09 09 2020

Մեր արտադրության համակարգում էական կառուցվածքային փոփոխություններ չկան․ Արա Գալոյան

Մեր արտադրության համակարգում էական կառուցվածքային փոփոխություններ չկան․ Արա Գալոյան

Սոցիալ-տնտեսական վիճակի հերթական հաշվետվության հրապարակումը հարկավ անհետևանք կանցնի: Հանրությանն ու մամուլին կրկնությունները հետաքրքիր չեն: Իսկ հունվար-հուլիսի սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող հաշվետվությունը միմիայն առանձին դրվագներով է տարբերվում մեկ ամիս առաջ հրապարակվածից:

Այն, որ մեր իշխանությունների ամենասիրելի մակրոտնտեսական ցուցանիշը անկում է ապրելու, հաշվարկելի էր: Հիմա պարզապես արձանագրենք՝ ՏԱՑ-ը հուլիսին այս տարվա ամենացածր կետում է` 94.3 տոկոս (նախորդ տարվա հուլիսի համեմատ):

Արդյունաբերական արտադրանքի ծավալը տարվա առաջին կեսին բարձր էր` 102 տոկոս (2019-ի հունվար հունիսի համեմատ): Բայց հուլիսի 2.3 տոկոսանոց անկումը արդյունաբերական արտադրանքի ցուցանիշն էլ նվազեցրեց՝ դարձնելով 101.3 տոկոս: Բայց միևնույն է այդ աճ ասածը կրկին հանքահումքային արդյունաբերության, բացահանքերի շահագործման և մետաղական խտանյութերի արտադրության աճի հաշվին է: Դա վկայում են հետևյալ պաշտոնական թվերը` հանքարդյունաբերությունը հունվար-հուլիսին շարունակել է «բարձր» ցուցանիշներ ապահովել` նախորդ տարվա համեմատ աճը 120.9 տոկոս է: Այն ապահովվել է մետաղական հանքաքարի արդյունահանման 121 տոկոսանոց և բացահանքերի շահագործման 118.1 տոկոսանոց աճի հաշվին:

Ոլորտի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող մշակող արդյունաբերությունը կրճատվել է նախորդ տարվա համեմատ 3.6 տոկոսով: Մշակող արդյունաբերության ոլորտը մեր ՀՆԱ-ում ամենախոշորներից է` մոտ 12.5-13 տոկոսն է կազմում:

Անկում գրանցել է վերջին տասնամյակներում աճ արձանագրող ծխախոտի արտադրությունը: Այն անցած տարվա համեմատ կրճատվել է 21.5 տոկոսով: Սա ամենամեծ անկումը չէ մշակող արդյունաբերության համակարգում: Անկման ամենամեծ ցուցանիշը գրանցել է վերջին երկու տարին «թմբկահարվող» ու անխնա գովազդվող մանածագործությունը: Կրճատումն այստեղ 43.7 տոկոս է: Հետաքրքիր ու վերլուծության արժանի փաստ է խմիչքի արտադրության ծավալների 9 տոկոսանոց կրճատումը: Եթե նաև արձանագրենք սննդամթերքի 1.7 տոկոսանոց անկումը, ապա պիտի մշակող արդյունաբերության ոլորտում շատ երկար փնտրենք, թե որ արտադրությունների հաշվին է ընդհանուր անկումը այդքան «համեստ»` 3.6 տոկոս:

Սակայն այս հարցն ամենևին էլ մեծ առեղծված չէ: Վերջին երկու տարում ամենաարագ տեմպերով աճում է մետաղական խտանյութի արտադրությունը: Պղնձի խտանյութի ոլորտում աճը 109.1 տոկոս է: Ցինկի խտանյութի ցուցանիշն ավելի բարձր է` 131.3 տոկոս: Իսկ մոլիբդենի խտանյութի ցուցանիշի աճը առանց ավելորդ բառերի պետք է նշել` 180 տոկոս: Այս ցուցանիշը «պահպանվում» է երկու ամիս անընդմեջ:

Արդյունաբերության ոլորտի աճի մեջ իր մասնաբաժինն ունի էներգետիկան: Էլեկտրաէներգիայի արտադրությունը, տեղափոխումն ու բաշխումը 102.2 տոկոս է նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ: Բայց այստեղ էլ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի հետ խնդիրներ կան: Այս տարի մենք ավելի թանկ էլեկտրաէներգիա ենք արտադրում: Մի կողմ թողնենք քամու և արեգակնային էներգիայի խնդիրը, որովհետև այն առայժմ չնչին ծավալ ունի՝ ընդհանուր արտադրանքի 0.5 տոկոսը: Ամենաէժան` հիդրոկայանների արտադրանքը նախորդ տարի 31.9 տոկոս էր, իսկ այս տարի՝ 25.6: ՋԷԿ-երում արտադրված էներգիայի ծավալը համարյա նույնն է մնացել` 53 տոկոսից մի փոքր ավելի: Փոխարենն այս տարի ավելացել է ատոմակայանի մասնաբաժինը` 20.3 տոկոս, նախորդ տարվա 14.5-ի դիմաց:

Իսկ արդյունաբերության մյուս` ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման ու վերամշակման ոլորտում անկումը նույնպես նկատելի մասշտաբի է` 18.8 տոկոս:

Ամենացավոտ հետևությունը, որ կարելի է կատարել, հետևյալն է՝ մեր արտադրության համակարգում էական կառուցվածքային փոփոխություններ չկան: Ճիշտ այնպես, ինչպես տնտեսության մյուս ոլորտներում:

Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ