26 10 2019

Համաշխարհային բանկը վերահաստատում է՝ ՀՀ-ն զիջել է դիրքերը․ Ամերիկայի ձայն



«Ամերիկայի ձայն»-ը գրում է․ Doing Business 2020 ամենամյա զեկույցում, որը չափում է երկրի ընդհանուր մթնոլորտը բիզնեսի իրականացման դյուրինության առումով, Հայաստանի մասով որեւէ անճշտություն չկա. այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Համաշխարհային բանկից:

Հիշեցնենք, որ Հայաստանը` որպես գործարարությամբ զբաղվելու համար «բարենպաստ» երկիր, Համաշխարհային բանկի խմբի Doing Business-ի այս տարվա հեղինակավոր ցանկում զբաղեցրել է 47-րդ տեղը: Անցյալ տարի Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով 41-րդն էր՝ նախորդ տարվա զեկույցում 47-րդի համեմատ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային բանկի գործարարության Doing Business-ի ցուցանիշները խնդրահարույց էր համարել, իսկ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել էր, որ հրապարակված զեկույցում տեխնիկական խնդիր կա, որը, եթե ուղղվի, մենք 37-րդ տեղը կզբաղեցնենք:

 «Մեր տեսակետից, որևէ անճշտություն կամ սխալ Հայաստանի մասով չկա: Այս տարի մենք պարզապես փոքր-ինչ վերանայեցինք և վերափոխեցինք փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության ցուցանիշների գնահատականը: Որևէ նոր տարր չենք ավելացրել, պարզապես, շտկումներ ենք մտցրել»,- ասել է Համաշխարհային բանկի մասնավոր ոլորտի զարգացման ավագ մասնագետ Վալենտինա Սալթայնը:

 Նրա խոսքով՝ փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության համար հավելյալ միավորներ ստանալու համար երկրին անհրաժեշտ է ունենալ ֆոնդային շուկայում ձայնի իրավունք ընձեռող բաժնետոմսեր վաճառող առնվազն 10 մասնավոր ընկերություն, մինչդեռ, Հայաստանի ֆոնդային շուկայում առկա է միայն 7 նման ընկերություն, որոնցից մասնավոր են միայն երեքը:

«Դա կառավարությունը կարող է ինքնուրույն անել: Պետությունը, անշուշտ, չի կարող այլ ընկերություններին ստիպել ֆոնդային շուկա դուրս գալ: Դա մի բան է, որ պետք է բնական կերպով տեղի ունենալ, իսկ կառավարությունը կարող է դրա համար պայմաններ ստեղծել օրենքներ ընդունելով», - նշել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչը:

Մանրամասները՝  «Ամերիկայի ձայն»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ