Պաշտոնական վիճակագրության վերջին տվյալներով ևս արձանագրվեցին կարևոր այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնում էինք դեռևս ամիսներ առաջ՝ նոր համաճարակի տարածման նախնական փուլում: Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:
Ըստ Ավետիսյանի՝ 2020թ. մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում տնտեսական ակտիվությունը նվազել է 4,4 տոկոսով, իսկ ապրիլին արդեն՝ 17,2 տոկոսով: Աննախադեպ բացասական այս միտումն արդեն իսկ հանգեցրել է 2020թ. առաջին չորս ամիսների տնտեսական ակտիվության 1,7 տոկոս անկման:
Առավել մտահոգիչ է այն, որ ապրիլին միջինից էապես բարձր անկման ցուցանիշներ են արձանագրվել տնտեսության աշխատատար ճյուղերում՝ շինարարություն (-51 տոկոս), առևտուր (-33,1 տոկոս), իսկ արտահանումը կրճատվել է 30,3 տոկոսով:
Ընթացիկ տարվա մարտ-ապրիլ ամիսներին պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակի և գործազրկության մակարդակի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել: Սակայն ակնհայտ է, որ այս ցուցանիշները ևս դրսևորել են բացասական միտումներ:
Մասնագիտական տարբեր գնահատումներով տնտեսական ակտիվության անկումը շարունակվելու է նաև հաջորդ ամիսներին: Իհարկե, անկման այս տեմպն ու դրա սոցիալական հետևանքները առաջնային պայմանավորված են պետական աջակցության ծրագրերի բնույթով և արդյունավետությամբ:
Այս իրավիճակում սոցիալական հետևանքների ամփոփ գնահատման առումով հիմնական և առաջնային գործոններ են՝ ցածր վարձատրությամբ աշխատողների, ինքնազբաղվածների, փոքր և գերփոքր ձեռնարկությամբ զբաղվող անձանց կայուն եկամուտների ժամանակավոր կորուստը և հետագա վերականգնման իրական ռիսկը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն 2020թ. ապրիլին այս գործոններով արձանագրվել է աննախադեպ բացասական պատկեր.
- 9 հազարից ավելի կազմակերպությունների մոտ 31 հազար գրանցված աշխատողներ COVID-19-ի հետևանքով գտնվել են հարկադիր պարապուրդում և չեն ստացել աշխատավարձ,
- այս աշխատողների միջին ամսական իրական աշխատավարձը կազմել է շուրջ 60 հազար դրամ,
- պարզ է, որ այդ 31 հազար աշխատողները հիմնականում աշխատող աղքատներ են, իսկ նրանց ընտանիքներում ապրում է շուրջ 120 հազար մարդ,
- այդ 9 հազար կազմակերպությունները զբաղվում են փոքր և գերփոքր ձեռնարկատիրությամբ, հետևաբար՝ եկամուտ չեն սատցել նաև այս տնտեսվարողները:
Պաշտոնական նույն աղբյուրի համաձայն, առանց այդ 31 հազար աշխատողների զրոյական վարձատրության ցուցանիշի հաշվառման՝ 2020թ. ապրիլին շուրջ 10 տոկոսով բարձրացել է միջին ամսական աշխատավարձը մեր երկրում: Ընդհանուր առմամբ, իհարկե դրական է միջին աշխատավարձի բարձրացումը, եթե դա իրական արձանագրումն է:
Սակայն նկարագրված պատկերը մնում է առավել, քան մտահոգիչ: Սա բնութագրում է նաև առկա օբյեկտիվ իրավիճակին պետական աջակցության հակաճգնաժամային ծրագրեի անհամարժեքությունը:
Հենց նաև կյանքի կոչված այս ռիսկերը հաշվի առնելով էինք առաջարկում պետական մարմիններին, որ իրականացնեն անհրաժեշտ կանխարգելիչ ծրագրեր՝ առաջնային ու բավարար չափով թիրախավորելով ցածր եկամուտ ունեցողների վարձատրության կորստի ռիսկերը:
Ի սկզբանե բազմիցս ենք ներկայացրել փաստարկներ, որ նման պայմաններում գործատուներն ունեն ընտրություն կատարելու երկու հիմնական այլընտրանքներ.
- դադարեցնել տնտեսական գործունեությունը և չկատարել իրենց համար եկամուտ չապահովող ծախսեր՝ հարկադիր պարապուրդի վճարումներ,
- պարապուրդի ժամանակ վճարել իրենց աշխատողներին, որը կունենար սոցիալական կարևոր նշանակություն, եթե պետությունը բավարար չափով իր վրա վերցներ այդ ծախսերի մի մասը՝ պետական մասնակի սուբսիդավորում, հարկերի և պարտադիր այլ վճարների զիջում և այլն:
Ցավոք սրտի մեր մտահոգությունները կյանքի կոչվեցին` փոքր ձեռնարկատիրության ոլորտի շուրջ քառորդ մասն ընտրեցին առաջին տարբերակը և այդ ոլորտում աշխատողների շուրջ մեկ երրորդն ամբողջությամբ կորցրեցին իրենց կայուն վարձատրությունը: Հետևանքները վերացումը պահանջելու է նաև անհամեմատ ավելի շատ պետական լրացուցիչ միջոցներ՝ անապահովության նպաստներ և օգնություններ վճարելու համար:
Առանձին քննարկման հարց է, թե այս գործատուները հետագայում աշխատանքային ի՞նչ վեճեր են ունենալու հարկադիր պարապուրդը չվճարելու համար, եթե հաշվի առնենք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի խնդրահարույց վերջին փոփոխությունները, որոնք ուժի մեջ մտան 2020թ. մայիսի 8-ին, սակայն տարածվում են մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Այս առումով ևս հայտնել ենք մեր մտահոգությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը