20 08 2019

Ասեմ, թե ի՞նչ հրեշավոր ստի հետ գործ ունենք. Արթուր Գրիգորյան

Ասեմ, թե ի՞նչ հրեշավոր ստի հետ գործ ունենք. Արթուր Գրիգորյան

Նշանակմանս օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին, իսկ երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը, կատարողները Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ գործ ունենք հրեշավոր ստի հետ, եւ լիբանանյան փորձաքննությունը բացարձակ ֆիկցիա էր։

Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․

 «Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին ես գիտեի դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էի: Այս ողջ ընթացքում ամենամոտ մարդկանց ներկայացնում էի փաստեր ու բացատրում, որ ներկայիս իշխանության անտրամաբանական գործողությունների միակ մեկանաբանությունն այն է, որ նրանք պահում են կոռումպացված համակարգը՝ իր բոլոր ստվերային մեխանիզմներով: Ինչո՞ւ, որովհետև այսօրվա իշխանությունն իր էության մեջ նույնն է՝ իր գործելաոճով ու պատասխանատվությամբ, այլապես ինչո՞ւ պետք է նորերն իրենց վրա վերցնեն հների արածների պատասխանատվությունը: Դա հնարավոր է այն դեպքում միայն, երբ դու նույն մարդն ես՝ նույն սուբյեկտի այլափոխությունը: Ներկայացրեք խնդրեմ այլ տրամաբանություն: Ամուլսարի հարցով այն աստիճանի արգումենտ չունեն, որ որպես փաստարկ ասում են՝ բա մյուս հանքերի դեմ ինչո՞ւ չեք պայքարում: Ուզում եք ասել՝ մյուսնե՞րն էլ են անօրինական աշխատում, բա դուք ինչո՞ւ եք անգործություն ցուցաբերում: Քաջարանի ստուգման արդյունքների մասին սկսե՞մ խոսել... 

Մինչև հիմա կոռեկտ չեմ համարել կառավարության աշխատելաոճի վերաբերյալ նուրբ մանրամասներ ներկայացնել՝ ի վերջո միասին ճամփա անցած մարդկանցից շատ-շատերը իշխանական ճամբարում էին, բայց այսօր կառուցված բարիկադից ու այս օրերի ցածրաճաշակ ստախոսություններից հետո էլ իմաստ չունի նրբանկատություն անել, պետք է իշխանության ճամբարում գտնվող մարդկանց առջև հստակ ընտրություն կատարելու եզրագիծը քաշել, քանիոր նրանց գործոնն օգտագործվում է իշխանության ներսում բանավեճի իմիտացիա ստեղծելու համար, այն դեպքում, երբ վաղուց արդեն անելիքը որոշված է:

Նշանակմանս օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին, իսկ երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը: Չգիտեմ՝ վարչապետ Փաշինյանի հետ ո՞ր մասն էր համաձայնեցված, բայց կատարողներն են Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով: Անգամ Լիդիանի ղեկավարության հետ մի հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչներն ինձ ուղիղ տեքստով ասացին՝

- Մեզ ասել էին, որ դուք գնալու եք Ամուլսար տանող ճանապարհները բացեք:

-Ո՞վ էր ձեզ այդպիսի բան ասել:

-Կառավարությունից...

Հիմա երկու բովանդակային դիտարկում անեմ՝ գործընթացի տրամաբանությունը հասկանալու համար: Որպեսզի պարզ դառնա, թե ի՞նչ հրեշավոր ստի հետ գործ ունենք ասեմ, որ այս լիբանանյան փորձաքննություն կոչվածը բացարձակ ֆիկցիա էր: Նույնպիսի ֆիկցիա է նաև արբիտրաժային վախերը որպես փաստ ներկայացնելը:

1. Հիշում եք՝ երբ Փաշինյանն իմացավ, որ Ամուլսարի շահագործման թույլտվությունը տրամադրվել է բացառապես ընկերության իրականացրած հետազոտությունների վրա, ուղիղ տեքստով ասաց՝ ես չեմ կարող փակ աչքերով թույլտվություն տրամադրել, մենք պետք է հրավիրենք աշխարհի լավագույն մասնագետներին, թող մեզ համար հետազոտություն իրականացնեն, որպեսզի մենք ունենանք մեր հավաստի տվյալները, ոչ թե ընկերության տված տեղեկատվությունը: Դա նշանակում էր իրականացնել այն նույն աշխատանքը, որն իրականացրել են ընկերության մասնագետները՝ դաշտային հետազոտություններ, փորձանմուշների ուսումնասիրություններ և այլն: Արդյունքում իրականացվեց ընկերության տրամադրած փաստաթղթերի գրասենյակային ուսումնասիրություն: Սա ի՞նչ էր: Մենք ունեցա՞նք հավաստի տվյալներ, ասենք՝ այդ տարածքի ստորգետնյա ջրերի կամ կենսաբազմազանության վերաբերյալ: Ո՛չ, չունեցանք: Այս գործողությունը, որի համար վճարել ենք, փորձաքննություն չէր այն իմաստով, որի մասին հայտարարել էր Փաշինյանը:

2. Որպես անվիճելի ճշմարտություն՝ շատ ինքնավստահ կերպով ներկայացնում են անհեթեթ մի այլընտրանք՝ հանքը շահագործվի՞, թե՞ արբիտրաժի արդյունքում 700 միլիոն դոլար վճարենք: Հարց՝ էդ ովքե՞ր են այդ հաշվարկն արել ու ի՞նչ իրավական հիմքերի վրա են եկել հետևության, որ արբիտրաժ է լինելու, այդտեղ պետությունը պարտվելու է և կոնկրետ այդքան գումար վճարելու է: Ինձ ասացեք անուններ, որոնք կանգնած են այդ հաշվարկի հետևում: Ցույց տվեք նաև այն փաստաթղթերը, որոնք հիմք են տվել այդ հաշվարկն անելու համար: Ստում են դա ասողները՝ պարզունակ ու անճաշակ:

Կհարցնեք՝ իսկ ինչո՞ւ են այդպես վարվում: Կոռուպցիա, սովորական կոռուպցիա: Կարծում եմ այլևս իմաստ չունի քննարկել այս կառավարության գործողություններն ու դրանց տրամաբանությունը, փորձել ինչ-որ խորքային իմաստ գտնել դրանցում: Ինձ համար միակ իմաստավորված քննարկման առարկան կարող է լինել հզոր գաղափարախոսությամբ քաղաքական գործընթացի շուրջ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ