12 10 2019

Մարզերի կշիռը ՀՆԱ-ի մեջ․ Politeconomy.org

Մարզերի կշիռը ՀՆԱ-ի մեջ․ Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «Տնտեսական թեմաների մեջ մի նյութ հազվադեպ է քննարկվում: Խոսքը մեր երկրում մայրաքաղաքի և մարզերի անհամամասնական զարգացման մասին է: Տնտեսության տեսանկյունից: Հավանաբար այն պատճառով, որ ցավոտ թեմա է:

2000-ականներին առաջինը ազգագրագետներն իրենց ուսումնասիրություններում սկսեցին գրել այս մասին: Ըստ նրանց՝ մարզային բնակչության մոտ խանդ ու նախանձ հիշեցնող զգացում էր ձևավորվում մայրաքաղաքի հանդեպ: Մյուս ոլորտների մասնագետներին այս անհամամասնությունը հավանաբար «բնական» էր թվում: Մեր վիճակագրությունը միշտ էլ ուշացումով է հրապարակում ՀՆԱ-ի մասին պաշտոնական տվյալները: Հետևաբար տնտեսության վերլուծություններում այն կորցնում է իր հրատապությունն ու մղվում ետին պլան:

Օրինակ, 2017թ․ ՀՆԱ-ի տվյալները հրապարակվել են այս տարվա հոկտեմբերի 7-ին «ՀՀ սոցիալ տնտեսական վիճակը 2019թ հունվար-օգոստոսին» հաշվետվության մեջ: Խոսքը, բնականաբար, ՀՆԱ մակրոտնտեսական ընդհանուր ցուցանիշի մասին չէ: Այլ այն, թե մեր երկրի ներսում վարչատարածքային բաժանումներն որքան լումա-մաս ունեն երկրի ՀՆԱ-ի ձևավորման գործում: Այս տեսանկյունից առաջամարտիկը, բնականաբար, մայրաքաղաքն է:

2018թ․ հունվարի 1-ի դրությամբ Երևանի մշտական բնակչության քանակը մոտ 1 մլն 77 հազար 600 էր` երկրի բնակչության 36.2 տոկոսը: Սակայն մայրաքաղաքում արտադրվել-ձևավորվել է 2017թ ՀՆԱ-ի 54.5 տոկոսը: ՀՆԱ-ի ցուցանիշը հաշվարկվում է երկու մոտեցումով․ առաջին՝ մեկ շնչի հաշվով և երկրորդ՝ մեկ զբաղվածի (աշխատանք ունեցողի) հաշվով: Երկու մոտեցում-գործակիցները նպատակ ունեն ի ցույց դնելու առաջին դեպքում տվյալ վարչական տարածքի ընդհանուր արդյունավետությունը, երկրորդ` մեկ զբաղված բնակչի աշխատանքի արդյունավետությունը: Երկու մոտեցումներով էլ առաջին տեղում Երևանի բնակչությունն է և մայրաքաղաքում աշխատանք ունեցողը:

Երևանում մեկ զբաղվածի ցուցանիշը միջին հանրապետական ցուցանիշից համարյա կրկնակի բարձր է` 194.8 տոկոս: Իսկ մեկ շնչի հաշվով ցուցանիշը միջին հանրապետական ցուցանիշից բարձ է ավելի քան կիսով չափ` 150.8 տոկոս: 2017թ․ մակրոտնտեսական պատկերն ընդգծում է, որ մեկ զբաղվածի հաշվով երկրորդ տեղում Սյունիքի մարզն է` 122.8 տոկոս: Մյուս բոլոր մարզերը շատ ավելի ցածր ցուցանիշ ունեն: Սակայն մեկ շնչի (բնակչի) հաշվարկով Երևանից բացի հանրապետական միջինից բարձր ցուցանիշ 2017-ին ունեցել են Սյունիքի մարզը`129.4 տոկոս և Վայոց ձորի մարզը` 101.3 տոկոս:

Երկու մարզերի արձանագրած ցուցանիշը բացատրություն ունի: Այն այսօր մերժելու աստիճան «անընդունելի է»: Որովհետև երկրի ՀՆԱ-ում այս երկու մարզերն էլ 2017-ին իրենց վաստակն ունեցել են հանքահումքային արդյունաբերության շնորհիվ: Հիմա դիտարկենք, թե որ մարզերն են ամենացածր ցուցանիշներն արձանագրել: Սկզբում մեկ շնչի հաշվով արդյունքների մասին: Սանդղակում ներքևից երրորդը Շիրակն է՝ 53.7 տոկոս ցուցանիշով: Ապա Գեղարքունիքի մարզն է՝ 52.2 տոկոսով: Իսկ վերջին տեղում Տավուշն է` 51.2 տոկոս: Հետաքրքրիր է, որ «ետնապահները» փոխվում են, երբ դիտարկվում է ներքին արդյունքի արտադրությունը մեկ զբաղվածի հաշվով: Սակայն վերջին տեղում կրկին Տավուշն է: Այստեղ մեկ զբաղվածը ապահովում է միջին հանրապետական ցուցանիշի 43.4 տոկոսը: Սա կեսից պակաս միակ ցուցանիշ է: Վերջից երկրորդը Լոռին է` 52.2 տոկոս և Արմավիրի մարզը` 52.8 տոկոսով: Սա ինչ-որ իմաստով անսպասելի և մասնագիտական լուրջ վերլուծության կարոտ փաստ է: Իսկ այն, որ այս վիճակագրությունը բավական իրական պատկեր է ստեղծում, կարելի է պարզել մյուս տվյալներով ու հետազոտություններով, որտեղ ուսումնասիրվել են, ասենք, աղքատության պատկերը և գործազրկության մակարդակը:

Նոր իշխանությունների տնտեսական քաղաքականության մեջ այս խնդիրները որևէ կերպ արտացոլված չեն: Հնարավոր չէ հասկանալ, թե ինչի հաշվին պիտի հաղթահարվի տնտեսական իրավիճակում արձանագրված այս անհամամասնությունը: Հույս դնել միայն ներքին ու արտաքին զբոսաշրջության վրա, լուրջ մոտեցում չէ: Մեր մարզերն իրենք էլ խիստ տարբեր արժեք ունեն զբոսաշրջության տեսանկյունից: Իսկ տնտեսության իրական հատվածում ուղղորդված տնտեսական քաղաքականության հետքն էլ չի երևում: Դաժան է, բայց արևելյան իմաստությունն ասում է՝ «Նույնիսկ ծնողներն իրենց որդիներից աշխատավորին են սիրում»:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ