09 11 2020

ԵՄ-ն Հայաստանում COVID-19-ի հետևանքների չեզոքացման համար տրամադրում է ավելի քան 35 մլն եվրոյի դրամաշնորհ

ԵՄ-ն Հայաստանում COVID-19-ի հետևանքների չեզոքացման համար տրամադրում է ավելի քան 35 մլն եվրոյի դրամաշնորհ

Այսօր Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը COVID-19 համավարակի արձագանքմանը աջակցելու նպատակով Հայաստանին 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։

Տրամադրված աջակցության վերաբերյալ հայտարարության ամբողջական տեքստը ստորև.

«Եվրոպական միությունը տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ուղղված Հայաստանում COVID-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

Այսօր Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը ՔՈՎԻԴ-19 համավարակի արձագանքմանը աջակցելու նպատակով Հայաստանին 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ ԵՄ որոշումը առանձին ոլորտներում, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսական կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է:

Այն հանդիսանում է նախորդ տարվա ապրիլին հայտարարված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 92 մլն եվրո օժանդակության փաթեթի բաղկացուցիչ մասը, որը COVID-19 համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով վերաբաշխվել և համալրվել է նոր ֆոնդերով՝ ուղղված մեղմելու համաճարակի՝ հայ ժողովրդի վրա ունեցած հետևանքները:

Կատարելով ֆինանսական ուղղակի ներդրում՝ ընդգծում և աջակցում ենք ՀՀ կառավարության գովելի ջանքերը՝ ուղղված աշխատատեղերի պահպանմանը, ՓՄՁ-ներին աջակցությանը, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19 համավարակից առավել տուժած անձանց համար առողջապահական և սոցիալական հիմնարար ծառայությունների ապահովմանը: Այսօր հայտարարված աջակցությունը տրամադրվում է ի լրումն ՔՀԿ-ների և եվրոպական ֆինանսական հաստատությունների միջոցով տրամադրվող աջակցության այլ գործիքներին՝ ուղղված խոցելի տնային տնտեսություններին և տնտեսավարողներին օժանդակությանը:

«Այսօր, երբ աշխարհն առերեսվում է COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված բազմաշերտ ճգնաժամին, մենք բարձր ենք գնահատում ԵՄ աջակցությունն՝ ուղղած Հայաստանում համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքների լուծմանը: Այս պատեհաժամ հատկացումը Եվրամիության հետ մեր արդյունավետ համագործակցության դրսևորումն է, և ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կբարձրացնենք COVID-19 ճգնաժամի նկատմամբ Հայաստանի դիմակայունությունը», նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Այս ուղղակի բյուջետային աջակցության հատկացումը Հայաստանում COVID -19-ի դեմ պայքարի ուղղությամբ ԵՄ-ի և իր քաղաքացիների կուռ նվիրվածության ևս մեկ շոշափելի ապացույցն է: Եվրոպական միությունն ու իր անդամ պետությունները նպաստում են Հայաստանի առողջապահական համակարգի ամրապնդմանը և COVID-19-ի հետևանքով առաջացած հրատապ հումանիտար և տնտեսական հետևանքների հակազդմանը: Մենք կիսում ենք մարտահրավերը և միայն միասնաբար կկարողանանք հասնել հաջողության»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն.Գ․ Անդրեա Վիկտորինը։

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։ Այն համատեղում է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական ֆինանսական հաստատությունների ռեսուրսները` աջակցելու գործընկեր երկրներին, ինչպես նաև արձագանքելու նրանց կարճաժամկետ կարիքներին և հասարակության ու տնտեսության վրա երկարաժամկետ կառուցվածքային ազդեցություններին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ