13 09 2019

Նոր օրենքը կհանգեցնի կատաստրոֆիկ հետևանքների. Արթուր Խաչատրյան․ Tert.am

Նոր օրենքը կհանգեցնի կատաստրոֆիկ հետևանքների. Արթուր Խաչատրյան․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Բանկային գաղտնիքի մասին օրենքում արմատական փոփոխությունների ընդունումից հետո բանկային համակարգի այլընտրանքը կդառնա կանխիկ գումարը, ինչը տնտեսության համար պարզապես կատաստրոֆիկ կլինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ բանկային գաղտնիքի մասին կառավարության կողմից ընդունված նախագծի վերաբերյալ:

«Բանկերից կսկսվի ավանդների արտահոսք, եթե ֆիզիկական, կամ իրավաբանական անձն իր գումարը պահում է ֆինանսական հաստատությունում, ինքն ակնկալում է ոչ միայն ապահովություն և հուսալիություն, այլև որոշակի գաղտնիություն: Որևէ մեկը չի ուզենա, որպեսզի իր գումարի մեծությունը, ծագման աղբյուրները հանրության համար հայտնի դառնան: Եթե բանկային գաղտնիքի մասին օրենքն արմատական փոփոխության է ենթարկվում,ապա տեղեկատվության հասանելիությունը շատ ավելի է մեծանում, և իհարկե, բնական ռեակցիա կլինի այն, որ մարդիկ իրենց գումարը հանեն: Եթե մենք ուզում ենք Հայաստանը վերածել գոնե ռեգիոնալ ֆինանսական կենտրոնի, պետք է ներդրողների համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծենք, որպեսզի օրինական ծագմամբ գումարների մասին տեղեկատվությունը հեշտ հասանելի չլինի»,- մանրամասնեց նա:Արթուր Խաչատրյանը ճիշտ է համարում գործող օրենքի կարգավորումը, որով բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրվում է դատարանի որոշմամբ, իսկ այժմ նախատեսում են քննիչի որոշմամբ տեղկատվություն ստանալ:

«Այո, գումարների ծագման աղբյուրները պետք է վերահսկվեն, փողերը բանկային համակարգի միջոցով չպետք է լվացվեն, բայց դա չի նշանակում, որ քննիչի որոշմամբ բանկային տեղեկատվությունը կարող է հասանելի դառնալ, չի կարելի այդպիսի բան անել: Խնդիներ կառաջանան միջազգային և տեղական ներդրումների համար: Գումարը պետք է լինի ապահով, վստահելի, բաց պետք է միևնույն ժամանակ գաղտնիությունն ապահովվի: Միջազգային ներդրողները գնում են այն տեղերը, որտեղ վստահելիությունից բացի նաև գաղտնիությունն է ապահովված»,- մանրամասնեց նա

Անդրադառնալով հարցին` արդյո՞ք կառավարությունը ռիսկերը չի հաշվարկել, Արթուր Խաչատրյանն ասաց.

«Շատ հաճախ դժավարանում եմ հասկանալ, թե կառավարությունն ինչ տրամաբանությամբ է որոշումներ կայացնում, լինի դա կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություն, լինի դա բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ կատարել, լինի դա Ամուլսարի շահագործում: Թող ֆինանսական համակարգի ներկայացուցիչներն արձագանքը լսեն, թող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արձագանքը լսեն, մարդն ամբողջ կյանքում բանկային համակարգում է աշխատել: Դեպի դժոխք տանող ճանապարհը կազմված է լավագույն մտադրություններից, գուցե մտադրությունը դրական է, բայց հետևանքը կարող է շատ տխուր լինել»,- նշեց նախկին նախարարը:

Հիշեցնենք, որ կառավարության կողմից ընդունված փոփոխությունների նախագծով որոշում է կայացվել վերացնել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունների, ինչպես նաև ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման սուբյեկտային սահմանափակումը (մեղադրյալ և կասկածյալ) և սահմանել, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները և վերը հիշատակված տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ