Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս տարվա ողջ ընթացքում գազի գինը սահմանին չի բարձրանալու, դա արդեն պայմանավորված հարց է:
«Պայմանավորվածություն կա, որ մինչեւ ապրիլի 1-ը սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլեւ հայտ չի ներկայացվի: Այս պահին ընթանում են քննարկումներ, որոնք ամփոփված չեն: Այս պահին հայտ ներկայացնելու պատճառ ես չեմ տեսնում: Ի՞նչ տեղի կունենա ապրիլի 1-ից հետո. Այո, չի կարելի բացառել, որ հայտ կներկայացվի, որովհետեւ երբ մենք միասին խոսել ենք գազի սակագնի բաղադրիչների մասին, դրանց մեջ կան երեք հիմնականը՝ հինը սահմանին, ընթացիկ ծախսերը, որոնք շատ հեշտ է գնահատական տալ, արագ պայմանավորվել, բայց կա նաեւ ներդրումային ծրագրի հարց: Այնուամենայնիվ կա պնդում, դատողություն, որ ՀՀ տարածքում անվտանգ, անխափան եւ արդյունավետ գազի մատակարարում կազմակերպելու համար անհրաժեշտ են ներդրումներ։
Ներդրումների հետ կապված հնարավոր է, որ այնուամենայնիվ, «Գազպրոմ Արմենիան» նոր ասելիքներ ունենա. Եթե նման հարց առաջանա, դա բաց կքննարկվի: Ես կարող եմ վերահաստատել, որ մինչեւ ապրիլի 1-ը սակագնի փոփոխություն չի լինելու: Սահմանին գազի գինը 2020-ին չի փոխվելու, իսկ մեր բնակարաններում գազի գինը փոփոխվելու հարցը նույնպես պետք է սպասենք ապրիլի 1-ը, որից հետո ավելի հստակ կլինի։
Ներդրումային ծրագրերի հետ կապված, այո, ցանկություններ կան, որ իրականացվեն որոշակի ներդրումներ»,-ասաց Մհեր Գրիգորյանը՝ չբացառելով նաև հնարավորությունը, որ գազի գնի բարձրացման դեպքում բյուջեով փոխհատուցեն բնակիչների ծախսերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը