15 03 2019

Բանակցային ձևաչափի փոփոխությունը քաղաքագետն այս պահին հնարավոր չի համարում

Բանակցային ձևաչափի փոփոխությունը քաղաքագետն այս պահին հնարավոր չի համարում

Այն, որ Արցախն ու Հայաստանն այսօր կանգնած են հող տալ-չտալու հարցի առաջ, թերևս հասկանում են բոլորը: Այս մտավախությունն առավել ցայտուն դրսևորվեց Արցախում ԱԽ հայտնի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթից հետո: Այս, ինչպես նաև համանախագահների հնչեցրած հայտարարության տողատակերի վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյանի հետ: Նաև նկատի առնելով, որ նշվածի հետ կապված Քոչարյանը մտավախություններ հայտնել էր դեռ մինչ Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությունը: Այսպիսով, Վիկտոր Սողոմոնյանի գնահատմամբ.

- Ինչ վերաբերում է վարչապետի ելույթին, ապա, իհարկե, կան հայտնի սկզբունքներ, որոնց շուրջ ընթանում են բանակցությունները: Այդ սկզբունքները, եթե ես ճիշտ հասկացա վարչապետի ելույթից, իր համար ընդունելի են, և ինքը չի փորձում դրանք փոխել, և հռչակված սկզբունքների հիման վրա պատրաստվում է գնալ բանակցությունների` թեև դրանք բանակցություններ չի համարում:

Երկրորդ մասը բանակցային ձևաչափի փոփոխությունն է, որը, ինչքան որ ես հասկանում եմ, այս պահին հնարավոր չէ. համենայնդեպս, համանախագահների հայտարարությունից կարելի է նման եզրակացություն անել: Այն, որ բանակցությունների ձևաչափը, ի վերջ, ինչ-որ մի փուլում պետք է փոխվի, և պետք է ընթանան բանակցություններ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների միջև, դա միանշանակ է, որովհետև դա է արտահայտում հակամարտության բուն ձւաչափը: Բայց ինչքանով է դա հիմա հնարավոր, ես չգիտեմ:

Ամփոփելով խոսքս` կարող եմ ասել, որ կցանկանայի ավելի պարզ մոտեցում լսել իշխանություններից, թե ինչ սկզբունքների հիման վրա և ինչ փիլիսոփայությամբ են առաջնորդվելու՝ բանակցություններին մասնակցելիս: Սա մի կողմից, մյուս կողմից, եթե ձևաչափի, կամ սկզբունքների փոփոխություն է տեղի ունենալու, ինչպես որ հայտարարում են, ապա ի՞նչ ճանապարհով, ինչպե՞ս են դա նրանք անելու: Որովհետև դա մեծ նշանակություն ունի. մենք կարող ենք տարբեր ցանկություններ հայտնել, բայց ճանապարհը չիմանալով, դրանք չկարողանանք իրականացնել, ավելին` վնաս տալով գործընթացին:

- Եթե ապրիլյան պատերազմից հետո համանախագահները հայտարարեցին, որ բանակցային վերջին փուլին Արցախը պետք է մասնակցի, ապա օրերս արված հայտարարությունում լրիվ հակառակ պատկերն է: Ինչո՞ւ:

- Դրանք տարբեր գործընթացների արդյունք են: Ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանը խիստ հակակառուցողական դիրքերից է հանդես գալիս, և նրա հանդեպ պետք է զսպումների տարբեր մեխանիզմներ կիրառվեն: Եվ համանախագահների այն տարիների հայտարարություններն այդ միտումը և այդ մտավախությունը հստակ արտահայտում էին: Հայկական դիվանագիտությունը այն տարիներին կարողացել էր այնպես անել, որ միջազգային հանրությունը հասկացել էր, որ ի դեմս Ադրբեջանի, գործ ունենք, այսպես ասած, կոպիտ ագրեսորի հետ: Այլ խոսքով, հայկական դիվանագիտությունը հասել էր նպատակին: Հիմա ինչո՞ւ է փոխվել այդ տոնայնությունը, դա ևս կարելի է ենթադրել: Որովհետև իրադարձությունները, որոնք տեղի են ունենում այսօր ՀՀ-ում, այն վերաբերմունքը, որը ցուցաբերվում է ե´ւ Արցախի, ե´ւ Արցախի հերոսների հանդեպ, ինչպես նաև մի շարք այլ գործոններ, իրենց անդրադարձը գտնում են համանախագահների հայտարարություններում:

Իլոնա Ազարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ