Պետական աջակցության համար դիմած ՓՄՁ-ներից յուրաքանչյուր 500-ից 350-ն ունի առնվազն 5 օր ուշացում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՆՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա, նշել է.
«Սիրելի' հայրենակիցներ,
Երեկ ես գրել էի, որ պետական աջակցությունը փոքր եւ միջին ձեռնարկություններին պետք է լինի առանց «սեւ ցուցակների»։
Նախ պետք է ճշտել, թե ովքեր եւ ինչի համար են հայտնվել «սեւ ցուցակներում»։ Կան փոքր եւ միջին ձեռնարկություններ, որոնք մեկ կամ երկու օր են ուշացրել հարկերի վճարումը, կան, որ մի քանի ամիս։
Նույնը՝ վարկերի մասով։
Արդեն իսկ ապրիլի 1-ից հետո առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ, ասենք, ամեն մի 500 դիմումից առնվազն 350-ը մերժվում է ժամկետանց վճարած հարկերի մասով։
Նույնը՝ վարկերի մասով։
ՀՀ կառավարությանն առաջարկում եմ անհապաղ կիրառել լրացուցիչ ֆիլտրեր՝ այս փուլում չեղյալ համարել «սեւ ցուցակները»՝ առնվազն կիրառելով համապատասխան ժամանակացույց` սկսելով ամենապարտաճանաչներից, բայց այն հաշվով, որ տարբեր պատճառներով որոշ ժամանակ «ուշ» վճարած փոքր եւ միջին ձեռնարկություններին նույնպես կհասնի աջակցություն։ Թե չէ փոքր եւ միջին ձեռնարկությունների առնվազն 30 %-ը «սեւ ցուցակներում» է, էլ չեմ ասում՝ սպառողական վարկառուների ավելի մեծ մասը։
Ինչպես եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկել էր, հարցը պետք է լուծել գլոբալ, ոչ թե անհատական հանդիպումներով։
Մեկ այլ հարցադրում։
Բանկերին ասում ենք՝ անտոկոս վարկ տվեք ձեռնարկություններին, բայց տոկոսով է, թե անտոկոս, բանկը գնահատում է իր ռիսկը, եւ պարզ չէ՝ կտա այդ գումարը, թե ոչ։ Չէ՞ որ այժմ բիզնես պլանավորումը շատ բարդ է։
Ուստի, հրատապ պետք է մտածել հարկային արձակուրդների մասին, կամ առնվազն ավելացված արժեքի հարկի գանձումը սահմանի վրա հետաձգել։
Անհապաղ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը