Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում վերլուծել է առողապահության տնտեսական ոլորտի մասին, նշելով, որ պլանային առողջապահությունում անկում է գրանցվում: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ուզում եմ խոսել միայն առողջապահության՝ որպես կարևոր տնտեսական ոլորտի մասին։ Այսօր առողջապահության համակարգի վրա լրացուցիչ բեռ է ավելացել՝ բացատրելու կարիք չկա։ Սակայն այդ բեռը հավասարապես չի բաշխված։ Առողջապահության մի հատվածի մոտ պահանջարկը կտրուկ աճել է, մի մասի մոտ՝ նվազել է։ Մի մասը կոչենք կորոնավիրուսային, մյուս մասը՝ պլանային։ Այս պահին կորոնավիրուսային առողջապահությունում ջանքերը բազմապատկված են։ Սակայն ի՞նչ է կատարվում պլանայինի մոտ։ Գնացինք.
1/ Պլանային առողջապահությունում անկում է մի քանի պատճառով։ Պացիենտները հետաձգել են իրենց այցելությունները, կուտակումների ռիսկ կա, բուժհաստատություններում կորոնավիրուսի օջախ լինելու ռիսկ կա։ Այսինքն, առաջին հայացքից պլանային հատվածը, ինչպես տնտեսության մյուս ճյուղերը, «պահանջարկի անկման շոկ են» ապրել։ Սա, տնտեսագիտության տեսակետից լավ չի, քանի որ Ա-ն Բ-ից քիչ ծառայություն կգնի, Բ-ն Գ-ից քիչ ապրանք կառնի, Գ-Դ-ից, ու ի վերջո Դ-ն Ա-ից։ Արդյունքում ամբողջ տնտեսությունում անկում կարձանագրվի (քեյնսյան մեկնաբանություն, սոցիոլոգների համար՝ ինքնաիրացվող մարգարեություն)։
2/ Սակայն առողջապահությունը մի յուրահատկություն ունի, երբ կորոնավիրուսի պանդեմիան ավարտվի, պլանային այցելությունները բազմապատիկ կաճեն՝ տեղի կունենա հակառակ պահանջարկի շոկ։ Այս աճին արդեն համակարգը պատրաստ չի լինի։ Կրկնակի ցնցում է սա նշանակում։ Ու վերոնշյալ Ա-Բ-Գ-Դ շղթան ինքնաբերաբար իր տեղը չի ընկնի, քանի որ համակարգը սպասարկող ենթակռուցվածքը պատրաստ չի լինի նույն տեմպով մեծացնել իր հնարավորությունները։
3/ Մյուս խնդիրը ծագում է այն դեպքում, երբ կորոնավիրուսի պանդեմիան երկարաժամկետ է պահպանվում։ Պլանային առողջապահությունը ինչքան չաշխատի, այդքան որոշ հիվանդատեսակներ պլանայինից կդառնան անհետաձգելի։ Այսինքն, մենք չենք կարող մարդկանց առողջական խնդիրները դնենք «դադարի» ռեժիմի։
4/ Ստացվեց, որ անկախ կորոնավիրուսի զարգացումներից, բոլոր դեպքերում չի կարելի հետաձգել պլանային առողջապահությունը։
5/ Սակայն այստեղ կրկնակի զգուշություն է պետք։ Նախ, ինչպես ցույց է տվել Իտալիայի օրինակը և Չինաստանի փորձը, բժիշկները առաջին խոցելի խավն են և ունեն պաշտպանության առավել միջոցառումների կարիք։ Չինացիներն ասում են, որ առաջին հերթին ռիսկի գոտում են քիթ-կոկորդ-ականջի և աչքի բժիշկները։
6/ Հաջորդը պլանային ծառայությունների առաջնահերթության դասակարգումն է, հերթերի կազմակերպման այնպիսի համակարգը, որ կուտակումներ չլինեն։
7/ Այս ամենի լուծումը կարող է լինել ռապիդ-թեստերի ներդրումը աշխատող բժշկական հաստատությունների համար։ Այն, իհարկե, կմեծացնի առողջապահության ծառայությունների գները, սակայն դա ավելի քիչ կլինի, քան հետագա խնդիրները։ Չգիտեմ իհարկե, թե քանի թեստ ունենք ու քանիսը գնելու հնարավորություն։ Այսինքն առաջնահերթության հարց կա՝ թեստերը նախ և առաջ կասկածելի և ռիսկային գոտում գտնվողների համար են։ Սակայն եթե կարելի է շատ քանակի ռապիդ-թեստ ձեռք բերել, ապա առաջարկս կլինի լուծումներից մեկը։ Առողջապահության հաստատություն այցելողը անցնում է ռապիդ-թեստ, հետո նոր անցնում պլանային բուժման։
8/ Ինչու՞ եմ այս նեղ «մաջալին», այսպիսի հարց բարձրացնում։ Որովհետեև չգիտենք, թե ինչքան կտևի այս վիճակը։
Պլանային առողջապահության հատվածը հետաձգելը հետագայում խնդիրներ է առաջացնելու։ Այն, ինչ կարող ենք անել, եթե ապահով անենք հիմա, հետագայում շատ ավելի հեշտ կլինի հաղթահարել հետվիրուսային պետության «կյանքի նորմալ ընթացք հետ վերադառնալու» գործընթացը։ Կյանքը շարունակվում է, ամեն ինչի վրա «դադար» ստեղն չկա, հատկապես մեր առողջության»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը