17 03 2020

Պետությունը պետք է իրականացնի ոչ ստանդարտ միջոցառումներ․ Միքայել Մելքումյան

Պետությունը պետք է իրականացնի ոչ ստանդարտ միջոցառումներ․ Միքայել Մելքումյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ՀՀ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել առաջարկներով:

Նա, մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով այն, որ հանրային կյանքի եւ տնտեսության տարբեր ոլորտներում հասկանալի պատճառներով նվազում եւ նվազելու են (կարճաժամկետում) տնտեսվարող սուբյեկտների շրջանառությունները, եւ, ի թիվս այլի, պետությունը պետք է իրականացնի ոչ ստանդարտ միջոցառումներ, այն է՝ պետական բյուջեից խոշորածավալ պետական ներդրումներ, ուստի առաջարկում եմ այս փուլում՝

1.      Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվող օրենսդրական նախաձեռնություններին տրվող եզրակացությունների ժամկետները կտրուկ կրճատել այն տրամաբանությամբ, որ համապատասխան օրենքներն ընդունվեն կարճ ժամկետներում: Նույնը առաջինից երկրորդ ընթերցման դեպքում: Ուստի պետք է որոշակի փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում:

2.      Համապատասխանաբար փոփոխություն կատարել նաեւ (ժամանակավոր) Հայաստանի Հանրապետության «Պետական գնումների մասին» օրենքում (110%  միջոցների սառեցում, եւ այլն):

3.      Պետությունը պետք է հայտարարի, որ եթե հասկանալի պատճառներով քաղաքացին աշխատանք չունի, որովհետեւ ուղղակի կարճաժամկետում պահանջարկ չկա, եւ նա ընտանիքի միակ աշխատողն է, ապա պետությունը պետք է նախատեսի փոխհատուցում նվազագույն աշխատավարձի չափով: Շատ պարզ է, ցավալիորեն, ասենք, եթե տվյալ աշխատողն իր օրեկան 4-5 հազար դրամը չաշխատի, ապա այդ ընտանիքը կունենա նվազագույն կենսաապահովման պարզ խնդիր: Ուստի այդ հարցին պետք է լուծում տալ: Հանրապետությունում ունենք շուրջ 610 հազար վարձու աշխատող (առանց գյուղացիական տնտեսությունների աշխատողների), որից շուրջ 180 հազարը՝ պետական հատվածում: Եթե պետական հատվածի աշխատողների համար առկա են երաշխիքներ, ապա շուրջ 430 հազար աշխատողների մեծ մասի համար կան լրջագույնս ռիսկեր:

4.      Դա է վկայում նաեւ սպառողական վարկառուների թվաքանակը, որն անցնում է 500 հազարը 1 650 000 վարկառուներից, եթե ոչ ավելին: Ուստի նրանց վարկերի վճարները պետք է սառեցվեն, եւ կախված վարկի մեծությունից՝ սահմանվեն պետության եւ բանկի կողմից միասնական ռեժիմով փոխհատուցման եւ սառեցման որոշակի շեմ: Մարդն ունի սպառողական, բիզնես-ծրագրային վարկ, իսկ եկամուտ չի ունենալու: Վարակի պայմաններում հարյուր-հազարավոր մարդկանց հետ անհատապես աշխատելն ուղղակի անհնար է:

5.      Ծրագրային բիզնես-վարկառուների եւ ընդհանրապես վարակի հետեւանքով տուժած ձեռնարկատերերի հետ աշխատել անհատապես: Պետությունը պետք է մասնակցի այս բիզնեսների առողջացմանը եւ վերականգնմանը՝ կատարելով ֆինանսական ներարկումներ: Գործիքակազմի առումով աշխարհին հայտնի են բազմաթիվ տարբերակներ՝ սուբսիդավորումից մինչեւ ուղղակի ներդրումներ:

Հուսանք, որ արագ կհաղթահարենք այս դժվարությունները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ