14 03 2020

Այս մարդը ոչինչ չի արել թեստեր ձեռք բերելու համար, հիմա էլ իզուր տեղը վարի է տալիս 2 թեստ․ Բագրատյան

Այս մարդը ոչինչ չի արել թեստեր ձեռք բերելու համար, հիմա էլ իզուր տեղը վարի է տալիս 2 թեստ․ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը շարունակում է հակահամաճարակային միջոցառումների մասին գրառումների շարքը։

Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.

«Մինչ այդ մեկ բացատրություն. երբ խոսում ենք պետական միջոցառումների մասին, ապա պետք է հասկանանք, որ դրանցից արդյունավետ կլինեն միայն նրանք, որոնք ելնում են այն թեզից, որ ՀՀ-ում կորոնավիրուսը համաճարակային բնույթ է կրելու։ Այդպիսին է կառավարման տեսությունը. նկատի ունենալ ամենածանր սցենարը։ Եթե իրականության մեջ այն ավելի թեթև անցնի, ավելի լավ։ Բայց պետությունը պարտավոր է նկատի ունենալ հնարավոր ամենավատ տարբերակը։

Կարծիք ունեմ, որ մեր պետական այրերը դա չեն հասկանում։ Օրինակ, էկոնոմիկայի նախարարը երեկ մի թեթև ակնարկեց, թե տնտեսության մեջ փոքրիկ նահանջ է հնարավոր, ասենք, զբոսաշրջության բնագավառում։ Տո յուրդդ չբլի, կասեր տատս, բա որ ամբողջ տնտեսությունը փլվի՞: Կամ վարչապետը այսօր, ինչպես ինքն է ասում հեռավոր Սևանից, տեստավորելու է իրեն ու կնոջը։ Սա այն վարչապետն է, որ ունի մի քանի հարյուր տեստ ընդամենը։ Հա օրերս ՀՀ կհասնի Չինաստանի նվիրած ևս 1000 տեստ։ Այս մարդը ոչինչ չի արել տասնյակ հազարավոր տեստեր, հարյուր հազարավոր դիմակներ ունենալու համար։ Հիմա էլ իզուր տեղը վարի է տալիս 2-ը։ Այդ տեստերը հիվանդների համար են և այսօր ոսկու գին ունեն։ Հիմա միջոցառումներից։

Տրանսպորտ։

- Մոբիլիզացնել մի քանի հարյուր բեռնատար մեքենա Վրաստանի և Իրանի հետ պայմանավորված կարգով պարենամթերքի, դեղորայքի, մանկական սննդի ներմուծումներն անխափան իրականացնելու համար (ժամանակին ավելի ծանր բան էլ է եղել. լրիվ շրջափակման պայմաններում ՀՀ-ն ցորենը Աստրախանից բեռնանավով բերում էր իրանական Հենզելի և ապա այն տեղից բեռնատար փոքրիկ Зил-երով տեղափոխում ՀՀ։ Ճանապարհին այդ մեքենաները բաքերով նաև դիզվառելիք էին բերում կռվող բանակի համար)։

- Վրաստանի և Իրանի հետ մաքսակետերում լվանալ և դեզինֆեկցիա անել բոլոր մեքենաները։

- Վարձել 2 Ռուսլան ինքնաթիռ ավիանավթի անխափան մատակարարումների համար։

- Առայժմ պահել հետևյալ օդային ուղղությունները. Վրաստան, ՌԴ, Ուկրաինա, Լեհաստան, Հունաստան, Գերմանիա, Չեխիա, ԱՄԷ, Եգիպտոս, Ղազախստան, Բելառուս։ Մնացածը փակում ենք։

- Կարանտինային ծառայություններ կազմակերպել դեպի Արցախ 2 ճանապարհների վրա (լվանալ և դեզինֆեկցիա անել բոլոր մեքենաները)։ Չի կարելի վիրուսը ներս բերել Արցախ։

- Պետական ռազերվում ապահովել ալյուրի, նպարեղենի, կաթի փոշու, մսի, շաքարի և այլն 2-3 ամսվա պաշար։

- Երևան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Հրազդան, Արմավիր, Էջմիածին, Արտաշատ, Արարատ, Իջևան, Դիլիջան, Վայք, Սիսիան, Գորիս, Ղափան, Մեղրի, Սևան, Գավառ և այլն քաղաքներում քաղաքային տրանսպորտի, տաքսի ծառայությունների աշխատանքը կազմակերպել դիմակներով (նկատի ունենք վարորդներին և ուղևորներին)։ Արգելել մուտքն առանց դիմակների։

- Արգելել առանց դիմակների մարդկանց երթևեկությունը Երևանի մետրոյով և երկաթգծով։

Առևտուր և ծառայություններ։

- Արգելել առանց դիմակների սրճարաններ և ռեստորաններ այցելելը, սպասարկումը։

- Անցնել մեկանգամյա թղթե ափսեների, բաժակների, գդալների և այլն օգտագործմանը։

- օրական մի քանի անգամ դեզինֆեկցիա անել խանութները, սրճարաններն ու ռեստորանները, ծառայությունների մյուս օբյեկտները։

- կազմակերպել on-line գնումներ, սոցիալական ծառայությունների միջոցով դրանք հասցնել թոշակառուներին, ծերերին, միայնակներին։

- Խանութներում ոչ-ոք առանց դիմակի և ձեռնոցների չպետք է լինի։

- Քաղաքապետարանը պետք է օրը 2 անգամ լվանա բոլոր բազմաբնակարանային շենքերի շքամուտքերը, լիֆտերը, աստիճանավանդակները։

- Ամեն օր լվանալ Երևանի, Գյումրիի և Վանաձորի կենտրոնական փողոցները։

- Անհրաժեշտության դեպքում մի քանի հարյուր հազար դիմակ կարելու պատվեր իջեցնել տեղական արտադրողներին։

Շարունակելի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ