27 04 2019

Ինչի՞ մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը և ինչպիսի՞ն է իրականությունը

Ինչի՞ մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը և ինչպիսի՞ն է իրականությունը

Չնայած փաստերի համադրումը վկայում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տված խստումները հիմնականում չի կատարել, սակայն միևնույն է՝ դա չի խանգարում նրան երբեմն-երբեմն կրկնել, թե խոստումները կատարել է 100 տոկսով: Ավելին, հաճախ բերում է կոնկրետ թվեր, որոնք ուսումնասիրելու արդյունքում պարզվում է, որ միանգամայն սուտ ինֆորմացիա է հրամցվում պետության բարձրագույն օղակից:

Վարչապետը պարբերաբար հանդես է գալիս հաշվետվություններով՝ «մասնագիտական օրը» նշող հպարտ քաղաքացուն նշելու, թե ինչպես է բարեփոխել իր կյանքը:

Այժմ անդրադառնանք այդ թվերին:

«209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, ևս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա 2019 թվականի ընթացքում»։

Իրականում

  • Խոսքը, հավանաբար, եկամտային հարկի և կուտակային հիմնադրամների վճարումներին է վերաբերում։ Ամսական միջինը 4-5 հազար դրամի բարձրացման մասին է խոսքը։ Փոխարենը՝ նվազել են կուտակային համակարգ նոր մուտք գործած մոտ 100 հազար մարդկանց փաստացի աշխատավարձերը, իսկ ընդհանրապես, կուտակային հիմնադրամների վճարումների հետագա տոկոսային փոփոխությունները բերելու են ոչ թե իրական աշխատավարձի ավելացմանը, այլ՝ իջնելուն։
  • Եվս 200 հազար մարդը, հավանաբար, եկամտային հարկի համահարթեցման 23 տոկոսի մասին է։ Բազմիցս ասվել է, որ դա չի ազդելու մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող հարյուրհազարավոր մարդկանց վրա, իսկ ահա բարձր աշխատավարձ ստացողների իրական աշխատավարձը իսկապես կբարձրանա։ Օրինակ՝ 2 մլն դրամ ստացողը 36 տոկոսի փոխարեն կվճարի 23 տոկոս եկամտային հարկ՝ հավելյալ 260 հազար դրամի եկամուտ ստանալով։ Ահա այսպիսի անարդար մոտեցում՝ բարձրացում բացառապես բարձր եկամուտ ունեցողների համար և անփոփոխ եկամուտ՝ ցածր աշխատավարձ ստացողների համար։Հատկանշական է, որ 2014-ին տեղ ունեցավ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի 40-80 տոկոս բարձրացում, որի արդյունքում բարձրացման միջին չափը 70-80 հազար դրամն էր։ Ներկա «բարձրացման» հետ համեմատության եզր անգամ չկա։

«85 հազար մարդու նպաստ ու թոշակ կավելանա հունվարի 1-ից»:

Իրականում

  • Խոսքը 18-19 հազար դրամ ստացող մարդկանց մասին է, որոնք ստանում են բազային կենսաթոշակ, քանի որ չունեն աշխատանքային ստաժ՝ չեն աշխատել ամբողջ կյանքում։ Նրանք կստանան 25 հազար դրամ։ Մի կողմից՝ անարդար մոտեցում․ ամբողջ կյանքում չաշխատածների համար գումար է բարձրանում, իսկ աշխատածների թոշակները մնում են նույնը։ Մյուս կողմից՝ դարձյալ 6 հազար դրամի մասին է խոսքը, որը, ինչպես և նախորդ կետում եկամտային հարկից կուտակային հիմնադրամներին հատկացումների տոկոսների փոփոխությամբ ավելացած եկամուտը, այս տարվա բարձր գնաճն արդեն չեզոքացրել է։

«Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսներն իջել են աննախադեպ ցածր մակարդակի»:

  • Այս ծրագրով և ընդհանրապես՝ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները տարեցտարի շարունակաբար իջել են։ Այս ծրագրով ներկայիս իջեցումն աննախադեպ չէ և չի բերել հիփոթեքային շուկայի ակտիվացման։ Բանն այն է, որ տնտեսության աճի տեմպի կտրուկ անկումը բացասաբար է ազդել բնակչության գնողունակության վրա, այդ թվում՝ բնակարանների ձեռքբերման առումով։

«125 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է»:

  • Պարզ է, որ անպարտաճանաչ վարկառուների մասին է խոսքը։ Մի կողմից անարդար մոտեցում, քանի որ շահում են անպարտաճանաչները, իսկ պարտաճանաչները կանոնավոր վճարել են։ Մյուս կողմից էլ սա ռիսկ է, որ առաջիկայում կավելանան անառողջ վարկերը հենց նույն՝ մաքուր վարկային պատմությունը նվեր (փաստացի նաև ընտրակաշառք) ստացած անպարտաճանաչ վարկառուների կողմից։

«Երկրորդ երեխայի ծննդի համար միանվագ նպաստը եռապատկվել է»:

  • Իսկապես 50 հազար դրամից դարձել է 150 հազար դրամ։ Սակայն ոչ մի հիմնավորում չունեցող և ժողովրդագրական ոչ մի խնդիր չլուծող, սոցիալական վիճակ չբարելավող որոշում։ Համեմատության համար ասենք, որ նախորդ իշխանության ժամանակ երրորդ երեխայի համար սահմանվեց 1,5 մլն դրամ միանվագ գումար։ Այսինքն, ներկայիս եռապատկման դիմաց եղել է շատ ավելի բարձր՝ ծնելիության խրախուսման ժողովրդագրական հստակ նպատակով։

«50 հազարով ավելացել է գրանցված աշխատողների թիվը»:

  • Պարզվել է, որ ստվերից դուրս բերված աշխատատեղերի պատճառով փոքր ձեռնարկությունների համար հարկային բեռ է ավելացել, և շատերը պարզապես դադարել են գործել, իսկ խոշորներն աշխատողների իրական թիվ են կրճատել, որոնց դիմաց նախկինում եկամտային հարկ չէին վճարում, բայց աշխատատեղեր էին ապահովում։

«Վերացել են տնտեսական մենաշնորհները»:

  • Սա ամենամեծ զավեշտներից է։ Հայաստանի շուկաները հիմա էլ ունեն բարձր կենտրոնացվածություն՝ գերիշխող դիրք ունեցողներ։ Այո, նման դիրք (մենաշնորհ արտահայտությունը մեր օրենսդրության մեջ չի կիրառվում) ունեցողների մասնաբաժինը վերջին տարիներին, շեշտենք՝ տարիներին, այլ ոչ թե ամիսներին, նվազել է։ Դա տեղի է ունենում 2015թ․-ից՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելուց հետո, որի արդյունքում հեշտացավ և էժանացավ միության անդամ երկրներից ներմուծումը, վերացան մաքսատուրքերը։

«Երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում է տեղի ունեցել 150 հազար մարդու նկատմամբ, ներվել է 13 մլրդ դրամ»:

Այսօր ստանում ենք դրա ծանր հետևանքները՝ ճանապարհատրանսպորտային խախտումների և մահվան ելքով դեպքերի կտրուկ աճ։ Խախտումները հունվար-սեպտեմբերին աճել են 14,5 տոկոսով, մահվան դեպքերը՝ 22,5 տոկոսով։ Սա Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս ձևով պահպանելու հետևանք է։

Սրտի ստենդավորման գները նվազել են 250 հազար դրամով:

  • Սրտի ստենդավորման գները օրինակ՝ 2016-ին նվազել են 500-600 հազար դրամով, 2017-ին՝ ևս 700 հազար դրամով։ Իսկ հրատապ սրտի ստենդները դեռ նախորդ կառավարությունների ժամանակ պետպատվերի շրջանակներում էր:

«Երկրում վերացել է համակարգային կոռուպցիան»:

  • ՊՎԾ բարձրաստիճան աշխատողների, առողջապահության փոխնախարարի, բռնված դատավորի փաստերի կողքին նման պնդումներն անհեթեթություն են: Բացի այդ, աշխարհի ոչ մի երկրում կոռուպցիան չի վերացել և չի վերանա, Հայաստանում՝ առավել ևս։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի բեմադրություն կա, բայց՝ ոչ պայքար։ Պայքարն առաջին հերթին կոռուպցիոն սողանցքների վերացումն ու կոռուպցիոն մեխանիզմների բացառումն է, ոչ թե մարդկանց ձերբակալելը ու՝ անապացույց, առանց քննչական գործողությունների ամիսներով կալանքի տակ պահելը։

«Երբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցության բոլոր լծակներից»:

  • Այսինքն, նախկինում Սամվել Ալեքսանյանը կամ Գագիկ Ծառուկյա՞նն են ազդեցություն ունեցել կառավարության որոշումների վրա, իսկ հիմա չունե՞ն։

«Վերջին 24 տարվա ընթացքում առաջին անգամ երկրում ընտրությունները չեն կեղծվում»:

  • Նախորդ՝ 2017-ի ընտրությունների արդյունքներն ընդունվել և չեն վիճարկվել նույն Նիկոլ Փաշինյանի կողմից։

«60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինությունը»:

  • Վիճակագրությունում, չկան նշած ո՛չ ժամկետների, ո՛չ էլ ծավալների մասին տեղեկություններ։ Համենայն դեպս, առաջին եռամսյակի 23 տոկոս աճի համեմատ, շինարարության ծավալների աճը 10 ամիսների արդյունքներով իջել է մինչև 6,5 տոկոսի։

«Զբոսաշրջությունն 8,8 տոկոս աճ է արձանագրել»:

  • Խոսքն անցած տարվա ինը ամիսների մասին է։ Մինչդեռ, առաջին երեք ամիսներին աճը կազմել էր 16,1 տոկոս, առաջին վեց ամիսներին՝ 10,2 տոկոս։ Այսինքն՝ աճի տեմպը նվազում է։

«Հանրության առջև բացվել են Բաղրամյան 26-ի և Ազգային ժողովի դարպասները»:

  • Եվ ի՞նչ․․․

«Այս պահին ունենք ներգաղթ, արտագաղթի փոխարեն»:

  • 2017 թ․ի հոկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանի բնակչությունը կազմել է 2 մլն 979 հազար մարդ, 2018 թ․-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 2 մլն 969 հազար մարդ, այսինքն՝ 10 հազարով պակաս։ Սա վիճակագրական ծառայության ժողովրդագրական վերջին՝ ամենաթարմ տվյալն է։

«Քննչական մարմինները գործում են անկաշկանդ, առաջիկա օրերին նոր բացահայտումներ կլինեն»:

  • Քննչական մարմինները ոչ թե անկաշկանդ են, այլ վերածվել են պետական հալածանքների և ահաբեկումների գլխավոր գործիքի, իսկ նոր բացահայտումների սերիալին ժողովուրդն արդեն սովորել է՝ մեղադրանք, ձերբակալություն, հետո մոռացություն մեղադրանքը չապացուցվելու պատճառով։

«Հայաստանում 2018թ․ տրանսպորտային ուղևորահոսքը 12 տոկոսով աճել է»։

Վիճծառայությունը փաստում է, որ ուղևորահոսքն անցած տարվա հունվար-հոկտեմբերին ոչ թե աճել է 12 տոկոսով, այլ՝ նվազել է 7,3 տոկոսով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ