Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ ստորադաս փոխառություն են կնքել` մինչև 25 միլիոն ԱՄՆ դոլարի ավելացման հնարավորությամբ: «Բազել III»-ի չափանիշների շրջանակում այդ վարկային միջոցները բավարարում են լրացուցիչ կապիտալի գործիքների պահանջներին և ուղղված են Բանկի ընդհանուր նորմատիվային կապիտալի գծով դիրքի ամրապնդմանը:
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում «Սիմբիոտիքս» կազմակերպության մեր գործընկերների հետ փոխհարաբերությունները և ուրախ ենք շարունակել համագործակցությունն այս երկարաժամկետ ստորադաս փոխառության շրջանակներում: Ներգրավվող միջոցները կօգնեն մեզ ոչ միայն պահպանել վարկային պորտֆելի աճը, այլև անչափ պահանջված աջակցություն ցուցաբերել Հայաստանում գործող ձեռնարկություններին այս դժվարին ժամանակաշրջանում: Վարկը տրամադրվել է ճիշտ ժամանակին, երբ ոլորտի կարգավորող մարմինը խրախուսում է բանկերին նորմատիվային կապիտալի գործիքների միջոցով կապիտալ ներգրավել, և մենք դեռ այս տարի նախատեսում ենք իրականացնել նորմատիվային կապիտալի ներգրավման այլ ծրագրեր: Սա նաև կարևոր քայլ է մեր կողմից առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) իրականացնելու ճանապարհին, և ես ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Ամերիաբանկի նկատմամբ իրենց վստահության և շարունակական աջակցության համար»:
«Այս գործարքի շրջանակում մեր հիմնական ներդրող «C-Quadrat» ընկերության հետ ուրախ ենք աջակցել մեր երկարամյա գործընկեր Ամերիաբանկին` համաճարակի պայմաններում նորմատիվային կապիտալ ներգրավելու գործում: Տնտեսության ոլորտի համար այս դժվարին ժամանակաշրջանում ակնկալում ենք համատեղ ուժերով տեղական միկրո` փոքր և միջին ձեռնարկություններին ապահովել ֆինանսական միջոցների հասանելիություն», - նշեց ԵԿԱ (Եվրոպա և Կենտրոնական Ասիա) և ՄԱՀԱՊ (Միջին Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Աֆղանստան և Պակիստան) գծով Սիմբիոտիքսի տարածաշրջանային համաղեկավար Սոֆյա Տուլուպովան:
«Ավելի քան տասը տարի շարունակ Vision Microfinance-ը հնարավորություն է ընձեռում զարգացող երկրների բնակիչներին էապես բարելավել իրենց կենսապայմանները: Դա հնարավոր է դարձել Սիմբիոտիքսի հետ համագործակցության և տարիների ընթացքում ձևավորված տեղական ֆինանսական հաստատությունների հուսալի ցանցի շնորհիվ: Ամերիաբանկը մեր ներդրումային ցանցում ներառված ամենաբարձր վարկանիշ ունեցող գործընկեր հաստատություններից մեկն է, և մենք ուրախ ենք, որ այս վարկի միջոցով մեզ հաջողվեց ճիշտ ժամանակին աջակցել Բանկին: Տվյալ վարկի միջոցները կծառայեն Հայաստանի քաղաքային և գյուղական բնակավայրերում գործող` Բանկի ՄՓՄՁ հաճախորդներին ֆինանսավորելու նպատակին», - նշեց «C-QUADRAT Impact Asset Management» ՍՊԸ հիմնադիր, ղեկավարող գործընկեր և ՏՏ գծով տնօրեն Գյունթեր Կաստները:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրում թվայնացման ուղղությամբ զարգացող ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքը: Լինելով Հայաստանում առաջին ներդրումային բանկը` Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է նորարարական կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.ameriabank.am
«Սիմբիոտիքս» ԲԸ
Սիմբիոտիքսն ազդեցիկ ներդրումների շուկային հասանելիություն ապահովող առաջատար հարթակ է, որի միջոցով իրականացվում է զարգացող և սահմանային շուկաներում գործող միկրո` փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև ցածր և միջին չափի եկամուտ ունեցող տնային տնտեսությունների ֆինանսավորում: 2005թ. ի վեր Սիմբիոտիքսը մշակել և իրականացրել է քան 5.5 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով մոտ 4,000 գործարք շուրջ 90 զարգացող և սահմանային շուկաներում գործող ավելի քան 450 ընկերությունների համար: Այդ ներդրումները գնվել են ավելի քան 25 հիմնադրամների և երրորդ կողմ հանդիսացող ավելի քան 50 մասնագիտացված հիմնադրամների կառավարիչների կողմից` ստեղծելով զարգացող էկոհամակարգ և նմանատիպ գործարքների իրականացման շուկա: symbioticsgroup.com
DUAL Return Fund/C-Quadrat
Dual Return Fund - Vision Microfinance-ը նպաստում է կայուն զարգացմանն ամբողջ աշխարհում` գործելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) մեծ մասի իրականացման ուղղությամբ: Ընկերության կողմից 67 երկրներում գործող 303 միկրոֆինանսական հաստատություններին տրամադրվել է ավելի քան 1.77 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի չափով 1123 վարկ, որոնց միջոցները բաշխվել են ավելի քան 2,5 միլիոն միկրո ձեռնարկատերերի, այդ թվում` նրանց ընտանիքների միջև: www.visionmicrofinance.com
Dual Return Fund հիմնադրամի ներդրումային կառավարիչ C-Quadrat Impact Asset Management ընկերությունը (Ավստրիա) հանդիսանում է ակտիվների կառավարման բնագավառում գործող առաջատար անկախ ընկերություն գերմանախոս տարածաշրջանում: Ընկերությունը մասնագիտացած է ակտիվների տեղաբաշխման, բացարձակ եկամտի վերլուծության և կառավարման, կայուն ներդրումների և միկրոֆինանսավորման հիմնադրամների կողմից առաջարկվող պրոդուկտների տրամադրման ոլորտներում: www.cq-am.com
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը