29 03 2022

«Կարճ ասած»․ Ովքե՞ր են ռուսամետները, թրքամետները, արևմտամետները, հայամետներն ու պետականամետները



 

Նայելով այս նկարին՝ իրոք հասկանում ես, թե ինչ վիճակում է մեր պետությունը։ Իրականում, սիրտս մրմռաց մեր ու մեր երկրի վրա՝ նայելով, թե ովքեր են անցկացնում ՀՀ անվտանգության խորհրդի նիստը, ովքեր են քնարկում Հայաստան-Ադրբեջան, Արցախ հարցերը։ Կրթություն չունեցող մի մարդ, որը ղեկավարում է ամեն ինչ, նրա կողքին նստած ու նրա ենթակայությամբ գործող մեկը, որ ասում էր՝ հետո՞ ինչ, որ զոհ ունենք։ Նրա կողքին նստած է մեկը, որի մեջ արցախցի լինելու հանգամանքը ստորադասվեց շարքային սորոսական լինելուն։ Նրա կողքին նստած էր մարդ, որն ասում էր պատրաստ եմ թուրքերի հետ հա ժպտալ, եթե դրանով մեր զինվորի կյանքեր կփրկեմ, բայց էդ ժպտալուց անմիջապես հետո նույն թուրքերի բայրաքթարերին զոհ գնացին 2 հայ զինվորներ, 10-ից ավելին էլ վիրավորում ստացան։ Ոստիկանապետ աշխատողի՞ն ասեմ, ԱԺ երկու փոխնախագահի՞ն ասեմ, դիջեյի՞ն ասեմ: Սարսափ է առաջացնում, երբ հասկանում ես թե ովքեր են մեր երկրում որոշում կայացնողները, բայց և հասկանում ես, որ դրա համար էլ մեր վիճակն այսպիսին է։

Ու ի՞նչ եզրակացության են գալիս ժողովի ժամանակ՝ Ադրբեջանը ուզում է հարձակվել Ղարաբաղի ուղղությամբ, դրա համար եկեք անհապաղ խաղաղության համաձանագիրը կնքնենք, ինչ ուզում են՝ տանք-պրծնենք։ Ասում են՝ եկեք շտապ ու միանգամից բարեկամանանք, թշնամի չլինենք, ջան ասենք, ջան լսենք։ Չգիտեմ անգամ ինչ անվանեմ այս մոտեցումը՝ միամտություն ասեմ, անմեղսունակություն ասեմ, դավաճանություն ասեմ․ լուրջ՝ արդեն չգիտեմ սա ինչ է։ Խաղաղության պայմանագիր ասածը ենթադրում է միակողմանի զիջում․ մեր կողմից զիջում, էլի զիջում։ Նիկոլն ասում է՝ ժողովուրդ, եկեք զիջենք, էլի զիջենք, սաղ զիջենք, պետք է որ փրկվենք։ Էդ տրամաբանությամբ, իրենք նոյեմբերի 10-ից սկսած հսկայական կտորներ, բնակավայրեր են զիջել։ Նրանք տեսնում են, որ դու ամեն անգամ հետ ես գնում, երբ իրենք գալիս են, նրանք խաղաղություն չեն ուզում ու չեն անի, նրանք հող են ուզում, ուզում են մենք չլինենք։ Տանք, որ խաղաղ ապրենքը թեզ չէ․ առաջ ասում էին Ղարաբաղզը տանք, որ լավ ապրենք, տվել ես, բան չես թողել, դրանից հետո սկսեցիր Սյունիքից տալ, էլի լավ չենք ապրում։ Էդ անտեր խաղաղության պայմանագիրը քարի վրա փորագրված բան չէ, որ փոփոխման ենթակա չլինի, ոնց կապիտուլյացիան փոխվեց, էդպես էլ դա կփոխվի։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է, որ զորքերը կանգ  են առնում այն դիրքերում, որտեղ այդ պահին են․ դրանից հետո որքա՞ն տեղաշարժ է եղել։

Սրանք իրենց հռչակել են խաղաղության դարաշրջան բացող։ Իսկակական խաղաղասերը, եթե կուզեք իմանալ, խաղաղության դարաշրջան բացողները եղել են Հայաստանի նախկին բոլոր իշխանությունները․ 1994 թվականից ի վեր Հայաստանի ոչ մի իշխանություն չի ասել մենք պատերազմ ենք ուզում, ասել են՝ մենք խաղաղություն ենք պարտադրելու ու պարտադրել են․ Լևոնի ժամանակ մեր հաղթանակի արդյունքում է ծնվել էդ խաղաղությունը,  Քոչարյանը այն ամրապնդել ու կուռ պահել է․ բացեք նայեք այդ ժամանակների լրահոսը, ոնցոր Շվեյցարիան լիներ։ Չնայած ապրիլյանին՝ Սերժ-ն էլ է խաղաղություն պահել, սրա համեմատ էլ չասեմ։ Ու դա էն ժամանակներն էին, երբ իշխաությունը հաղթածի դիրքերից բանակցում էր, որ Արցախը ճանաչվի համայն աշխարհի կողմից իբրև հայկական երկրորդ պետություն։ Խորհուրդ եմ տալիս, բացել և դիտել այդ տարիների տեսանյութերը, լրահոսը կարդալ, տեսեք ինչ էինք, ինչ դարձրեց մեզ այս թավշյա ապիկարների խմբակը։ Նիկոլը եկած-չեկած՝ կպավ Արցախից, թե նախկինները չեն լուծել, հեսա մենք կլուծենք, նրանք չէին լուծում, որովհետև պետք չէր, մենք հեսա լիարժեք խաղաղություն կբերենք։ Շատ արագ բերեց պատերազմ, աղետ, զոհեր ու հիմա էլի ասում է, թողե՛ք, խաղաղություն եմ բերում։ Հիմա էլ տարածաշրջանին երկարատև խաղաղության դարաշրջան եմ բացում, թողեք աշխատենք։ Իրականում, ամեն բան շատ պարզ է․ Նիկոլի թիմը պատերազմի ու պարտության թիմն է, նախկինները հաղթանակի ու խաղաղության թիմերը։ Չեմ գովերգում նախկինը, ճիշտ հասկացեք, ընդամենը փաստերն եմ արձանագրում՝ նախկինում ունեցել ենք հաղթանակներ, դրա արդյունքում արժանապատիվ խաղաղություն, հիմա ունենք նվաստացում՝ հերթական ցեղասպանության կանխատեսումով։ Խաղաղությունը միայն բառեր են, շատ ցանկալի, բայց միևնույն է՝ բառեր։

Այս ամենը նոր բան չէ, Նիկոլը մինչև իշխանության գալն էր ասում հողերը պետք է հանձնենք, իր գրքերում ու հոդվածներում էր ասում, ուղիղ ու ալեգորիաներով, որովհետև մարդը ի սկզբանե հանձնելու կողմնակից էր․ էդ հողերը ո՞նց էր հանձնելու, կամ թղթով, որը անհնար էր թվում, պատերազմով հանձնեց։ Այդպես մեղքը այլոց վրա գցելը հեշտ էր։ Խաղաղությունը, ժողովուրդ, փաստաթղթով բան չէ, դաշնակցի խոսք տալով չէ, բանավոր պայմանավորվելով չէ։ Խաղաղությունը նշանակում է լինել այնքան ուժեղ որ թշնամու մտքով չանցնի մտածի էլ, շատ ուզենա էլ, հետ կանգնի իր մտքից՝ իմանալով, թե ինչ կարող ես գլխին բերել։ Հիմա ձեռքներդ դրեք սրտներիդ ու խոստովանեք, այդպիսի՞նն է արդյոք նիկոլների պահած Հայաստանը։ Խաղաղություն էին էն տարիները, որովհետև դու իրականում ուժեղ էիր, քո վրա իրականում և փաստացի ռիսկ չէին անում հարձակվել, ուզած – չուզած խաղաղություն էր ու հենց դա արժանապատիվ խաղաղությունն էր։ Սրանք էսօր ստորագրեն խաղաղության պայմանագիրը, հաջորդ օրը, արդեն, մեղադրելու են ադրբեջանին խաղաղության պայմանագիրը խախտելու համար, Ռուսաստանին են մեղադրելու, Արևմուտքին, բոլոր-բոլորին՝ չհասկանալով որ դա երբեք էլ խաղաղություն չի ենթադրել։ Իրենց պատկերացրածը՝ ուզում են լրիվ ձեռքերը լվանալ, խաղաղության պայմանագրի կնքումով Հայաստանի սահմաններին ինչ-որ խաղաղապահներ կանգնեցնեն ու արդեն ինչ էլ լինի, գցեն ռուսի ջեբը․ իսկ իրենց պաշտպանության նախարարը գնա գյուղերում բուկլետ բաժանելու հերթական ՔՊ-ականի թեկնածության համար։ Մի ղեկավար, որը զենքը փոխարկնում է կլուբնիկով ու տռուսիկ-մայկայով, չի կարող հասկանալ խաղաղության ո՛չ  արժեքը, ո՛չ գինը։

Նիկոլ Փաշինյանը իրականում բացել է միայն մշտական պատերազմների էջ, Ադրբեջանը անընդհատ հարձակվելու է, մի կտոր պոկելու է, սրանք հայտարարելու են՝ կարող ա դա էլ  իրենցն էր։ Ընդ որում, իրենք խաղաղություն բառը դարձրել են թրքասիրության հոմանիշ։ Նիկոլն ասում է՝ Ադրբեջանն ուզում է էթնիկ զտում անել Արցախում, նույն օրը Նիկոլի օլիգարխը դիմում է իր թուրք ու ադրբեջանցի եղբայրներին, ասում՝ պետք է բարեկամություն անենք։ Մեր 5 հազար տղերքի համար ցավ չի հայտնել մի կես բերան, բայց ասում է՝ պետք է թուրքերի համար ցավանք։ Մեր երկրում էսքան թրքասեր, անթասիբ ե՞րբ է եղել։ Ի դեպ՝ որ թուրքերը եկան, առաջինը նրանց են կոտորելու, ովքեր ամենաբարձրն են խաղաղություն ու եղբայրություն գոռում, դա բնության ու պատմությունից եկած օրենք է։

Մեկ-մեկ խոսակցություն են անում, թե Քոչարյանը ռուսամետ էր, Նիկոլն արևմտամետ է և այլն և այլն։ Շատ սխալ դասակարգում է։ Եթե հարցնենք որտեղ եք տեսել Քոչարյանի ռուսամետությունը կամ Նիկոլի արևմտամետությունը, չեն էլ կարող պատասխանել։ Մեզ համար շատ կարևոր է, որ պետության ղեկավարը լինի պետականամետ ու հայամետ։ Նախ Նիկոլը, իմ կարծիքով, պարզապես փողամետ է և ուղնուծուծով հակապետական գործիչ։ Մենք տեսնում ենք, որ ադրբեջանցիները առաջ են գալիս, Նիկոլն ասում է՝ դա իրենց տարածքն է, ասում է՝ մեղավոր են նախկինները, մեղավոր է բանակը, մեղավոր են սա ու նա, ինքը կապ չունի․ անգամ Ադրբեջանցիներին մեղավոր չի ասում։ Հիմա նա հայամե՞տ է, թե՞ թրքամետ։ Պետական մարդը անգամ նախկինների սխալները կծածկեր, որ մեղադրեր թշնամուն, սա ասում է՝ խեղճ Ալիևն ի՞նչ անի, նախկիններն են մեղավոր, ուզած-չուզած պատերազմ սկսեց։ Երբ թշնամին կրակում է, մեր ՊՆ-ն քարոզարշավ է անում, նա արդյոք պետականամե՞տ է։ Երբ թշնամին մեր երկրում տամոժնյա է դնում, սրանք ասում են՝ դա մեր հողը չէ, պետականամե՞տ են այդ ասողները։ Երբ Նիկոլն ասում է՝ ցեղասխանության ճանաչման պահանջատերը միայն Սփյուռքն է, նա ինչ է, հայամե՞տ է։ Երբ Նիկոլը ուրախանում է, որ ժողովուրդը դարձել է տուգանքի մատերիալ, նա հայամե՞տ է։ Երբ ադրբեջանցիները հումանիտար աղետ են ստեղծում, Նիկոլն ասում է՝ եկեք գնահատական չտանք, նա թրքամետ չէ՞։ Երբ մարդուց թեկուզ և ապօրինի գույք են խլում ու դա տալիս են իրենց նշանակած օլիգարխին, դա պետականամետությո՞ւն է։ Ինձ համար անընդունելի է, որ Ռոբերտ Քոչարյանին ասում են ռուսամետ է։ Չէ, ժողովուրդ, նա ունի ընկերական հարաբերություններ ՌԴ նախագահի հետ, բայց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Հայաստանը շենացել է, երկրում տնտեսական հսկայական առաջընթաց է ապահովվել, ունեցել ենք սահմանների անվտանգություն, ունեցել ենք հավասարակշտռված և բարեկամական հարաբերություններ Արևմուտքի հետ, դա էլ ինչ-որ երկրիմետություն չէ, դա հենց պետականամետությունն է․ ապահովել բնականոն, նորմալ, բարեկամական (եթե հնարավոր է) հարաբերություններ բոլորի հետ, եթե այդպիսին է քո ղեկավարած պետության շահը։ Եթե այսօր ու վաղը պետք է որ երկրիդ ղեկավարը լինի ռուսամետ, որ մեր հարցերը լուծի ու ապահովի նորմալ կյանք, ես խնդրում եմ, որ նա լինի ռուսամետ, ընդունվի, վստահվի, հասկացվի ու լուծի մեր հարցերը, ար-ժա-նա-պա-տիվ։

Կարճ ասած՝ Հայաստանի խնդիրներից գլխավորն այն է, որ եր երկրի ղեկավար կազմը հայատեմտ չէ, պետականամետ չէ։ Նրանք պատրաստ են հանուն իրենց իշխանության, հանուն իրենց փողի ծառայել հազար ու մի ուժերի, ծառայել անգամ մեր թշնամիներին, բայց երբեք չեն ծառայի պետությանն ու ժողովրդին։ Այս իշխանության հետ ամենինչ պարզ է, իսկ մե՞նք, մենք արդյո՞ք արել ենք ամեն ինչ և անում ենք ամեն ինչ սա թույլ չտալու համար։

Երբեմն ասում են՝ ինչո՞ւ եք դա ասում ժողովրդին, ասեք ընդդիմությանը, իշխանությանը։ Ասում եմ իշխանությանը, ընդդիմությանը և հատկապես՝ ժողովրդին, որովհետև վաղը, հուսամ՝ շատ շուռտով, էլի կանգնեկու ենք ընտրական գործընթացի առաջ, ու ժողովուրդը այս անգամ պետք է գոնե չսխալվի։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ