06 06 2020

Համարյա բոլոր ոլորտներն անկում են գրանցել․ Արա Գալոյան․ Politeconomy.org

Համարյա բոլոր ոլորտներն անկում են գրանցել․ Արա Գալոյան․ Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «Հրապարակվեց առաջին հաշվետվությունը, որը նկարագրում է համավարակի ազդեցությունը մեր տնտեսության վրա: Խոսքը «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ․ հունվար-ապրիլ ամիսներին» հաշվետվության մասին է:

Տնտեսության իրական հատվածի համարյա բոլոր ոլորտները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում են գրանցել: Հայտարարվում է, որ արդյունաբերությունը կրճատվել է 8.6 տոկոսով (ապրիլը մարտի նկատմամբ կրճատումն ավելի մեծ է` 9.2 տոկոս): Շինարարությունը կրճատվել է 21 տոկոսով (2020թ․ ապրիլը 2019-ի ապրիլի համեմատ կրճատումն ավելի մեծ է` 51 տոկոս): Տրանսպորտը միակ աճ արձանագրած ոլորտն է` 2 տոկոս: Աճը արձանագրվել է բացառապես երկաթուղային փոխադրումների հաշվին (աճը 7.8 տոկոս): Ավտոմոբիլային փոխադրումները նվազել են 4.2 տոկոսով, իսկ օդային փոխադրումները`12.5 տոկոսով: Կապի ոլորտի կրճատման թիվը 2.8 տոկոս է: Նույնիսկ առևտուրն ու ծառայությունների ոլորտներն են կրճատվել: Առևտրի անկումը 8.6 տոկոս է: Իսկ վերջին երկու տարիներին իշխանությունների երեսը պարզ անող (հիմնականում խաղատների ու բուքմեյքերական գրասենյակների հաշվին) ծառայությունների ոլորտը կրճատվել է 15.9 տոկոսով:

Վերադառնանք արդյունաբերության տվյալներին, որ սպասվածից պակաս կրճատման թվեր ունի: Հայտարարվում է, որ հունվար-ապրիլի ընթացքում նախորդ տարվա համեմատ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում աճը կազմել է 27 տոկոս (հիշենք այս թիվը ոչ միայն այն պատճառով, որ արդյունաբերությունը այս ցուցանիշի հաշվին է «քաղաքակիրթ»` 8.6 տոկոսով կրճատվել է): Մշակող արդյունաբերության անկումը կազմել է 16.2 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 13.5 տոկոսով: Իսկ ջրամատակարարման ու թափոնների կառավարման ոլորտը նվազել է 23.1 տոկոսով: Նախ հարկավոր է արձանագրել մեր արդյունաբերության կառուցվածքը: Որովհետև այս համամասնությունները ձևավորվել են համավարակի շեմին, և հետաքրքիր կլինի դրանց փոփոխություններին հետևել առաջիկա ամիսների ընթացքում: Մեր արդյունաբերության հիմնական հատվածը (63.4 տոկոս) կազմում է մշակող արդյունաբերությունը: Ուստի այն «արժանի է» ավելի մանրակրկիտ դիտարկման: Մշակող արդյունաբերության կառուցվածքի 34.4 տոկոսը կազմում է սննդամթերքի արտադրությունը: Բայց այս ցուցանիշին հարկավոր է գումարել խմիչքի արտադրության ծավալը (12.2 տոկոս), ինչպես նաև ծխախոտի արտադրությունը: Այն մշակող արդյունաբերության 12.4 տոկոսն է կազմում: Արտադրության այս հատվածը հիմնականում տեղական արտադրության գյուղմթերք է վերամշակում: Հետևաբար թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական իմաստով առանձնահատուկ նշանակություն ունի: Ճիշտ է այս ոլորտի մասին գերժամանակակից «թվային» բառապաշարով խոսել հնարավոր չէ: Նույնիսկ այնքան անհնար էր, որ նոր իշխանությունները կառավարության կառուցվածքում գյուղատնտեսության նախարարություն չենթադրեցին: Բայց պարենի արտադրության ոլորտը ամբողջ աշխարհում հիմա առանձնահատուկ ուշադրության տակ է: Պատճառը համավարակն է: Բնականաբար (Նոբելյան մրցանակակիր տնտեսագետներից մեկը նույնիսկ բիբլիական մասշտաբի սով է կանխատեսում):

Հիմա վերադառնանք հանքարդյունաբերության 27 տոկոսանոց աճին: Այն բոլորովին համահունչ չէ մեր արտաքին առևտրի թվերի հետ: Հանքարդյունաբերության աճի արդյունքում ստեղծված հիմնական արդյունքը մեր երկրում չի մշակվում, այլ արտահանվում է: Մինչդեռ մեր արտահանման ծավալները առաջին 4 ամսում նվազել են 12.6 տոկոսով: Սա կարելի է տվյալների անհամատեղելիություն գնահատել՝ ենթադրելով, որ դրանցից մեկը իրական չէ:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ