Թուրքական ապրանքների ներմուծման մերժումը մեր շուկայի վրա չի բացառվում գնաճի ռիսկեր առաջացնի․ այս համոզմունքն ունի տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը: «Բայց սա բացառապես քաղաքական որոշում է, հետևաբար մեր տնտեսության վրա դրա ազդեցության գնահատման մասին այս պահին որևէ խոսք լինել չի կարող»,- ասում է Ֆարմանյանը և ընդգծում, որ այդ որոշման տնետսական–սոցիալական բաղադրիչի ազդեցության ճշգրիտ գնահատումները իրականում չկան, քանի որ դեռևս հստակ չէ՝ բիզնես միջավայրն իր համար նոր կոմունիկացիաներ ինչ ուղղություններով կնախընտրի գտնել:
«Չինականով փոխարինելու այլընտրանքը, բնականաբար, կա, բայց չինական շուկան չի կարող լինել բոլոր ապրանքատեսակների միակ մատակարարը:
Ի վերջո, Թուրքիայից Հայաստան ներկրվողը միայն հագուստ ու ցիտրուս չէր, թեթև արդյունաբերական, քիմիայի արդյունաբերության, նավթ-նավթամթերքի, շինանյութի կենցաղային տեխնիկայի, մեխանիզմների, մեքենաների ներկրման շուկա էր դա մեզ համար, իսկ թե այս կարճ ժամանակում տնտեսվարողներից ով-ինչ կապեր կստեղծի իր հետագա գործունեությունը չդադարեցնելու համար՝ կմտնի ԵԱՏՄ շուկա, Պարսից ծոցի երկրներ, թե Չինաստան, դա ժամանակի կարգավորվման հարց է ու դրա տնտեսական էֆեկտը կզգանք շատ ավելի ուշ»:
Ինչ վերաբերում է թուրքականը չինականով փոխարինելու գաղափարի ակտիվ ջատագովներին, որոնց շրջանում, ի դեպ, պետական պաշտոնյաներ կան, տնտեսագետը նրանց խորհուրդ է տալիս նույն եռանդով խրախուսել տեղական արտադրանքը և մեր արտադրողներին ապավինելու քաղաքականություն մշակել:
«Թուրքական ապրանքի ներմուծման արգելանքին զուգահեռ, հրաշալի կլիներ նաև որոշակի քայլեր ձեռնարկվեին տեղական արտադրանքը խթանելու պետական քաղաքականության տեսանկյունից: Շատ դեպքերում փոխարինող կարող է դառնալ մեր արտադրանքը, տեղականը միանգամայն հնարավոր է դիտարկել որպես այլընտրանք:
Մենք բավականին որակյալ շինանյութ ենք արտադրում, ունենք մրցունակ քիմիական նյութեր, թեթև արդյունաբերության ճյուղում զարմագացման տենդենցը կա, և եթե այս իրավիճակում ինչ-ինչ արտոնություններով մեր արտադրանքը խթանվի, ապա չի բացառվում, որ շուկայում ստեղծվող բացը լրացվի մեր ներքին ռեսուրսների հաշվին: Սա շղթայաբար էֆեկտիվ ազդեցություն կունենա տնտեսվարողի, պետության սպառողի ու աշխատաշուկայի վրա»,- ասաց տնտեսագետը։
Նշենք, որ ամեն տարի թուրքական ապրանքի ներմուծման շրջանառությունը կազմել է միջինը շուրջ 270 մլն դոլար: Նշենք, ՀՀ կառավարությունն իր այս որոշման մասին ծանուցելու է ԵԱՏՄ երկրներին, ոչ թե համաձայնեցնելու, այլ զուտ տեղյակ պահելու համար և ակնկալում է, որ տարածաշրջանում մեկ ամիս եռացող պատերազմական դրության ֆոնին գործընկեր մյուս երկրները ևս որոշակի պատժիչ քայլեր ձեռնարկեն թուրքական ապրանքի շրջանառության համար
Հիշեցնենք՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը օրենքով ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ից, ՀՀ Կառավարությունը որոշումն արդեն ընդունել է: Իսկ դա նշանակում է, որ ներմուծողներն ունեն 2 ամիս ժամանակ՝ իրենց նոր գործընկերներին այլ երկրներում գտնելու և ներկրումների նոր գործարքների համար: Մինչ այդ՝ ներկրված ապրանքը սպառելու ու նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին Թուրքիայից ներկրվող ապրանքի իրացման վրա արգելանք չի դրվի՝ մինչև որ վերջնականորեն այն կսպառվի:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը