18 11 2019

Գյումրում հերթերը բանկի հետ էին կապված․ ՊԵԿ նախագահ

Գյումրում հերթերը բանկի հետ էին կապված․ ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նոյեմբերի վերջին ավտոմաքսատան գործառույթն ամբողջությամբ տեղափոխված կլինի Գյումրի, իսկ դեկտեմբերի սկզբին արդեն պլանավորում են, որ Հյուսիսային մաքսատուն վարչության տարածքից գործառույթը կտեղափոխվի նորակառույց ավտոմաքսատուն:

Ավտոմաքսատան հերթերի հարցին անդրադառնալով՝ Անանյանը նշեց. «Կուտակումներն ավելի շատ կապված էին բանկերի հետ, որովհետև «Արարատ բանկի» մեր գործընկերները, որ նոր մասնաճյուղ էին բացել այնտեղ, ցավոք սրտի, մեկ մասնաճյուղ էր և ֆիզիկական ծավալների առումով հերթեր էին գոյանում»:

ՊԵԿ նախագահը հաստատեց մամուլում հրապարակված տեղեկությունները՝ կապված հերթերը վաճառելու հետ։ «Այո, մեր քաղաքացիներն իրենց հնարամտությունը ևս կիրառում էին. նոր բիզնես էին մտածել, մեքենաներով գալիս էին, համարները հանում էին, գիշերը կանգնում էին հերթ, առավոտյան վաճառում էին իրենց հերթն այլ անձանց: Մենք ահազանգեցինք ոստիկանության մեր գործընկերներին և ոստիկանությունը շատ արագ կարգավորեց այդ խնդիրը: Հիմա կարծում եմ՝ այդպիսի բան չկա»:

Երևանում կուտակված մեքենաների մաքսազերծումը, Անանյանը կարծում է, մինչև տարվա վերջ կմաքսազերծվեն․ «Այն մեքենաները, որոնք կուտակված են Երևանում, կարծում եմ մինչև տարվա վերջ կսպառենք։ Մինչև տարեվերջ կունենանք 7-օրյա աշխատանքային գրաֆիկ, 24 –ժամյա գրաֆիկ չենք ունենա, բայց կունենանք երկարացված աշխատանքային օր, դա պետք է նաև համաձայնեցնենք ոստիկանության և բանկերի հետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ