14 06 2021

Մնաց 6 օր․ կեղծ խոստումների, տապալվածների եռամյա սև էջը փակվում է. Թադևոս Ավետիսյան

Մնաց 6 օր․ կեղծ խոստումների, տապալվածների եռամյա սև էջը փակվում է. Թադևոս Ավետիսյան

Իշխանությունը հեծնածների այս խմբակը 2018թ․-ին խոստանում էր տնտեսական հեղափոխություն, ՀՆԱ-ի տարեկան միջինը 9,5 տոկոս աճ, հիմա էլ՝ առնվազն 7 տոկոս։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ-ական տնտեսագետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու, տնտեսագետ, իրավագետ Թադևոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փոխարենը՝ ուղիղ այդ չափով ավելացրել են պետական պարտքը։

2018թ․-ի համեմատ 2020թ․-ին Հայաստանի Հանրապետության պետական պարտքն աճեց 815,5 միլիարդ դրամով կամ 27 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն՝ 10 անգամ պակաս չափով՝ 2,8 տոկոսով։

Իրենց համատարած տապալումների հետևանքով թռիչքաձև աճեց պետական պարտքի բեռը․ ապիկար կառավարում և տոտալ անպատասխանատվություն, անսահման պոպուլիզմ և անաշխատ պարգևատրումներ, պինցետով և օղիով COVID-19-ի «դեմ պայքար», հրահրված պատերազմ, խայտառակ պարտություն և այլն։ Այսպիսով գողացան նաև մեր երկրի զարգացման ապագա ներուժից։

2018թ․-ին խոստացել էին նաև օտարերկրյա ներդրումների բում։

Փոխարենը՝ նախորդ երեք տարիներին կապիտալը փախնում է երկրից։

2019թ.-ին նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը նվազել է 0,4 տոկոսով, իսկ ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքը՝ 41,9 տոկոսով, վերաներդրումները՝ 30 տոկոսով։ 2019թ.-ին Վրաստանում գրանցվել է շուրջ 6,5 անգամ ավել չափով ՕՈՒՆ-ի ներհոսք, քան Հայաստանում: Իսկ արդեն 2020թ․-ին արձանագրված բացասական մնացորդ՝ ՕՈՒՆ-ի արտահոսքը շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլարով գերազանցեց ներհոսքին:

2018թ․-ին խոստացել էին աղքատության էական կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում։ Հիմա էլ են խոստանում՝ կրկնակի նվազեցնել աղքատությունը։

Փոխարենը՝ ահագնացող գնաճը խժռում է մարդկանց իրական եկամուտները։

2020թ․ հունվարի 1-ից հետո սննդամթերքի միջին գներն աճել են 13 տոկոսով, միջին կենսաթոշակը բարձրացել է 2 անգամ պակաս չափով։

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 1,5 անգամ ավել է կենսաթոշակի միջին չափից, իսկ 2,5 անգամ՝ նվազագույն չափից։

2018թ․-ի համեմատ՝ 2019թ․-ին աղքատության մակարդակն աճեց 3 տոկոսային կետով՝ դառնալով 26,4 տոկոս։ Համաշխարհային բանկի գնահատմամբ 2020թ․-ին աղքատության մակարդակն աճել է 7 տոկոսային կետով։

Եկան իշխանության ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հեռանում են՝ ամեն երրորդն է աղքատ։

Ժողովրդագրական բացասական միտումները ևս սաստկացել են։ 2020թ․-ին արդեն եղավ աննախադեպ բացասական արձանագրում՝ մահերը գերազանցեցին ծնվածների թվաքանակը։ Բնակչության բնական հավելաճի բացասական արձանագրումը շարունակվում է նաև այս տարի։ 2021թ․ հունվար-ապրիլին՝ 238-ով ավելի շատ մարդ է մահացել, քան ծնվել է, Հայաստանից շուրջ 78 հազարով ավելի շատ մարդ է մեկնել, քան ժամանել է։

2021թ․-ի հունիսի 21-ին բացվելու է բացվելու է նոր ճանապարհ՝ ԴԵՊԻ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ։

Հրատապ կասեցվելու է այս աղետալի անկումը, բուժելու ենք մեր վերքերը, ունենալու ենք ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ խաղաղություն և ԹՌԻՉՔԱՁԵՎ զարգացում։

«Հայաստան» դաշինքի նշանակետն է՝  առաջին տարում ապահովել առնվազն 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, իսկ 5 տարում՝ առնվազն 3 միլիարդ դոլարի։

«Հայաստան» դաշինքը սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմքում դնելու է կենսապահովման նվազագույն բյուջեն՝ եկամուտների ինդեքսավորման գաղափարը։

Անապահով ընտանիքների աշխատունակ անձանց համար պետական լիարժեք աջակցությամբ ապահովելու ենք կայուն զբաղվածություն՝ արժանապատիվ վաստակով։

Մենք Հայաստանը դարձնելու ենք ապրելու և հայրենադարձության երկիր։

Հաջորդ երեխայի ծնունդը ընտանիքում դառնալու է զարգացման, սեփական երկրում ամրանալու իրական հնարավորություն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ