13 05 2020

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 28-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․0%:

ԿԲ-ից հայտնում են, որ 2020թ. մարտին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կրճատվել է եւ կազմել 0.1%:

Կորոնավիրուսի տարածումը եւ վերջինիս կանխարգելման առողջապահական միջոցառումները մեծ բացասական ազդեցություն են ունենում համաշխարհային տնտեսության, այդ թվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսական աճի վրա եւ մեծացրել են հումքային ու պարենային գների տատանողականությունը: Չնայած  առաջատար երկրների կենտրոնական բանկերի համատեղ ջանքերի շնորհիվ ֆինանսական շուկաների տատանողականությունը թուլացավ, սակայն անորոշություններն ու ռիսկերը դեռեւս պահպանվում են բարձր մակարդակներում:

Գնահատվում է, որ այս ամենը ՀՀ տնտեսության վրա կշարունակի ունենալ գնանկումային ազդեցություն։

ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցության հետեւանքով 2020թ-ի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում դիտվել է տնտեսական ակտիվության կրճատում: ԿԲ գնահատականների համաձայն երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա՝ պայմանավորված ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի կրճատմամբ: Գնահատվում է, որ համախառն պահանջարկը հետագայում նույնպես կմնա թույլ, ինչը որոշ չափով կմեղմվի Կառավարության կողմից իրականացվող համավարակի սոցիալական եւ տնտեսական հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումների խթանող ազդեցությամբ: Միեւնույն ժամանակ, որոշակի աճել են նաեւ համավարակի հաղթահարման ժամկետների եւ տնտեսության վերականգնման հետ կապված անորոշությունները, որոնց նվազումից հետո միայն հնարավոր կլինի գնահատել ՀՀ տնտեսության կառուցվածքի եւ հեռանկարների ավելի երկարաժամկետ փոփոխությունները:

Հաշվի առնելով արտաքին եւ ներքին ընթացիկ ու կանխատեսվող զարգացումները, թուլացող պահանջարկը, առկա ցածր գնաճային միջավայրը եւ ֆինանսական շուկաների կայունացումը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաեւ գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաեւ միջնաժամկետ հատվածում: Արդյունքում, գնաճը կարճաժամկետ հատվածում կպահպանվի ցածր մակարդակում՝ նպատակին մոտենալով միայն կանխատեսվող հորիզոնի վերջում:

Ներկայումս բավականին բարձր են անորոշությունները կարճաժամկետ եւ երկարաժամկետ տնտեսական զարգացումների վերաբերյալ, ինչը նույնպես Կենտրոնական բանկը փորձում է հաշվի առնել իր գործողություններում: Միեւնույն ժամանակ գնահատվում է, որ կանխատեսված հետագծից գնաճի շեղման ռիսկերը գերակշռում են ներքեւի ուղղությամբ՝ պայմանավորված թե՛ արտաքին, եւ թե՛ ներքին գործոններով: Ռիսկերի ցանկացած դրսեւորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է ըստ անհրաժեշտության համապատասխանորեն ճշգրտել քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչեւ 2020թ. մայիսի 13-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ