14 11 2019

Մինչ վարչապետը ոգևորված է մեծաքանակ վարկերով, ԿԲ-ն անհանգստացած է

Մինչ վարչապետը ոգևորված է մեծաքանակ վարկերով, ԿԲ-ն անհանգստացած է

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ԱԺ-ում հայտնեց, որ այս տարի գրանցվել է  կապիտալի ներհոսք և օտարերկրյա արժույթի լուրջ պահանջարկ, տարեսկզբից ԿԲ-ն գնել է մոտ 500 մլն դոլար։

«Կապիտալի ներհոսքն իր հերթին նշանակում է, որ մենք ունենք օտարերկրյա արժույթի լուրջ պահանջարկ։ Այս տարի մենք ոչ մի գործարք չենք կատարել հակառակ ուղղությամբ։ Դա նշանակում է, որ առաջարկը շուկայում էապես ավելի մեծ է, քան պահանջարկը։ Բայց միանգամայն հնարավոր է, որ կարող են եւ օրեր լինել, երբ նաեւ պահանջարկ կլինի»,- ասաց Ջավադյանը։

Այժմ Կենտրոնական բանկը ծրագրում է 2 նոր ցուցանիշ սահմանել. մեկը կվերաբերի վարկին եւ եկամտին, մյուսը՝ վարկին եւ գրավին: 

2019-ին բանկերը տրամադրել են աննախադեպ սպառողական եւ հիփոթեքային վարկեր, որոնց ծավալները մեծացել են 30-40%-ով, իսկ այդ շրջանում բնակչության եկամուտներն էապես չեն ավելացել: 

«Մեզ անհանգստացնում է սպառողական վարկերի աճի տեմպը, այդ պատճառով մեր գործողություններն ուղղված կլինեն այդ աճի տեմպի նվազեցմանը: Մյուս կողմից, մենք լայնամասշտաբ միջոցառումներ ենք իրականացնում բնակչության ֆինանսական կրթվածությունը բարձրացնելու համար»,- նշեց Ջավադյանը:

Նրա խոսքով՝  2020-ին կանխատեսվում է 4,9% տոկոս աճ, իսկ հարկերի հավաքագրման բարձր ցուցանիշները կապահովվեն ստվերային տնտեսության կրճատման հաշվին: 

Բացի այդ, նրա խոսքով, ՀՆԱ-ի նկատմամբ պետբյուջեի ծախսերը կավելանան 2 տոկոսային կետով՝ կապված կապիտալ ծախսերի կանխատեսվող զգալի ավելացման հետ: Այդպիսով, կապիտալ ծախսերը կավելանան 2,2 տոկոսային կետով եւ կկազմեն ՀՆԱ 5%:

«Չնայած նրան, որ 2020 թվականին պետական պարտքը կշարունակի նվազել, ծառայությունների մասնաբաժինը նախկինի պես բարձր կմնա: Այդ դեպքում կարեւոր է բարելավել պարտքի կառուցվածքը, մասնավորապես, արտաքին պարտքը փոխարինել ներքին պարտքով»,- նշեց ԿԲ նախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ