13 04 2020

Գործող պայմաններով վարկային միջոցներ ներգրավելը խիստ ռիսկային է․ հայտարարություն

Գործող պայմաններով վարկային միջոցներ ներգրավելը խիստ ռիսկային է․ հայտարարություն

Տուրիզմի Հայկական ֆեդերացիան զբոսաշրջության ոլորտում կորոնովիրուսի հետևանքների հաղթահարման ուղղությամբ առաջարկություններ է ներկայացրել վարչապետին:
 
«Մեծարգո պարոն վարչապետ,
Տուրիզմի Հայակական Ֆեդերացիան, որին անդամակցում են զբոսաշրջային օպերատորներ, գործակալներ, հյուրանոցային և հանրային սննդի ծառայություններ մատուցողներ, զբոսավարներ, մշակութային և արհեստագործական կենտրոններ, ոլորտի կրթական, բժշկական, առողջարանային հաստատություններ, հասարակական միավորումներ, փառատոնների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների կազմակերպիչներ, գիտակցելով հանրության և իշխանությունների ընկալումը, որ  կորոնավիրուսի բացասական հետևանքներն առաջին հերթին, ուղղակիորեն և առավելապես կրում է զբոսաշրջության ոլորտը և այդ ընկալման նկատմամբ պատասխանատվությունը, և ողջունելով ՀՀ կառավարության՝ գործարար հանրությանն աջակցելու և գործարար միջավայրը պահպանելու պատրաստակամությունը և Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ու հանարավորությունների օգտագործմանն ուղղված միջոցառումների մոտեցումները, և բարձր գնահատելով օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների պատրաստակամությունը երկխոսության և գործուն ջանքերը միջոցառումների արդյունավետությունն ու հասցեկանությունն ապահովելու ուղղությամբ, առաջարկում է անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներում (առաջարկությունները կցվում են)՝ հաշվի առնելով զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունները, բացառիկ դերն ու նշանակությունը ճգնաժամի հաղթահարման,  հնարավորությունների օգտագործման և կայուն ու համաչափ տնտեսական զարգացման ապահովման գործընթացում և ցուցաբերելով համապատասխան առանձնահատուկ մոտեցում՝ նպատակ ունենալով անմասն չթողնել զբոսաշրջության ոլորտը Կորոնավիրուսիտնտեսականհետևանքներիչեզոքացման միջոցառումներից, և փրկել զբոսաշրջության ոլորտը փլուզումից՝ ապահովելով միջացառումների արդյունավետությունն ու հասցեականությունը զբոսաշրջության ոլորտում: 
 
Մասնավորապես. 
1. Առաջին միջոցառման հետ կապվածանհրաժեշտ է հաշվի առնել, որ
1) զբոսաշրջային այցելությունների չեղարկումներն արդեն իսկ ներառում են հունիս ամիսը և, ցավոք, շարունակվելու միտում ունեն,

2) կորոնավիրուսի վտանգն այս ամիս հրաշքով վերանալու պայմաներում միջազգային զբոսաշրջային այցելությունների վերականգնումը կարելի է ակնկալել ոչ շուտ քան աշնանը, հաշվի առնելով որ նաև ուղևորափոխադրումների (հատկապես օդային) վերականգնման համար ժամանակ է պահանջվելու: Այնուհետև նոյեմբերի կեսից զբոսաշրջային այցելությունները զգալիորեն պասիվանալու են, հետո հաջորդելու է ամենապասիվ (զբոսաշրջության համար գրեթե զրոյական) սեզոնը՝ 2021 թվականի 1-ին եռամսյակը: Նշանակում է օբյեկտիվ, սակայն օպտիմիստական սցենարով միջազգային զբոաշրջային այցելությունների լիարժեք վերականգնում կարող ենք ակնկալել 2021 թվականի ապրիլ ամսվանից,

3) զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողները զրկված են եկամուտներից և զրկված են լինելու մինչև 2021 թվականի ապրիլ ամիսը, բացառությամբ 2-րդ ենթակետում նշված հրաշքով պայմանավորված աշնանային կարճատև այցելություններից ստացվող եկամուտների, որոշ չափով ներքին զբոսաշրջային այցելություններից ստացվող ոչ զգալի եկամուտների և մեկուսացած անձանց կացության ապահովման ծառայությունների (հուսանք դրանց կարիքը կարճատև կլինի) դիմաց ստացվող նույնպես ոչ զգալի  եկամուտների,

4) նման իրավիճակում և գործող պայմաններով վարկային միջոցներ ներգրավելը խիստ ռիսկային է զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողների համար, ինչը գիտակցում են նաև բանկերը, որոնք կարծում ենք նույնպես պատրաստ չեն նույնիսկ ամենալավ վարկային, հարկային և գործարար պատմություն ունեցող, սակայն զբոսաշրջության ոլորտում գործող տնտեսավարողներին վարկ տրամադրել, այն պարզ պատճառով, որ վերջիններս չունեն և մեկ տարի չեն ունենալու բավարար եկամուտներ վարկը մարելու համարՙ: Հատևաբար ստացվում է, որ 1-ին միջոցառումից դուրս է մնում զբոսաշրջության ոլորտը, եթե ոլորտի տնտեսավարողների վարկային միջոցները չտրամադրվեն առնվազն 36 ամսով՝ 24-ի փոխարեն և առնվազն 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով,

5) միջոցառումները կլինեն համակարգային և միմյանց փոխլրացնող, եթե աշխատատեղերը պահպանելու նպատակով սուբսիդավորվի աշխատողների 1-ին 2-3 ամիսների աշխատավարձը, կամ եթե դա հնարավոր չէ, ապա՝ յուրաքանչյուր պահպանված 3-րդ աշխատողի աշխատավարձը: Կարծում ենք կարիքների և հնարավորությունների գնահատումը ցույց կտա, որ առաջարկն իրատեսական է,

6) միջոցառման շրջանակներում տրամադրվող արտոնյալ վարկային միջոցները գործող վարկերի վերաֆինանսավորմանն ուղղելու հնարավորություն նախատեսված չէ, մինչդեռ զգալի թվով տնտեսավարողներ ունեն վարկային պարտավորություններ: Հյուրանոցային ծառայություն մատուցողներ (հյուրանոցային տնտեսության տարբեր տեսակի օբյկետներում, այդ թվում նաև մարզերում և գյուղերում զբոսաշրջային տներում), հանրային սննդի, առողջարանային-վերականգնողական ծառայություններ մատուցողներ, մշակութային, արհեստագործական կենտրոններ վարկեր են վերցրել, ներդրում կատարել ենթակառուցվածքների ձևավորման բարելավման, ծառայությունների դիվերսիֆիկացման ու մրցունակության բարձրացման ուղղությամբ, մեծ ու փոքր տրանսպորտային ծառայություններ մատուցողներ՝ նոր, բարձրակարգ ավտոբուսներ ներմուծելու, տրանսպորտային պարկը թարմացնելու և ծառայությունների մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ, զբոսաշրջային օպերատորներ՝ նոր, մրցունակ զբոսաշրջային փաթեթներ մշակելու և տարբեր մարքեթինգային միջոցառումներ իրականցնելով (այդ թվում նաև միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցելով)  Հայաստանը և հայկական զբոսաշրջային արդյունքը պատշաճ ներկայացնելու և խթանելու ուղղությամբ, և այլն: Այսօր նրանք չունեն եկամուտ, վարկային պարտավորությունները կատարելու համար բավարար եկամուտներ կարող են ունենալ մեկ տարուց, իսկ բանկերը դժվար թե տրամադրեն ողջամիտ ժամկետով վարկային արձակուրդ, ինչն արդեն իսկ ակնհայտ է: Այստեղ կամ բանկերը հանգամանքների էական և անկանխատեսելի փոփոխությունների պայմաններում պետք է տրամադրեն ողջամիտ ժամկետով իրական վարկային արձակուրդներ (վարկի մարման գրաֆիկի տեղափոխում, այլ ոչ թե օրինակ՝ մայր գումարի մարումից ժամանակավոր ազատում՝ տոկոսները վճարելու պայմանով, կամ վարկի մարումների հետաձգում՝ դրանք մյուս ամիսների վրա վերաբաշխելու պայմանով), կամ սնանկությունների շարքն անխուսափելի կլինի, ինչը համոզված ենք ձեռնտու չէ ոչ բանկերին, ոչ տնտեսավարողներին և ոչ էլ տնտեսությանը,
7) ուրեմն, եթե բանկերն ի վիճակի չեն տրամադրել վարկային արձակուրդներ և  զբոսաշրջության ոլորրտից բացի նրանք նույնպես օգնության կարիք ունեն, առաջարկում ենք ապահովել 1-ին և 3-րդ միջոցառումներով նախատեսված վարկերը գույություն ունեցող վարկերի սպասարկմանն ուղղելու հնարավորություն:
 
2. Երրորդ միջոցառման հետ կապված անհրաժեշտ է հաշվի առնել, որ
1) զբոսաշրջային ծառայություններ մատուցող, 1-ին կետի 6-րդ ենթակետում նկարագրված և նույն խնդիրներն ունեցող շատ տնտեսվարողներ, ըստ էության, փոքր ձեռնարկատիրության սուբյեկտներ են, 2019 թվականին ունեցել են մինչև 24 մլն դրամ շրջանառություն հիմնականում երիտասարդ լինելու պատճառով, բայց խոստումնալից բիզնես հանդիսանալով վարկեր են վերցրել (վարկունակ են եղել), ներդրումներ կատարել և այսօր, անհրաժեշտ աջակցություն չստանալու դեպքում կանգնած են սնանկացման իրական վտանգի առաջ: Նրանցից շատերը մարզերում և գյուղերում զբոսաշրջային տներ են, որոնք, ի դեպ գյուղական զբոսաշրջության և համայնքային զարգացման համար ունեն ողնաշարային նշանակություն: Որոշները, չնայած մինչև 24 մլն շրջանառությանը, կարող են հաշվառված չլինել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, և կարիք ունենան օգտվելու միջոցառման հնարավորություններից,

2) զբոսաշրջային ծառայություններ մատուցող շատ տնտեսավարողներ ունեն 500 մլն դրամը գերազանցող տարեկան շրջանառություն, զբոսաշրջության ոլորտի համար ունեն ողնաշարային նշանակություն, ունեն փայլուն վարկային, հարկային և գործարար պատմություն, առ այսօր պարտաճանաչ կերպով կատարել են բոլոր հարկային պարտավորությունները (այդ թվում շահույթ չկանխատեսելու պայմաններում շահութահարկի կանխավճարները), ունեն իրենց աշխատատեղերը և գործունեությունը պահպանելու խնդիր, սակայն 1-ին կետի 1-5 ենթակետերում նկարագրված պատճառներով չեն կարող օգտվել 1-ին միջոցառումից: Հետևաբար կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներում զբոսաշրջության ոլորտի արդյունավետ ներգրավվածությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ոլորտի համար սահմանել շրջանառության չափի պահանջի բացառություն,

3) Հայաստանում, դեռևս, զբոսաշրջությունը որոշակի սեզոնային բնույթ ունի, 1-ին եռամսյակն ամենապասիվ սեզոնն է, և տնտեսավարողների ճնշող մեծամասնության 1-ին եռամսյակի շրջանառությունը չի կարող հասնել  տարեկան շրջանառության 10%-ին, մինչդեռ միջոցառման շահառու հանդիսանալու չափանիշներից մեկը յուրաքանչյուր եռամսյակում տարեկան շրջանառության առնվազն 10%-ի չափով շրջանառություն ունենալն է: Անհրաժեշտ է զբոսաշրջության ոլորտի համար սահմանել նշված չափանիշին համապատասխանելու պահանջի բացառություն, այլապես ստացվում է, որ զբոսաշրջության ոլորտը դուրս է մնում նաև 3-րդ միջոցառումից,

4) ի տարբերություն 1-ին միջոցառման, 3-րդ միջոցառման մեջ ընդունվել են մասնավոր հատվածի առաջարկությունները և սահմանվել վարկի ժամկետ 36 ամիս, նաև արտոնյալ ժամկետ, սակայն 6 ամիս 12-ի փոխարեն: Վարկի մարման 6 ամիս արտոնյալ ժամկետը չի ապահովում վարկի արդյունավետ և պատշաճ մարման գործընթաց 1-ին կետի 1-2 ենթակետերում նկարագրված պատճառներով: Ուստի անհրաժեշտ է վարկի մարման արտոնյալ ժամկետը սահմանել 12 ամիս՝ 6-ի փոխարեն,
5) զբոսաշրջային ծառայություն մատուցող շատ տնտեսավարողներ ունեն վարկեր և 1-ին կետի 6-րդ ենթակտով ու 2-րդ կետի 1-ին ենթակետում նկարագրված խնդիրներ, սակայն միջոցառումներով նախատեսված արտոնյալ վարկային միջոցները գոյություն ունեցող վարկերի սպասարկմանն ուղելու հնարավորություն նախատեսված չէ: Զբոսաշրջության ոլորտում անհարկի սնանկությունների շարք թույլ չտալու նպատակով առաջարկում ենք սահմանել նման հնարավորություն:
 
3. Հինգերորդ միջոցառմամբ նախատեսվում է աշխատավարձի գծով միանվագ ֆինանսական աջակցություն, ինչը ողջունելի է: Սակայն անհրաժեշտ է զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի պահպանումը խթանող և ապահովող գործիքակազմ, ինչը որևէ միջոցառմամբ նախատեսված չէ: Միջոցառումները կլինեն համակարգային և միմյանց փոխլրացնող, եթե աշխատատեղերը պահպանելու նպատակով սուբսիդավորվի աշխատողների 1-ին 2-3 ամիսների աշխատավարձը, կամ եթե դա հնարավոր չէ, ապա՝ յուրաքանչյուր պահպանված 3-րդ աշխատողի աշխատավարձը: Կարծում ենք կարիքների և հնարավորությունների գնահատումը ցույց կտա, որ առաջարկն իրատեսական է:
 
4. Ութերորդ միջոցառման մեջ առաջարկում ենք հաշվիառնել, որ 4-րդ եռամսյակը Հայաստանում զբոսաշրջության 2-րդ պասիվ սեզոնն է, և կորոնավիրուսի հետևանքներից տուժած զբոսաշրջային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի մեծամասնության 2019 թվականի 4-րդ եռամսյակի շրջանառությունն այնքան չի կազմում, որի 10%-ը մոտենա նվազագույն աշխատավարձին, որ կորոնավիրուսի հետևանքներից առաջինը տուժած զբոսավարների և ուղեկցորդների մեծամասնությունը, որոնց գործունեությունը նույնպես, համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի համարվում է զբոսաշրջային ծառայություն, գործունեություն են իրականացնում որպես անհատ ձեռնարկատեր, և միջոցառման 7-րդ կետի 3-րդ ենթակետով զբոսաշրջային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերին տրամադրվող միանվագ աջակցության չափը որոշելիս բազային թիվը սահմանել 3-րդ եռամսյակի շրջանառությունը՝ 4-րդի փոխարեն:
Հաշվի առնելով վերոգրյալը և այն, որ 1-ին և 3-րդ միջոցառումներում զբոսաշրջության ոլորտի առանձնահատկություններ սահմանելը կարող է բարդություններ առաջացել դրանց իրականացման գործընթացում, առաջարկում ենք զբոսաշրջության ոլորտի՝ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի իմաստով բոլոր զբոսաշրջային ծառայություններ մատուցող (զբոսաշրջային օպերատոր, գործակալ, հյուրանոցային, հանրային սննդի, տրանսպորտային, զբոսավարի, ուղեկցորդի, մշակութային և արհեստագործական կենտրոններ և այլ միջոցառումների կազմկերպման, առողջարանային-վերականգնողական և այլն) տնտեսավարողների համար սահմանել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հատուկ՝ 11-րդ միջոցառում՝ 3-րդ միջոցառման սկզբունքով, մյուս միջոցառումներում կատարելով համապատասխան փոփոխություններ:

Կից ներկայացնում ենք ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը, խնդրում Ձեր հանձնարարականը այն սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու ուղղությամբ և պատրաստակամություն հայտնում համագործակցելու և աջակցելու:
 
Հարգանքով՝
ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆ»

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ