Երևանում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից։
Բացման խոսքում Սուրեն Պապիկյանն իր երախտագիտությունն է հայտնել և՛ Հայաստանի կառավարությանը, և՛ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին «Եվրասիական միության տարանցիկ ներուժի զարգացումը» խորագիրը կրող միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում այս հանդիպումը կազմակերպելու համար։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել կառույցի անդամ պետությունների ներկայացուցիչներին այս կարևորագույն միջոցառմանն աջակցելու և դրան մասնակցելու կապակցությամբ։
Նիստի ընթացքում աշխատակարգային ձևաչափով քննարկվել են օրակարգում ներառված մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2018-2020 թվականների համար համակարգված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզներ») իրականացմանը, տրանսպորտի ոլորտի զարգացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստմանը, կաբոտաժային, ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծրագրերի իրականացմանը, մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ծրագրերին:
Հանդիպման ավարտին նախարարները որոշում են կայացրել հաջորդ նախարարական նիստն անցկացնել 2019թ. նոյեմբերի 22-ին Մոսկվայում «Տրանսպորտային շաբաթ» միջոցառման շրջանակներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը