էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է․
Իշխանական շրջանակները, իսկ այսօր նաև ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն շարունակում են տարածել այն միֆը, որ ԵՄ կողմից Հայաստանին 2,6 մլրդ եվրո տրամադրելու որոշումը պայմանավորված է ներհայաստանյան քաղաքական իրողություններով, մասնավորապես՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Ընդ որում, այս միֆը սնուցելու համար պարբերաբար խոսվում է նույն ծրագրի շրջանակներում ԵՄ կողմից Ադրբեջանին ընդամենը 150 մլն եվրո տրամադրելու որոշման մասին:
Լավ, այսքան մակերեսային ե՞ն ձեր պատկերացումները եվրոպական ինտեգրման մասին:
ԵՄ-ն այսօր առավել պրագմատիկ է քան երբևէ: Ադրբեջանին նման սիմվոլիկ գումար հատկացնելուն զուգահեռ ԵՄ-ն Բաքվի հետ իրականացնում է այնպիսի երկարաժակետ ռազմավարական ծրագրեր, որոնք արդեն հսկայական ֆինանսական միջոցներ են գեներացնում: Այդ ծրագրերից նշեմ միայն երկուսը.
1. ԵՄ անմիջական քաղաքական ու տնտեսական աջակցության ներքո կյանքի կոչված ու արդեն գործող ՛՛Հարավային գազային միջանցք՛՛ մեգանախագիծը մինչև 2046 թ. Ադրբեջանին բերելու է շուրջ 40 մլրդ դոլարի եկամուտ:
2. Առավելապես եվրոպական ընկերություններից բաղկացած կոնսորցիումի կողմից ադրբեջանական Ազերի-Չերագ-Գյունեշլի նավթագազային հանքավայրերի խմբում արդյունահանման աշխատանքների իրականացման արդյունքում Ադրբեջանի նավթային հիմնադրամը 2001-2020 թթ. ստացել է մոտ 150 մլրդ դոլարի եկամուտ:
Վերջ տվեք չափից դուրս իդեալիզացնել ԵՄ֊ն: Միության ցանկացած որոշման տակ չոր հաշվարկ է, որը մենք ևս պետք է սովորենք հասկանալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը