21 05 2019

ԿԲ-ն այս տարի 4.6-6.1% տնտեսական աճ է կանխատեսում

ԿԲ-ն այս տարի 4.6-6.1% տնտեսական աճ է կանխատեսում

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել է ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։

ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին, անդրադարձավ այս տարվա նախատեսվող տնտեսական աճում հանքարդյունաբերության մասնաբաժնին և Ամուլսարի ու Թեղուտի հանքերի խնդրին։

«Թեղուտի մասին որևէ գնահատական չենք տվել հաղորդման մեջ։ Սա նշանակում է, որ եթե աշխատի, ապա դրական շոկի պոտենցիալ է։ Թվերը, որոնք ես քիչ առաջ հրապարակեցի, Թեղուտը չէր ներառում։ Ամուլսարի մասով մենք ենթադրություն ենք արել, որ տարվա երկրորդ կեսից ծրագիրը կշարունակվի, բայց դա մեր գնահատականն է: Այդ տեսակետից որոշակի գնահատականներ կան արդյունաբերության մասով», - նշեց Երիցյանը:

Տնտեսական աճին անդրադառնալով՝ Երիցյանը նշեց, որ համաձայն կանխատեսումների՝ 2019-ի տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1%-ի շրջանակներում, իսկ կոնկրետ կետային կանխատեսումն այս պահի դրությամբ 5.4% է։

Կանխատեսվող հորիզոնում՝ 36 ամսում, տնտեսական աճը կգտնվի 3,8-5,9%-ի միջակայքում՝ կայունանալով իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակի շուրջ, որն այս պահին գնահատվում է 5%-ի շրջանակում։

ԿԲ փոխնախագահը նշեց՝ 2019 թվականի առաջին եռամսյակում գնաճը պահպանվել է հարաբերականորեն ցածր մակարդակում՝ մարտի դրությամբ կազմելով 1.9%՝ հիմնականում կրելով իրականացված հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով պայմանավորված թույլ պահանջարկի ազդեցությունը։

«Հաշվի առնելով համաշխարհային դանդաղման  միտումները, եռամսյակի սկզբին ԿԲ-ն անհրաժեշտ է գտել մի փոքր ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով»,- նշեց Ներսես Երիցյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ