05 02 2021

Համաշխարհային բանկը Հայաստանի առողջապահության համակարգին 7,4 միլիոն դոլար վարկ է տրամադրում

Համաշխարհային բանկը Հայաստանի առողջապահության համակարգին 7,4 միլիոն դոլար վարկ է տրամադրում

«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի 7,4 միլիոն դոլար գումարով լրացուցիչ ֆինանսավորումը, որն այսօր հաստատվել է Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների կողմից, կնպաստի Հայաստանի առողջապահական համակարգի հակազդեցությանը կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) և հնարավոր ապագա համավարակներին, այդ թվում՝ դեպքերի վարման և ինտենսիվ թերապիայի հետ կապված հիվանդանոցային կարողություններին։

Ծրագրի աջակցությամբ Հայաստանի կառավարությունը կլրացնի Գեղարքունիքի մարզում Մարտունու բժշկական կենտրոնի շինարարության և սարքավորումներով հագեցման և Վայոց Ձորի մարզում նոր բժշկական կենտրոնի կառուցման և սարքավորումներով հագեցման ֆինանսական ճեղքը։

Առկա են հիվանդանոցային բուժօգնության ապահովման սուր խնդիրներ, հատկապես՝ Վայոց Ձորի մարզում, որտեղ տասնամյակներ շարունակ հիվանդանոցային ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ ներդրումներ չեն կատարվել։ Վայոց Ձորի մարզում համավարակի ընթացքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կլինիկական վարման համար հիվանդանոցային հզորությունների սահմանափակումներով պայմանավորված՝ ինտեսիվ թերապիա պահանջող դեպքերը տեղափոխվել են շրջակա մարզերի հիվանդանոցներ՝ առաջացնելով ծառայությունների հասանելիության ուշացումներ և մահացության ռիսկի բարձրացում։

«Հայաստանի առողջապահական բարեփոխումներին ուղղված մեր աջակցության հիմքում առողջապահական որակյալ ծառայությունների մատուցման հզորացումն է, - ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն։ - Ինձ հատկապես գոհացնում է այն, որ ծրագիրը Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզի ավելի քան 137 000 բնակչի կապահովի որակյալ բժշկական օգնությունից օգտվելու հնարավորությամբ։ Մեծ հպարտություն եմ զգում նաև մեր օգնությամբ կառուցված և սարքավորումներով հագեցված մարզային բժշկական կենտրոնների թվի համար՝ ընդհանուր թվով 18 կենտրոն, ինչը Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև երկարատև համագործակցության արդյունքն է»։

Այս ներդրումները, որոնք հաշվի են առնում համավարակի ընթացքում քաղած դասերը՝ կապված առողջապահական ավելի ներառական համակարգեր ստեղծելու հետ, կնպաստեն առաջիկայում ՀՀ առողջապահության համակարգի դիմակայունության ամրապնդմանը։

«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակը ցույց տվեց հիվանդանոցային բուժօգնության և առողջության պահպանման առաջնային օղակներում որակյալ բուժօգնության համընդհանուր հասանելիության խիստ կարևորությունը՝ ոչ վարակիչ հիվանդություններին արձագանքելու, վարակիչ հիվանդությունների տարածումը հայտնաբերելու և վաղաժամ մահացությունը կանխարգելելու համար,- ասաց ծրագրի մասով Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, դկտ․ Ադանա Չուկվուման։ - Սույն ծրագրի միջոցով տրամադրվող աջակցությամբ կկրճատվի անհրաժեշտ ծառայություններից օգտվելու ժամանակն ու ծախսը՝ հատկապես Վայոց Ձորի թերսպասարկվող մարզում»։

7,4 միլիոն դոլար գումարով Լրացուցիչ ֆինանսավորումը փոփոխական սպրեդով ՎԶՄԲ վարկ է, որի արտոնյալ ժամկետը 14,5 տարի է, իսկ մարման ընդհանուր ժամկետը՝ 25,5 տարի։ 1992 թ․-ին Համաշխարհային բանկին, իսկ 1993 թ․ ՄԶԸ անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ընդհանուր հանձնառությունները մոտավորապես 2,434,734 միլիոն դոլար են կազմել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ