ՀՀ կառավարությունը այսօրվա՝ օգոստոսի 15-ի նիստում որոշում ընդունեց «ՕՐԻՈՆ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին:
Որոշման մեջ ասված է, որ «ՕՐԻՈՆ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հանձնաժողովին է ներկայացվել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործման թույլտվություն ստանալու համար համապատասխան հայտ, ըստ որի՝ «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Նախագիծը կառավարության հավանությանն է ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
«ՕՐԻՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ նախատեսում է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
«ՕՐԻՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ կողմից ներկայացված հայտում նշվում է ծրագրի շրջանակներում (2019-2023թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 200 000 ԱՄՆ դոլար: Ծրագրի ընթացքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ` օպերացիոն անձնակազմի համար` մոտ 140 000 դրամ միջին աշխատավարձով և ղեկավար անձնակազմի համար` մոտ 250 000 դրամ:
Ընկերությունն ունենալու է մոտ 16,8 քմ արտադրական տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում: «ԷԿՈՍ» ՓԲԸ համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:
Նշենք, որ «ՕՐԻՈՆ ԳՐՈՒՊ»- ի մասին համացանցում որևէ տեղեկություն առկա չէ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը