09 10 2019

Հայաստանում ներդրումները շարունակում են նվազել

Հայաստանում ներդրումները շարունակում են նվազել

«Թավշյա հեղափոխություն» կոչվող իշխանափոխությունից հետո Հայաստանում ներդրումները կտրուկ կրճատվեցին և այս պահի դրությամբ շարունակում են զիջել նախահեղափոխական ժամանակաշրջանին։ Հիշեցնենք, որ 2018 թ․-ի առաջին եռամսյակում Հայաստանում օտարերկրյա ներդրումները գերազանցել էին 94 մլն դոլարը, իսկ դրանից առաջ՝ 2017 թ․-ի չորրորդ եռամսյակում ծավալն ավելի մեծ էր՝ 102 մլն դոլար։ Այն բանից հետո, երբ իշխանությունը վերցրեց Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը, ներդրումների ծավալը կտրուկ նվազեց՝ 2018 թ․-ի երկրորդ եռամսյակում, ճշտված տվյալներով կազմելով 14 մլն դոլար։ Ընդ որում, մինչ Կենտրոնական բանկի կողմից այդ տվյալի, այսպես կոչված, «ճշտումը», ներդրումների չափը 9 մլն դոլար էր այդ եռամսյակում։

Անցած տարվա երրորդ և չորրորդ եռամսյակներում ներդրումների ծավալը որոշ չափով վերակագնվեց՝ կազմելով նախ՝ 77 մլն, ապա 67 մլն դոլար։ Սակայն ակնհայտ է, որ դրանք այն ներդրումային ծրագրերն էին, որոնք սկսվել էին մինչև 2018 թ․-ի ապրիլ-մայիսը և մի պահ կանգ առել այդ ամիսներին։ Հասկանալու համար, թե ինչպե՞ս է փոխվել Հայաստանի ներդրումային գրավչությունը անցյալ տարվա ապրիլ-մայիսյան դեպքերից հետո, հարկ է դիտարկել այս տարվա ընթացքում օտարերկրյա ներդրումների ծավալը։

Համաձայն վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա առաջին կիսամսյակում ուղղակի օտարերկրյա ներդրումները Հայաստանում նվազել են 30 մլրդ դրամով, իսկ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն, այդ նույն ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմել են 91,2 մլն դոլար։

Կենտրոնական բանկի հրապարակումից պարզ է դառնում, որ մասնավորապես այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումները կազմել էին 34,6 մլն դոլար՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազելով մոտ երեք անգամ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 56,6 մլն դոլար։

Այս տարվա երկրորդ եռամսյակի 56,6 մլն դոլարն ավելի է անցած տարվա երկորդ «հեղափոխական» երկրորդ եռամսյակի գահավիժած ցուցանիշի՝ 14 մլն դոլարի համեմատ, բայց դրանով հպարտանալ, մեղմ ասած, անհնար է։

Բացի նրանից, որ նման աճը գրանցվել է կտրուկ անկման ֆոնին, այս տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշները զիջում են անգամ անցյալ տարվա երրորդ եռամսյակի և չորրոդ եռամսյակի ցուցանիշներին։

Ավելին, այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակների օտարերկրյա ներդրումների միացյալ ծավալը՝ 91,2 մլն դոլար զիջում է անցյալ տարվա միայն առաջին եռամսյակի 94,4 մլն դոլարին։

Առաջ անցնելով նշենք, որ Թեղուտի և Ամուլսարի ներդրումային ծրագրերի վերսկսման դեպքում հավանական է, որ Հայստանում կատարված օտարեկրյա ներդրումների ծավալները կավելանան որոշ չափով, իսկ նախկին ներդրումային ծրագրերը կշարունակվեն։ Սակայն փաստ է, որ դրանք բոլորը նախորդ իշխանության ջանքերով Հայաստան բերված ներդրումներն են, իսկ «նոր Հայաստանի» իշխանությունների կողմից որևէ քիչ թե շատ ներդրումային ծրագիր չի բերվել։ Հակառակ այն բանի, որ իր արտասհամանյան թանկարժեք շրջագայությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանը ներկայացնել որպես ներդրումների համար նպաստավոր երկիր և կոչ անում ներդրումներ կատարել, դրանք տեղի չեն ունենում։ Պատճառը հայտնի է բոլորին՝ խոսքի և գործի հակադրությունը։ Օտարերկրյա խոշոր ներդրումային ընկերությունների նկատմամբ քրեական գործեր հարուցելու, ծրագրեր կասեցնելու և պայմանագրեր խզելու, ներքին ներդրողներին հալածելու՝ ընդհուպ ձերբակալելու, բանկային գաղտնիք բացահայտելու և այդ բացահայտումը օրենսդրական հիմքի վրա դնելու, «պատերին ծեփելու» և «ասֆալտին պառկեցնելու» պետական քաղաքականության պայմաններում ոչ մի օտարերկրյա ներդրող չի ցանկանա նման երկրում ներդրում կատարել։ Դրսի և ներսի տարատեսակ վարկանիշային կազմակերպությունների, փորձագետներին այս հարցում լավատեսական գնահատականներն էլ միայն ժպիտ են առաջացնում։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ