Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի կարծիքով՝ նոր կառավարության օրոք տնտեսական քաղաքականության ուղղությունը չի փոխվել։ Ըստ նրա՝ վերջին տասը տարիներին բոլորը խոսում են արտահանմանը միտված տնտեսական աճի մասին, հիմա էլ են նույնը խոսում. «Կարծում եմ՝ բացի մուտքի խոչընդոտների վերացումից, որը շատ լավ է, տնտեսվարողները նաեւ ակնկալում են որոշակի որոշումների կայացում, մակրոտնտեսական քաղաքականության խելամիտ իրականացում»,-ասաց նախկին նախարարը:
Նրա խոսքով՝ ներդրողները նշում են, որ մտահոգված են, ուզում են անընդհատ լսել տնտեսական զարգացման մասին, տնտեսական քաղաքականության մասին։ «Եթե նայում ենք տնտեսական ցուցանիշների թվերին, ունենք բարձր ցուցանիշներ, բայց ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի նաեւ տնտեսական աճի կառուցվածքին:
Երբ նայում ենք 2018 թվականը և այս տարվա 4 ամիսները, տնտեսական աճում ոչ արտահանելի հատվածն է գերակշռում: Աճում են ֆինանսական ծառայությունները, շահումով խաղերի ոլորտը, թեեւ կա տեսակետ, որ դա միտված է արտաքին պահանջարկի վրա: Դա չճշտված թեզ է եւ այն տնտեսվարողները, որոնք մատուցում են այդպիսի ծառայություններ, բնականաբար, ասում են, որ իրենք թիրախավորում են արտաքին պահանջարկը: Եթե դա այդպես է, անհանգստանալու խնդիր չկա, բայց եթե այդպես չէ, այսինքն թիրախավորում են ներքին պահանջարկը, անհանգստանալու խնդիր կա։ Ոչ արտահանելի ճյուղերն են գերակա:
Տնտեսական զարգացումը պետք է ուղեկցվի երկու կարեւոր հենքով. արտահանմանը միտված տնտեսական աճ, արտահանողների թիրախավորում եւ երկրորդը տնտեսական համաչափ զարգացումն է: Եթե տնտեսական աճը ստեղծվում է հիմնականում Երեւանում եւ մերձակա շրջաններում, դա վտանգավոր է: Նման դեպքում մանկամտություն կլինի խոսել ներառական աճի կամ ռեգիոնալ ու տնտեսական կայունության մասին»,- նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը