«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և վերջինիս «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից 01.04.2020թ. հանձնաժողով ներկայացված՝ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի փոխադրման, բնական գազի բաշխման և վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտերը ուսումնասիրվել են հանձնաժողովի աշխատակազմի կողմից։
Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հունիսի 4-ին ժամը 14:00 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նշված հարցը նախատեսվում է աշխատանքային կարգով քննարկել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, հետաքրքրություն ցուցաբերած շահագրգիռ այլ անձանց և ընկերության ներկայացուցիչների հետ։
Միաժամանակ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը, վերը նշված քննարկմանը մասնակցելու նպատակով հետաքրքրություն ցուցաբերած անձանց խնդրում ենք մինչև 03.06.2020թ. ժամը 13:00 գրանցվել՝ իրենց տվյալները ներկայացնելով [email protected] էլեկտրոնային փոստին կամ զանգահարելով (010)58-45-29 հեռախոսահամարին։
Նախապես գրանցումը կարևորվում է այն հանգամանքով, որ քննարկումները հնարավոր է իրականացնել սահմանափակ մասնակիցներով և հետաքրքրություն ցուցաբերած անձանց քանակից կախված, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի լրացուցիչ քննարկումներ այլ ժամերի կամ այլ օրերի։
Սակագների հաշվարկները և տեղեկանքները՝ այստեղ։
Նշենք, որ հաշվարկներում տեսնում ենք, որ ՀԾԿՀ-ն առաջարկել է բնակչությանը վաճառվող բնական գազի գինը թողնել 139 հազար դրամ՝ 1000 խ/մ-ի դիմաց։ Ըստ հանձնաժողովի՝ սոցիալապես անապահով խավի գազը պետք է չթանկանա՝ մնալով գործող 100 հազար դրամը՝ 1000 խ/մ-ի դիմաց։ Գնի բարձրացում կարող է լինել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար․ ջերմոցային տնտեսություններին, պահածոների, խմիչքների, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող գազի գինը հանձնաժողովի հաշվարկներով, հիմնավորված կլինի բարձրացնել 212 դոլարից 224՝ 1000 խ/մ-ի դիմաց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը