Տնտեսագետ Կարեն Ադոնցը Facebook-ի իր էջում գրել է․
«1) Ռուսական շուկա արտահանող ընկերությունները, արտահանման ծավալի նկատմամբ ռուբլու արժեզրկման միջին տոկոսով հաշվարկած գումարի չափով, այս գծով իրենց գոյացած հարկային պարտավորությունների եւ փաստացի կրած վնասի շրջանակում, պետք է ստանան հարկային արտոնություն։ (Բանակցային)։
Սա կօգնի՝ չնվազեցնել արտադրությունը, պահպանել աշխատատեղերը, աջակցել գյուղատնտեսությանը, չկանգնեցնել արտահանումն ու չկորցնել շուկաները։
2) Նմանատիպ արտոնություն, անհրաժեշտության դեպքում, կարելի է կիրառել նաեւ պղնձի գնի էական անկման պարագայում՝ արտադրությունները չկանգնեցնելու, աշխատատեղերը պահպանելու նպատակով։
3) Չափազանց կարեւոր է խթանել տեղական ապրանքների սպառման ավելացումը ներքին շուկայում։
4) Աջակցության կարիք կունենան նաեւ տուրիզմի ոլորտը սպասարկող ընկերությունները։
5) Դրամի ու ֆինանսական կայունության պահպանման հարցը, որն ունի էական նշանակություն մեր տնտեսության համար, չի գտնվում խոցելիության տիրույթում՝ մենք չունենք արտարժույթի պահանջարկը խթանող էական ու ազդեցիկ գործոններ՝ ոչ ներդրումային առումով, ոչ ներմուծման առումով, ոչ ֆինանսական հոսքերի առումով։ Կենտրոնական բանկն ունի բոլոր անհրաժեշտ կարգավորող ներուժն ու գործիքները։
6) Կարեւոր է էապես ընդլայնել շինարարական ոլորտում պետական ծախսերն ու խթանել մասնավոր ներդրումները։
7) Եթե առաջիկա 3-4 ամիսներին նախապատրաստվի ու գործարկվի՝ 50 նոր, արտահանմանն ուղղված, արտադրական ծրագրերով Սպառողական-ներդրումային ԲԲԸ-ն՝ կլինի տնտեսական էական ակտիվություն ու զարգացում։ Սա, ստեղծված իրավիճակում, զարգացում ապահովելու իրատեսական ու առանցքային հիմնական գործոնն է՝ կասեի միակ։
Նշված քայլերի եւ հատկապես՝ 7-րդ կետի, պատշաճ չիրացման դեպքում, տնտեսական էական անկումն անխուսափելի է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը