20 04 2020

Խնդիրները շահարկվում են «միավորներ» հավաքելու նպատակով․ Բանկերի միություն

Խնդիրները շահարկվում են «միավորներ»  հավաքելու նպատակով․ Բանկերի միություն

Բանկային ոլորտը, ելնելով իր գործունեության առանձնահատկություններից, հանրության լայն շերտերի համար գործունեություն իրակացնելով, ինչպես նաեւ երկրի եւ տնտեսության համար կենսական նշանակություն ունենալով, առավելագույնս կանոնակարգված է եւ խիստ վերահսկվող: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի բանկերի միությունը:

Հայտարարությունում նշվում է. «Ավելին, բանկային համակարգը լիովին  թափանցիկ է, եւ համակարգին վերաբերող բնակչությանն անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հրապարակային է․ ոլորտի մասնագետները պարբերաբար ներկայացնում են հանրամատչելի տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության տրամադրելով համապատասխան պարզաբանումներ` թվերով ու փաստերով հիմնավորված:

Միեւնույն ժամանակ բանկային համակարգը մշտապես եղել է եւ կլինի անհիմն քննադատությունների եւ ապատեղեկատվության թիրախ՝ երբեմն պայմանավորված  ֆինանսական գրագիտության պակասով, իսկ երբեմն էլ առկա կամ ենթադրյալ խնդիրները ոմանց կողմից պարզապես շահարկվում են բնակչության մի մասի շրջանում այլեւայլ նպատակներով  «միավորներ»  հավաքելու նպատակով:

Ակնհայտ է, որ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամերի  պայմաններում բանկային համակարգը ողջ աշխարհում հայտնվում է ուշադրության կենտրոնում, դառնում ավելի զգայուն, որոշակի առումով էլ՝ խոցելի, իսկ բնակչության մեծամասնության համար համակարգին առնչվող խնդիրները ստանում են առաջնային նշանակություն:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ վերջին շրջանում ԶԼՄ-ներում կրկին ակտիվացել են հրապարակումները ֆինանսական համակարգի գործունեության վերաբերյալ։ Երկար տարիների ընթացքում ձեռք բերված դրական արդյունքների վրա փորձում են ստվեր նետել այնպիսի «փորձագետներ», ովքեր ոչ միայն ֆինանսաբանկային ոլորտի մասնագետ չեն, այլեւ որոշ դեպքերում չեն տիրապետում անգամ համակարգային տարրական գիտելիքների։ Փոխարենը, օգտվելով լրատվամիջոցների եւ այլ հարթակների՝ իրենց ընձեռած հնարավորությունից, նրանք հայտնում են իրենց ոչ մասնագիտական կարծիքն այս կամ այն երեւույթի վերաբերյալ՝ հանրության մի մասին ապատեղեկացնելով, մարդկանց թյուրիմացության մեջ գցելով, որոշ դեպքերում սխալ սպասումներ ձեւավորելով, նրանց շեղելով առկա խնդիրներին իրական լուծումներ գտնելու ուղիներից։

Ըստ այդմ, կոչ ենք անում առկա իրավիճակում զերծ մնալ անհիմն շահարկումներից, ոչ մասնագիտական գնահատականներ տալուց եւ  «վերլուծություններ» հնչեցնելուց։

Մեր հայրենակիցներին խորհուրդ ենք տալիս՝ ձեզ հուզող, անհրաժեշտ եւ որակյալ  տեղեկատվությունը ստանալու համար լսեք ոլորտի մասնագետների կարծիքը, հետեւեք նրանց խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում դիմեք նաեւ ձեզ սպասարկող բանկ: Դա է թյուրիմացություններից խուսափելու, ճիշտ որոշում ընդունելու միակ ու նաեւ շահեկան ուղին:

 Հ.Գ.  Սույն հայտարարության առիթը, մասնավորապես,  ս.թ. ապրիլի 13-ին 5 TV Channel-ով հեռարձակվող «Խառը տնտեսություն» հաղորդման թողարկումն էր, որի հյուրը՝ Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը, հնչեցրեց ոչ մասնագիտական գնահատականներ ֆինանսական կառույցների կողմից գյուղոլորտին առաջարկվող բանկային ծառայությունների վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ