27 08 2019

Նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ստում է․ «Լիդիան Արմենիա»

Նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ստում է․ «Լիդիան Արմենիա»

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ստում է։

Ի գիտություն լրատվամիջոցների։ Պարզաբանում։ Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի կողմից վարչապետին ներկայացված տեղեկությունը, թե իբր Ընկերությունը ՇՄԱԳ-ի հաստատումից հետո նախագծային փոփոխություն է կատարել, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։

Հատկապես Էդգար Ղազարյանը, լինելով նախկին մարզպետ, պետք է որ քաջատեղյակ լիներ, որ այդ տարիներին Ընկերության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու նպատակով 2 անգամ կատարվեցին իրավական ակտերի փոփոխություններ, որոնց պայմաններում Ընկերությունը ստիպված էր կատարել նախագծային փոփոխություններ և ամեն անգամ իրականացնել նոր ՇՄԱԳ-ներ։

Դրանից հետո միայն Ընկերությունը ստացել է իր թույլտվությունները։ Ընդ որում, այն փաստը, որ հենց 2012-2013 թվականներին գոյություն չունեցող, հորինված բնապահպանական նկատառումներով կատարվել են իրավական ակտերի նշված փոփոխությունները՝ Լիդիանի համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելով, վկայում է այն մասին, որ Ընկերությունը չի ենթարկվել խաղի ընդունված կանոններին և ստեղծված արհեստական խոչընդոտների արդյունքում ստիպված է եղել ամեն անգամ լրացուցիչ գումարներ և ժամանակ վատնել։ Լիդիանի առաջ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել բոլոր ժամանակներում։

Հավելենք, որ որպես պատասխանատու ընկերություն, յուրաքանչյուր դեպքում, երբ Ընկերությունը նախագծում կատարել է թեկուզ աննշան փոփոխություններ, ի հակադրություն նմանատիպ իրավիճակներում ընդերքօգտագործման ոլորտում գործունեություն իրականացնող այլ սուբյեկտների վարքագծի, Ընկերությունը նոր ՇՄԱԳ է իրականացրել։ Օրենքի տառից չշեղվելու նպատակով վերջին այսպիսի ՇՄԱԳ-ը իրականացվել է 2016 թվականին, որից հետո Ընկերությունը որևէ նախագծային փոփոխություն չի կատարել։ Բոլոր թույլտվությունները հիմնված են հաստատված ՇՄԱԳ-ի վրա։ Այսպիսով, նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը, ցավոք, ստում է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ