2020 թ. հունվարի 1-ից` նախորդ տարվա արդյունքներով մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են գործունեություն իրականացնել միկրոձեռնարկատիրության համակարգում: ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում նրանք ազատվելու են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող պետական հարկերից։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի ներդրումը միտված է հարկային արտոնությունների միջոցով բացառապես փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը խթանելուն։ Միաժամանակ, առկա են ռիսկեր, որ միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրումը կարող է օգտագործվել ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից, որոնք կփորձեն առաջարկել իրենց վարձու աշխատողներին գրանցվել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, և իրենց հետ աշխատանքային հարաբերությունները տեղափոխելով քաղաքացիաիրավական պայմանագրերի դաշտ՝ կխուսափեն հարկային պարտավորություններից:
Հետևաբար, Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է գործատուներին և նման առաջարկ ստացած անձանց զերծ մնալ միկրոձեռնարկատիրության արտոնյալ համակարգն այլ նպատակներով օգտագործելու մտադրությունից: Կոմիտեն միաժամանակ հայտարարում է, որ նշված ռիսկերը բացահայտելու համար ՊԵԿ-ում առկա են համապատասխան տեխնիկական և վերլուծական հնարավորություններ, հետևաբար նման ձևով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերին կտրվի իրավական գնահատական:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը