում։ Չանդրադարձա նախկին պատմության ուսուցչին, որը անհասկանալի ձևով շքեղ հարսանիք արեց։ Չանդրադարձա պաշտոնյաների հայտարարագրին․ եկան իշխանության, ասին ծակ գրպաններով ենք, հիմա տների կոլեկցիոներ են դարձել։ Սրանց չանդրադարձա, անդրադարջձա միայն մանր դեպքերին։ Անգամ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կոռուպցիոն ռիսկ կա։ Մամուլը գրեց, որ տեղի է ունեցել մրցույթ, ու մասնակցի ճիշտ պատասխանները կորել են համակարգչից։
Պետգնումներին չանդրադարձա, ամենախայտառակ ոլորտն է․ առողջապահության նախարարի կնոջ հիմնարկը շատ պետպատվեր է ստանում, էն մյուս առողջապահության նախարարի էլ ամուսինն է սկսում մատակարարումներ անել։ ՊՆ-ն 5,5 մլրդ դրամի վառելիք է գնում իշխանական դեպուտատին փոխկապակցված ընկերությունից կամ ՏՄՊՊՀ անդամի եղբոր ընկերությունից։ ԱԺ նախագահի եղբայրը ասֆալտի մրցույթներ է շահում իրար հերթ չտալով։ Ընդհանրապես, ամենաեկամտաբեր բիզնեսը ասֆալտն է, միայն 18 և 19 թվականների մի հատվածում ճանապարհաշինության ոլորտում չարաշահումների համար շուրջ 25 մլրդ դրամի վնաս էր տրվել պետությունը։
Նիկոլն ասում է՝ տեսեք՝ օրը մեկին բռնում են կոռուպցիայի մեջ, դա նշանակում է՝ կոռուպցիա չկա։ Չէ, դա նշանակում է էնքան շատ է կոռուպցիան, որ որտեղ ձեռք եք տալիս, պայթում է։
Սա այն թեման է, որով տարիներ շարունակ հանրությանը մանիպուլացրել են ու թունավորել, բայց իրենք նույնն են անում, մի բան էլ ավելի։ Կա կոռուպցիա և կոռուպցիայի ընկալում։ Նախկինում Հայաստանում, ըստ 2006թ․ զեկույցի, կոռուպցիայի չափանիշը 11 միավոր էր, իսկ կոռուպցիայի ընկալման ցուցանիշը 12։ 2010 թվականին ևս 11 տոկոս էր կոռուպցիան, բայց ընկալումը, արդեն, 18 տոկոս։ 2016-ին 11 տոկոս էր կոռուպցիայի մակարդակը, ըստ զեկույցի, բայց ընկալումը 35 տոկոս։ Այսինքն, կային ՀԿ-ներ, հատկապես սորոսական, որոնք հանրության մեջ տպավորություն էին թողնում, թե կոռուպցիան ամենուր է, ժողովուրդ, ձեզ թալանում են անխնա, ու մարդկանց մեջ ատելություն հրահրում։ Հիմա հակառակն է, այսինքն կարող է կոռուպցիան լինել 40 տոկոս, բայց ընկալումներում 11 տոկոս է, որովհետև գեղեցիկ ելույթներ են ունենում։ Նիկոլն ասում է՝ «Ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ»: «Կկտրենք բոլոր այն ձեռքերը, որոնք կփորձեն որևէ բան վերցնել»։ «Եթե ես կոռուպցիա անեմ, ինձ թող հրապարակում կխաղան բարձրացնեն»։ Նիկոլ, էդ քանի՞ հոգու ձեռք կտրեցիր, միայն կուտ եք տալիս, իսկ մենք տեսնում եք կոռուպցիայի շարունակվող դրսևորումները։
Կարճ ասած՝ կոռուպցիան բարձր իշխանական երևույթ է․ Եթե վարչապետն ու նախարարը մաքուր են, ղալաթ կանի մանր պաշտոնյան, թե կաշառք կվերցնի կամ կոռուպցիոն այլ դրսևորում կանի։ Արդեն հասել է այնտեղ, որ եթե կոռուպցիոն դեպքեր են բացահայտվում, ուրեմն առաջին հերթին մարդիկ մտածում են, որ չեն բարիշել Նիկոլի հետ, ինչ-որ բան չեն տվել, դրա համար են բացահայտել։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը