25 08 2020

ՍԱՏՄ պետի պաշտոնանկությունը օրերի հարց է, կա դատական վճիռ

ՍԱՏՄ պետի պաշտոնանկությունը օրերի հարց է, կա դատական վճիռ

Կառավարության «ամենայուղոտ» պաշտոններից մեկում Նիկոլ Փաշինյանի արած նշանակումը դատարանն առ ոչինչ է համարել:

Սննդի անվտանգության տեսչական մարմնում Գեորգի Ավետիսյանի նշանակումը լեգիտիմ չէ, այս եզրակացությունը դատարանինն է:

Սույն անձի նշանակման հիմքերի վերաբերյալ դեռ երկու տարի առաջ հարուցած կասկածները առաջինը Վարչական դատարանը փարատեց (2019թ հունիսի 6-ին), հիմա էլ Վերաքննիչ դատարանն է ամրագրել նույն վճիռը՝ նախորդը թողնելով անփոփոխ: Հայցվոր կողմը Գրիգորի Գրիգորյանն է, նա եղել է ՍԱՏՄ նախկին պետը, իսկ ներկայիս պետ Գեորգի Ավետիսյանի հետ մրցել է 2018-ին հայտատարված թափուր պաշտոնի մրցույթում:

Հիշեցնենք՝ այս պաշտոնին Գ. Ավետիսյանը նշանակվեց 2018-ի իշխանափոխությունից հետո՝ հեղափոխության ուժով: Ընդ որում նրա նշանակումն ուղեկցվեց բավականին սկանդալային պատմություններով. մամուլը հաճախ էր գրում հապճեպ ՍԱՏՄ խորհրդի կազմը ձևավորելու ու ստվերային գործընթացների մասին, ՍԱՏՄ պետի պաշտոնի մրցույթն անսպասելի արագ ու կասկածելի հիմքերով կազմակերպվեց, մինչ օրս քննարկվում է, թե ովքեր և ինչ հանգամանքներում էին որոշել նախընտրելի թեկնածուի անունը և դրել վարչապետի սեղանին՝ հաստատման:

Դատարանն արդեն երկրորդ ակտով փաստացի հաստատում է պարտված թեկնածուի այն թեզը, որ ՍԱՏՄ պետի մրցույթը լեգալ չի եղել ու հետևաբար այս պաշտոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակումը հակաօրինական է և պետք է հետքայլ արվի:

Այսպիսով՝ 2020 թվականի Վերաքննիչ դատարանի հուլիսի 15-ին կայացրած վճռով Գեորգի Ավետիսյանը ստիպված է լքել պաշտոնը, ավելին՝ այս վճռով պաշտոնանկությունից զատ պետք է հետևեն մի շարք այլ իրավական գործընթացներ՝ եկամուտների հետգանձումից մինչև սույն պաշտոնավարողի որոշումների բեկանում, և էլի մի շարք ոչ հաճելի հետևանքներ:

Բայց ինչպես տեսնում ենք՝ կառավարությունը չի հանձնվում, այս ողջ անցանկալի գործընթացներից խուսափելու համար միջանկյալ լուծում է գտել: 

Երեկ հայտնի դարձավ, որ ՍԱՏՄ պետը կօգտվի իրեն վերապահված վերջին հնարավորությունից, այն է՝ վերաքննիչ դատարանի վճռից մեկ ամիս անց, այն էլ՝ վերջին օրվա վերջին րոպեների դրությամբ Վճռաբեկ դատարան է մուտք արվել բողոքարկման պահանջը, որպեսզի մի քիչ էլ երակաձգվի Գեորգի Ավետիսյանի պաշտոնավարումը:

Հայցը կընդունվի՞ վարույթ, թե՞ ոչ՝ սա արդեն լրիվ տեխնիկական հարց է, առաջիկայում կպարզվի: Բանն այն է, որ դատական պրակտիկայում սովորաբար Վճռաբեկ դատարանը վիճարկում է առաջին և երկրորդ դատական ատյաններում կայացրած իրարամերժ որոշումները, մինչդեռ այս դեպքում դրանք երկուսն էլ նույնն են՝ ՍԱՏՄ պետի պաշտոնում նշանակումն հակաօրինական է ճանաչվել, ուստի իրավիճակի ելքը կանխորոշված է: Իսկ ինչու՞ է կառավարությունն այդքան ամուր ատամներով պահում Գեորգի Ավետիսյանի մասնավոր շահը, ինչով է այս անձը շահել հեղափոխականների սիրտը, երևի թե առաջին նախագահի երկրպագուն համարվելու շնորհիվ։  

 Մամուլում հաճախ է գրվում փոխվարչապետ  Տիգրան Ավինյանի կողմից սույն անձի  հովանավորյալ լինելու մասին՝ ընդհուպ դրվագներ նրանց ճոխ նվիրատվություններից՝ JEEP-ամենագնաց՝ ՌԴ-ից բերված աջակցության հաշվին:  

Ի դեպ,  փոխվարչապետ Տիգրան Ավինյանին շքեղ JEEP նվիրելու «պատմական» դրվագը միակը չէ Գեորգի Ավետիսյանի հարուստ կենսափորձում։  Մինչ այդ՝ իշխանությանը հաճոյանալու հարցում սույն պաշտոնյան, ըստ մամուլի հրապարակումների, աչքի է ընկել Դավիթ Սանասարյանի պաշտոնանկության շրջանում։ Կցկտուր տեղեկություններ կան, որ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի մեկ զանգը ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանի համար ճակատագրական եղավ (թեև անունը չի նշվում)։

Խոսվում էր՝ իբր X գործարարին ընդառաջելու Սանասարյանի խնդրանքի մասին, ինչն իբրև միջամտության փորձ՝  փաթեթավորվել ու միանգամից զեկուցվել է վերադասին։ Սա էլ ընկալվել էր  գործարարին հովանավորելու փորձ, հետևաբար պաշտոնեական դիրքի չարաշահում, և հետաքրքիր զարգացումներ էր ստացել։ Այնպես որ, Դավիթ Սանասարյանի աղմկոտ պաշտոնանկության հիմքում, ինչպես նաև վերջինիս վարչապետից մեկուսացնելու և առհասարակ իշխանությունից դուրս մղելու  հիմնական վարկածներից մեկն առնչվում է նաև ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանի հետ, ինչը, ի դեպ, չի հերքվել այսքան ժամանակ։

Հիշեցնենք, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման շրջանում Սննդի անվտանգության տեսչական մարմինը ԵԱՏՄ-ից որպես նվիրատվություն ստացել էր TOYOTA Land Cruiser մակնիշի 4 ջիփ-ամենագնաց՝ լրիվ նոր վիճակում (արժեքը՝ շուրջ 70.000 դոլար): Բայց, երբ դրանք Հայաստան էին հասել, ՍԱՏՄ հաշվեկշռում լինելով հանդերձ՝  Գեորգի Ավետիսյանը կամայականորեն որոշել էր բաշխել դրանք՝ իրեն հաճո պաշտոնյաների միջև՝ իբրև լավություն:

Այդպիսով՝ հեղափոխական չինովնիկները սեփական քմահաճույքի համար իրենց թույլ էին տվել շրջանցել ՀՀ-ՌԴ միջև ձեռք բերված միջկառավարական պայմանավորվածությունը, ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրով գույքի ձեռքբերման  փաստաթղթավորված նախապայմանը  և աջակցության տեսքով Երևան բերված JEEP-երի շահագործման նպատակային նշանակությունը:  

Սյուզի Բադոյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ