Վիճակագրական կոմիտեի հրապարակած հունվար-նոյեմբեր ամիսներին ցուցանիշները ավելի ու ավելի են նմանվում խորհրդային «հնգամյակը չորս տարում» լոզունգին։ Ըստ այդ հրապարակման, տնտեսական ակտիվության 7,5 տոկոս դարձած աճի ցուցանիշը շարունակում է սրընթաց հեռանալ իրականությունից։ Ի՞նչն է այստեղ առավել ուշագրավ։
Հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության աճը 7 տոկոս էր, հունվար-հոկտեմբերին 7,1 տոկոս, երբ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ այդ ակտիվությունը նվազել էր 4,4 տոկոսով։ Հիմա՝ հունվար-նոյեմբերին աճը 7,5 տոկոս է, երբ նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ էլ ավելի մեծ անկում է գրանցվել՝ 8,5 տոկոսով։ Այսինքն, հոկտեմբերին և նոյեմբերին ամսեամիս տնտեսական ակտիվության տեմպը նվազում է, բայց 10 և 11 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը դրանից ոչ միայն չի նվազում, այլ ընդհակառակը՝ աճում է։ Սա հիմնական, բայց միակ զավեշտը չէ։
Այն, որ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 8,5 տոկոս տնտեսական ակտիվության անկում, բայց տնտեսության մյուս ճյուղերում, բացառությամբ ծառայությունների, գրանցվել են աճեր։ Այսինքն, տնտեսական ակտիվությունը 8,5 տոկոսով նվազել է միայն ծառայությունների ոլորտի ավելի ցածր՝ 8,4 տոկոս անկման պատճառով։ Սա տարօրինակ է այն պատճառով, որ միայն մեկ՝ ծառայությունների ոլորտի ավելի փոքր անկման անկման պատճառով չի կարող ամբողջ տնտեսությունը ավելի մեծ անկում ունենալ։ Սա հանելուկ է, որի պատասխանն այն է, որ անկում տեղի է ունեցել նաև մյուս ճյուղերում՝ մասնավորապես առևտրում։ Մինչդեռ այստեղ ներկայացված է աճ։
Նոյեմբեր ամսին առևտրի շրջանառությունն իրականում կտրուկ նվազել է՝ հակառակ վիճկոմի ներկայացրած 1,5 տոկոս աճին հոկտեմբերի համեմատ։ Դրանում հավաստիանալու համար բավական է տեղյակ լինել առևտրային գործունեությամբ զբաղվողների կողմից ներկայացվող փաստարկներին։ ՊԵԿ-ում բոլորից լավ են տեղյակ այդ իրավիճակից, քանի որ ստանում են նրանց հարկային հաշվետվությունները, բայց գերադասում են այդ մասին լռել։ Աեմն դեպքում, առկա վիճակը չի խանգարում վիճկոմին այս տարվա 11 ամիսների համար առևտրում 9,2 տոկոս աճ ներկայացնել։
Տնտեսության ճյուղերից միայն արդյունաբերության աճի ցուցանիշը կարող է իրականությանը մոտ լինել՝ 9,3 տոկոս։ Սակայն վիճկոմի այս աշխատաոճը հիմքեր է տալիս ենթադրելու, որ այստեղ նույնպես պատրաստ են թվեր «նկարել» հանուն վարչապետի 7 տոկոսանոց աճի պահանջը կատարելու և գերակատարելու։
Շինարարության աճի տեմը 11 ամիսներին շարունակվում է անփոփոխ մնալ՝ 4,5 տոկոս։ Հիշեցնենք, որ իր նախորդ գրառումներից մեկում Նիկոլ Փաշինյանը խոսում էր ճանապարհաշինության ծավալների նախորդ հինգ տարիների ծավալները մասին վերցրած գերազանցող ցուցանիշի մասին։ Այն, որ պարզապես անհեթեթ է ճանապարհաշինության ոլորտում հինգ անգամ ավելի աճ ունենալ, իսկ շինարարության ընդհանուր աճը կազմի 4,5 տոկոս, նշել էինք այդ մասին մեր առանձին անդրադարձում ։
Գյուղատնտեսության ցուցանիշը, ինչպես արդեն հայտնի է հարապարակվում է եռամսյակային կտրվածքով, բայց այստեղ արձանագրվող առավել քան ակնառու անկումը, որն անգամ վիճկոմը ի զորու չէ թաքցնել, չի խանգարում տնտեսական ակտիվության աճի պահանջված ցուցանիշը պատկերելուն։
Միանշանակ է, որ տնտեսական աճի տարեկան ցուցանիշը նույնպես կլինի Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներում և ելույթներում հիշատակվող 7-7,5 տոկոսի շրջակայքում։ Այն, որ իրականությունը միամգամայն տարբերվում է այդ ցուցանիշից, իշխանություններին բոլորովին չի մտահոգում՝ նրանց հայտարարած թվերը ոչ թե բոլորին իրականությունը ներկայացնելու, այլ միայն իրենց հավատացողներին խաբել շարունակելու համար են։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը