10 07 2019

Ո՞րն էր էլեկտրահակարգի վթարման պատճառը. Մանրամասնեց փոխնախարարը

Ո՞րն էր էլեկտրահակարգի վթարման պատճառը. Մանրամասնեց փոխնախարարը

Հայաստանի էնեգետիկ ողջ համակարգում ժամը 1.46 րոպեին հաճախականության տատանում է եղել, որի հետևանքով սկզբում անջատվել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետև Երեւանի ՋԷԿ-ը եւ ավելի փոքր կայանները: Այս մասին հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Նրա խոսքով, հաճախականության տատանումները շարունակական բնույթ են կրել. «Այս պահին դեռևս հստակ ախտորոշված չէ պատճառը, բայց կայունությունը վերականգված է, հաճախականության տատանումներ չունենք ու էներգոհամակարգի արտադրական հզորությունները, մատակարարումը վերականգնում են: Մեր համակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգահամակարգի հետ և ցանկացած տատանում մեր երկրում զգացվում է իրենց մոտ և հակառակը: Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգոհամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք մեր իրանցի գործընկերների հետ եղել ենք կապի մեջ, իրենք ևս փաստել են, որ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում: Բայց ասել, որ 100 տոկոսանոց ասել, որ հաճախականության տատանումները եկել են իրանական էներգոհամակարգից, այս պահին չենք կարող»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, ուսումնասիրություններ կկատարվեն պատճառների վերաբերյալ և մեղավորներն անպայման կպատժվեն, և ավելացրեց, որ անհանգստանալու կարիք չկա. «Որևէ տեխնածին աղետ տեղի չունեցել»:

Խոսելով էներգախնայողության մասին Հակոբ Վարդանյանը ասաց, որ այս պահին էներգախնայողության անցնելու կարիք չկա, քանի որ այն շրջանները, որոնք հոսանք ունեն, դա նորմալ լարման ու հաճախականության էլեկտրականություն է, սակայն կան շրջաններ, որտեղ դեռ հոսանք չկա:

Փոխնախարարը նշեց, որ իրենց հաշվարկներով ժամը 7-ին էներգամատակարարումը վերականգնված կլինի ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ