Թուրքական ապրանքներից հրաժարվելու առաջարկները ինչ-որ տեղ օբյեկտիվ են․ այդ հուզականությունը, աշխարհաքաղաքական ու այլ հանգամանքներ հաշվի առնելով, բնակչությունն ինքնակամ գնացել է այդ երկրի արտադրանքից հրաժարվելու քայլին, սակայն սխալ է, որ դա թողնվում է սպառողների հայեցողությանը։ Yerevan.Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
Տնտեսագետի կարծիքով, շատ ավելի արդյունավետ կլինի, որպեսզի պետական մակարդակով քննարկումներ իրականացվեն և ի վերջո հասկանան՝ էմբարգո դնո՞ւմ են թուրքական ապրանքների վրա, թե՝ ոչ։ Այսինքն, պետական մակարդակով արգելո՞ւմ են թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ՀՀ, թե՝ ոչ։
«Հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, մենք ուղղակի պարտավոր ենք գնալ դրան, թեպետ հասկանում ենք, որ շատ հաճախ թուրքական ապրանքի այլընտրանքը համեմատաբար ավելի բարձ գնով արտադրանք ունենալն ու սպառելն է, բայց ամեն դեպքում պետությունը պետք է գնա դրան, այլ ոչ թե թողնի առանձին քաղաքացիների հայեցողությանը»,- ասաց տնտեսագետը։
Անդրադառնալով հարցին, որ թուրքական ապրանք ներկրողներն են հայտնվել փաստի առջև, Կառլեն Խաչատրյնաը նկատեց, որ պետական մակարդակով խնդիրը կարգավորելու դեպքում, պետք է արգելք դրվի հետայսու ներմուծվող ապրանքների վրա․ «Իսկ այն ապրանքները, որոնք մինչ այս պահը տարիներ ի վեր անխափան մատակարման շղթաներով ներմուծվել է, պետք սպառվի, քանի որ փաստացի դրա գումարը արդեն վճարվել է, և այդ ապրանքները չսպառելը ոչ թե հարվածի տակ է դնում թուրքական ընկերություններին, այլ՝ մեր տնտեսվարողներին, ովքեր վճարել են այդ ապրանքի դիմաց և բերել են Հայաստան»։
Տնտեսագետի կարծիքով, միանգամից այդ ապրանքներից հրաժարվելը կարող է կաթվածահար անել տնտեսությանը, ուստի պետք է փուլ առ փուլ գնալ այդ ճանապարհով։
Երկրում ռազմական դրության պայմաններում տնտեսական իրավիճակի մասին խոսելով, Կառլեն Խաչատրյանը նկատեց, որ առանց տնտեսության բնականոն աշխատանքի, ռազմական ծախսերի, ռազմական մատակարարումների առումով կարող են խնդիրներ առաջանալ․ «Որքան էլ մեր առաջնային ուշադրությունը ռազմական խնդիրներն են, այդուհանդերձ թիկունքում պետք է գործարարը կամ աշխատողը ավելի լավ աշխատի, ավելի մեծ բարիք ստեղծի, որպեսզի կարողանանք այն խնդիները, որոնք առաջնագծում դրված են՝ անհրաժեշտ ռեսուրսներ ունենանք իրականացնելու։ Առաջնային է ոչ թե ուղղակի գնումներ կատարելը, այլ շատ կարևոր է գնումներ կատարել այնպիսի ապրանաքների, որոնք ստեղծված և արտադրված են Հայաստանում։ Շատ կարևոր է հայրենական արտադրանքը օգտագործել թեկուզ ավելի թանկ գնով , քանի որ դրա էֆեկտը տնտեսության վրա ու մուլտիպլիկատիվ էֆեկտը շաղթայական ավելի մեծանում է։ Դրանով ըստ էության շղթայաբար բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաև սոցիալական խնդիրներ են լուծվում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը