Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին Կենտրոնական բանկի աշխատակազմին բանկի նոր նախագահ Մարտին Գալստյանին ներկայացնելիս ասաց․ «Ընդհանրապես, վերջին երկու տարում ավելի սերտ եմ առնչվել ԿԲ-ի հետ և կարող եմ արձանագրել, որ այստեղ բավականին լավ թիմ ու կորիզ է ձևավորվել, որն ընդհանուր առմամբ, աշխատում է մեր բանկային համակարգի կայունության վրա: Ակնհայտ է, որ անկախ բոլոր քննադատություններից, բանկային համակարգը մեր երրորդ հանրապետության կարևոր ձեռքբերումներից է և այն Հայաստանի Հանրապետությունում կայացած է ու կայուն»։
Նշենք, որ Հայաստանի կայուն բանկային համակարգի հիմքը դրվել է 2000-ականներին: Հենց այդ տարիներին կարգավորման այնպիսի մեխանիզմներ սահմանվեցին, կառավարման այնպիսի ավանդույթներ դրվեցին, որոնց շնորհիվ Հայաստանը հայտնվեց համաշխարհային ֆինանսական քարտեզին` միջազգային հեղինակավոր գործակալություններից ստանալով վարկանիշներ։
90-ականների վերջին բանկային համակարգը բնորոշվում էր մի շարք խնդիրներով. անընդհատ գրանցվող ու սննկացող դրամատներ, խաբված ավանդատուներ, կարգավորման մեխանիզմների անհստակություն և այլն: Հայաստանում գործում էր 30 բանկ` ընդամենը 106 մլրդ դրամ ակտիվներով, անկայուն, «փխրուն» ֆինանսական վիճակով: Ընդամենը 3 օտարերկրյա բանկ կար մեր երկրում:
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարում էր, որ բանկերը, ի թիվս այլ տնտեսական ենթակառուցվածքների, կարևոր նախապայման են տնտեսական կայուն աճի ապահովման և ժողովրդի կենսամակարդակի բարձրացման համար: Համակարգի ախտորոշումից, խնդիրները բացահայտելուց հետո երկրորդ նախագահի թիմը սկսեց առողջացման փուլը։ Փորձագետները կարևորում են այդ «առողջացման փուլի» անցնցում անցկացնելը, հնարավոր եղավ խուսափել ֆինանսական ճգնաժամից, իսկ հետո արձանագրվեց արագընթաց աճ:
Երկրում ձեւավորվեց բարձր որակի ու ֆունկցիոնալ նոր բանկային համակարգ, գրավիչ միջավայր ստեղծվեց օտարերկրյա ներդրումների համար, բանկային ակտիվներն աճեցին 7 անգամ (765 մլրդ դրամ), oտարերկրյա կապիտալով բանկերի թիվը 3-ից հասավ 11-ի: Իսկ առողջ, մրցունակ բանկային համակարգը նպաստեց օտարերկրյա կապիտալի ներհոսքին: Բանկերը սկսեցին վարկավորել խոշորամասշտաբ նախագծեր` նպաստելով տնտեսական զարգացմանը: Հենց այդ ժամանակաշրջանում նաև լայն թափ առավ հիպոթեքային վարկավորումը, որն այսօր էլ հազարավոր ընտանիքների բնակարանով ապահովման հնարավորություն է տալիս:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը