12 06 2020

Առաջարկվող նախագծով չի լուծվում նպատակադրված խնդիրը. Թադևոս Ավետիսյան

Առաջարկվող նախագծով չի լուծվում նպատակադրված խնդիրը. Թադևոս Ավետիսյան

Ազգային ժողովի պատգամավորներ Լենա Նազարյանի, Վաղարշակ Հակոբյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի օրենսդրական նախաձեռնությամբ շրջանառության է դրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումների նախագիծ: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես նշել է. «Նախագծին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով՝ http://www.parliament.am/drafts.php?sel=introduction&lang=arm,  կետ 90: Ի դեպ, նախագծի փաթեթում, երեւի տեխնիկական պատճառով, հիմնավորման մեջ ներառված ակնկալվող արդյունքներ բաժինը ամբողջական չէ: Հնարավոր չէր այդ մասին լիարժեք կարծիք կազմել:

Միանգամից ասեմ՝ լրացումների համար փաթեթավորված նպատակը դրական է եւ սպասված: Ընդհանուր առմամբ, դրված նպատակը վերաբերում է նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային եւ ծնողական պարտականությունները զուգահեռ իրականացնելու հնարավորությունների ապահովմանը:

Սակայն նորից նույնն է՝ առաջարկվող նախագծով չի լուծվում նպատակադրված խնդիրը: Ավելին՝ սրանով լրացուցիչ անորոշություններ են ներմուծվում առկա օրենսդրական կարգավորումներում, որոնք իրավակիրառական պրակտիկայում առաջացնելու են իրական նոր հիմքեր՝ աշխատանքային վեճերի համար:

Նախագծով մասնավորապես առաջարկվում է.

1. Նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողի պահանջով, որն աշխատում է ոչ պետական հատվածում, գործատուն պարտավոր է նրա օրական աշխատաժամանակը կրճատել: Նախագծի հեղինակներն այսպիսով ենթադրում են, որ այդ աշխատողը կկարողանա ժամը 18.00-ից շուտ ավարտել աշխատանքը եւ իր երեխային տուն տանել՝ մինչեւ նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային օրվա ավարտը՝ 17.30-ը:

Նման կարգավորման դեպքում նախ՝ անորոշ է մնում այս հիմքով ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմի անցած աշխատողների վարձատրության հարցը՝ պահպանվելու է՞, թե՞ համամասնորեն կրճատվելու է: Երկու պարագան էլ խնդրահարույց են: Եթե պահպանվելու է, ապա ստացվում է, որ պետական ու համայնքային իշխանությունների սոցիալական պարտավորության եւ աշխատողի ծնողական պարտավորության կատարման բեռն անբողջությամբ եւ անհամաչափ դրվում է գործատուի վրա: Սա աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքների ու պարտավորությունների հավասարակշռման հիմնական սկզբունքի խախտում է՝ իր բոլոր հնարավոր բացասական հետեւանքներով: Իսկ եթե այս դեպքում համամասնորեն կրճատվելու է աշխատողի վարձատրությունը, ապա պետք է փաստենք, որ նման հնարավորություն արդեն իսկ առկա է ՀՀ աշխատանքային օրենսգրքով՝ գործատուն եւ աշխատողը փոխադարձ համաձայնությամբ որոշում են աշխատանքային ռեժիմը եւ նույն կերպ էլ կարող են ցանկացած պարագայում փոխել այն, ասենք՝ կրճատել: Հետեւաբար, նախագծով առաջարկվող լրացումն այս դեպքում դառնում է ոչ թե առկա խնդրի լուծում, այլ տարընկալման եւ աշխատանքային վեճ ծնող:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա կազմակերպություններում աշխատողների համար, որոնք խնամում են նախադպրոցական տարիքի աշխատողներ, նախագծով առաջարկվում է այլ կարգավորում: Մասնավորապես, նախատեսվում է՝ այս աշխատողների դիմումի եւ տեղեկանքի հիման վրա նրանց աշխատանքային օրն ավարտվում է 18.00-ից մեկ ժամ շուտ: Այս դեպքում պահպանվում է այդ աշխատողների վարձատրությունը: Այսպիսով, նախագծի հեղինակները ենթադրում են, որ այս աշխատողները եւս կկարողանան իրենց աշխատանքն ավարտել ժամը 18.00-ից մեկ ժամ շուտ եւ իրենց երեխաներին տուն տանել՝ մինչեւ նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային օրվա ավարտը: Նաեւ՝ կպահպանեն իրենց վարձատրությունը:

Առաջարկվող այս կարգավորումը եւս խնդրահարույց է հետեւյալ առումներով՝

ա. ձեւավորվում է խտրական մոտեցում աշխատանքային հարաբերություններում՝ պետական հատվածի աշխատողները նույն հիքով անցնում են ոչ լրիվ աշխատաժամանակի եւ օրենքի պահանջով պահպանվում է նրանց վարձատրությունը, իսկ ոչ պետական հատվածի աշխատողների համար վարձատրությունը կարող է չպահպանվել,

բ. ընդհանուր առմամբ չի լուծվում հիմնական նպատակը՝ միայն աշխատանքային օրը մեկ ժամ շուտ ավարտելու դեպքում, միեւնույն է աշխատողը չի կարողանալու պատշաճ կազմակերպել իր երեխայի՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը, որի պատճառն ակնհայտ է՝ իր աշխատանքի եւ նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքի սկիզբը, որպես կանոն, նույն ժամին է՝ 9.00-ին,

գ. որեւէ կերպ չի լուծվում նախադպրոցական տարիքի երեխա խնամող եւ հերթափոխով աշխատողների խնդիրը, քանի որ նրանց օրական աշխատաժամանակը կարող է ամբողջությամբ չհամընկնել՝ 9.00-18.00 ժամանակահատվածի հետ,

դ. կիրառական տեսանկյունից բավարար չափով որոշակի չի՝ այս իրավունքից օգտվելու համար ի՞նչ տեղեկանք պետք է աշխատողը ներկայացնի գործատուին, որի պահանջը նախատեսված է նախագծով:

3. Նախագիծն ունի խմբագրման կարիք, օրինակ՝ 2-րդ հոդվածով առաջարկվող հղումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին ճիշտ չի:

Հատկանշական է նաեւ, որ նախագծով դրված խնդրի լուծումն առաջնային վերաբերում է ոչ թե աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը, այլ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական պարտականնությունների լիարժեք կատարմանը: Ըստ որի՝ պետք է այս մարմիններն ապահովեն համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար այնպիսի ճկուն աշխատանքային ռեժիմ, որ դրանք լիարժեք հասանելի լինեն նաեւ աշխատող ծնողների համար: Ի դեպ, այս եւ աշխատանքը ծնողական պարտականություններին զուգահեռ կատարելուն վերաբերող այլ լուծումներ տասնամյակներ շարունակ գործադրվում են բազմաթիվ երկրներում եւ արձանագրել են իրական արդյունքներ:

Ամփոփելով՝ այս նախագծի պարագայում եւս օրակարգային է դառնում «մի՛ վնասիր» հորդորը:

Նորից հիշեցնեմ՝ իշխանափոխությունից հետո, պոպուլիստական շարժառիթներով շրջանառությունից հանվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի մեծածավալ փոփոխությունների նախագիծը, որը մշակվել էր իրավակիրառական պրակտիկայի բազմակողմանի վերլուծության հիման վրա: Այդ նախագիծը նպատակ ուներ լուծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում վեր հանված բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաեւ ապահովելու այս ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային մի շարք պարտավորությունների կատարումը:

Ի դեպ, աշխատանքային օրենսդրության համակարգային բարեփոխումներին նվիրված առաջարկների ամբողջական փաթեթ եւս ներկայացրել ենք հանրային քննարկման՝ դեռեւս 2019 թվականի հուլիսին, որն այդպես էլ մնաց անարձագանք պատկան մարմինների կողմից (էլեկտրոնային տարբերակը հասու է՝ հղումով:

Իսկ այս ընթացքում պարբերաբար բարձրաձայնել ու հետագայում եւս շարունակելու ենք բարձրաձայնել աշխատողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող առարկայական հիմնախնդիրները, որոնք այդպես էլ մնում են չլուծված:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ