2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 32,1 մլրդ ՀՀ դրամի տեքստիլ արտադրանք (մանածագործական, հագուստի և կաշվե արտադրատեսակներ), ինչը 5%-ով (30.5 մլրդ ՀՀ դրամ) ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տեքստիլ ոլորտը զբաղեցնում է ընդհանուր արդյունաբերության ընդամենը 1,55%-ը: Համեմատության համար նշենք, որ սննդի արդյունաբերությունը կազմում է շուրջ 26,3% (545.0 մլրդ ՀՀ դրամ):
Նոր կորոնավիրուսային համավարակի և պատերազմական գործողությունների պայմաններում տեքստիլ արտադրանքի աճը կարող է պայմանավորված լինել այս լորտում տնտեսական գործունեություն իրականացնող հիմնականում փոքր և միջին ձեռնարկությունների կողմից դիմակների և բժշկական պարագաների, ինչպես նաև զինվորական հագուստի և ռազմական նշանակության այլ պարագաների զանգվածային արտադրությամբ։
Տեքստիլի ոլորտի աճը, պայմանավորված զուտ ներքին սպառմամբ, հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ 2020 թվականին Հայաստանից հագուստի արտահանումը կրճատվել է 37 մլն ԱՄՆ դոլարով կամ 22,3 տոկոսով՝ կազմելով 128,6 մլն ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ տեքստիլ արտադրանքի աճը հիմնականում սպառվել է Հայաստանում։ Բացի այդ, Հայաստանից մեծ քանակությամբ վերարտահանում ունենք։
Այսօր տեքստիլ ոլորտում գործունեություն են իրականացնում երկու տեսակի արտադրողներ՝ օտարերկրյա ընկերություններին կարի ծառայություններ մատուցողներ (Իտալիա, Գերմանիա) և սեփական արտադրանք արտադրողներ: Սեփական արտադրանք արտադրող ընկերությունները արտադրությունը տեղակայում են ինչպես խորհրդային ժամանակներից պահպանված գործարաններում, այնպես էլ նոր հիմնված արտադրամասերում: Վերջիններս հիմնականում իրենք են ներմուծում հումքը և մոդելավորում արտադրանքը: Միաժամանակ, նկատենք, որ տեքստիլ արդյունաբերությունը բավականին աշխատատար ոլորտ է, որտեղ ստեղծվում են աշխատատեղեր ոչ բարձր որակավորում ունեցող և համեմատաբար էժան աշխատուժի համար: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ նշված ոլորտում աշխատում են հիմնականում կանայք, ապա կարելի է եզրահանգել, որ տեքստիլ արդյունաբերության զարգացումը հիմք կարող է հանդիսանալ կանանց զբաղվածության և դրանից բխող մի շարք սոցիալ–տնտեսական հիմնախնդիրների լուծման համար:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը