ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում Հայաստանի ինքնաբավությանը, պարենային ապահովվածությանը: Նա նշում է․
«Հայտնի է, որ արտակարգ իրավիճակում առավել սրվում է բնակչության պարենով ապահովման հարցը: Եթե սովորական պայմաններում երկրները կարող են ներմուծման հաշվին ապահովել բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներով, ապա պատերազմի, համաճարակների դեպքում ի հայտ են գալիս բեռների և մարդկանց շարժի սահմանափակումներ: Ներկայումս կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ՀՀ կառավարության օրակարգային հարց պետք է դառնա նաև երկրի պարենային ինքնաբավությունը:
Յուրաքանչյուր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի պարենային ինքնաբավությունը, որը ցույց է տալիս երկրի՝ տվյալ ապրանքի նկատմամբ պահանջարկի բավարարման աստիճանը սեփական միջոցների հաշվին:
Թեև ներկայումս ապրանքների արտահանման և ներմուծման սահմանափակումներ չկան, սակայն առաջին անհրաժեշտության ապրանքներ արտադրող երկրները առաջնահերթ պլանավորում են ապահովել իրենց բնակիչներին, և մեծ է հավանականությունը, որ գործեն արտահանման սահմանափակումներ կամ բեռնափոխադրման ժամանակ լուրջ խնդիրներ ի հայտ գան:
Ցավոք, պետք է արձանագրել, որ պարենային անվտանգության հարցը օրակարգային չի եղել թե՛ նախորդ, թե՛ այս իշխանությունների կողմից, այն դեպքում, երբ Հայաստանը ունի երկու փակ սահման և չավարտված պատերազմ: Միացյալ Հայաստանն, ընդգրկելով 42000 քառ.կմ, ունի չօգտագործված տարածքներ, որոնք կարելի էր շահագործել և որոշ չափով լուծել մեր պարենային ինքնաբավության հարցը. սա մեծ հնարավորություն է, որից չենք օգտվում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանը պարենային ինքնաբավության լուրջ խնդիր ունի հետևյալ ապրանքների մասով՝ ցորեն, տարեկան, եգիպտացորեն, բրինձ, ոսպ, բուսական յուղ, խոզի միս և թռչնի միս: ՀՀ կառավարությունը առաջնահերթ պետք է գնահատի այս ապրանքների առկա պաշարները և պետական-մասնավոր համագործակցությամբ ապահովի լրացուցիչ ներկրում:
Միաժամանակ այս ապրանքների արտադրությունը խրախուսելու նպատակով նոր գյուղատնտեսական ծրագրեր պետք է մշակվեն և կյանքի կոչվեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը