Խոստանալով 10% տնտեսական աճ՝ նախարար Քերոբյանը զբաղվում է պարզունակ մանիպուլյացիայով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վահե Դավթյանը:
«Դասագրքային ճշմարտություն է, որ ՀՆԱ-ն լինում է նոմինալ ու իրական:
Նոմինալ ՀՆԱ-ն ներառում է բոլոր ապրանքների ու ծառայությունների վերջնական արժեքը՝ արտահայտված ընթացիկ շուկայական գներով: Նոմինալ ՀՆԱ-ն աճում է ինֆլյացիայի հետևանքով, քանի որ բարձրանում են ապրանքների ու ծառայությունների գները:
Մինչդեռ իրական ՀՆԱ-ն թողարկված արտադրանքի փաստացի ծավալն է, որը հաշվարկված է բազիսային տարվա գներով:
Այսպիսով, նոմինալ ՀՆԱ-ի տեսանկյունից՝ 10% տնտեսական աճը առավել քան իրատեսական է՝ հաշվի առնելով առկա գնաճը, որը այս տարվա հունվար-հուլիս ամիսներին կազմել է 6,1% ու որը շարունակվելու միտումներ է դրսևորում:
Այս տնտեսական միֆը կոչված է լրացնելու այն ծրագրային ու ռազմավարական դատարկությունը, որն առկա է կառավարության տնտեսական քաղաքականության ոլորտում: Մարքեթինգից, սակայն, հայտնի է, որ ցանկացած միֆ ունի կյանքի ցիկլ: Տնտեսական աճի մասին միֆն այժմ այդ ցիկլի վերջին՝ անկման փուլում է: Այն վերակենդանացնելու ու նոր ցիկլ սկսելու համար անհրաժեշտ էր դեռ նախորդ՝ հասունության փուլում դրան նոր բովանդակություն ու նպատակադրում հաղորդել: Ու քանի որ դա չարվեց, տնտեսական միֆաբանության ոլորտում այս իշխանությունների մոտ առաջիկայում լուրջ վակուումային վիճակ է սպասում»,- գրել է Դավթյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը