Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է հայկական «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը: Այդ մասին, ըստ «Առկա»-ի՝ հինգշաբթի օրը, ապրիլի 25-ին, ռուսական Կոնակովո քաղաքում հայ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԶԲ կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին:
«Մեր մոտ ամեն ինչ պատրաստ է, սակայն մենք դադարեցրել ենք ֆիանսավորումը: Մենք չենք կարող այդպես միանգամից գումար հատկացնել, եթե խոսքը գնում է հնարավոր սնանկացման մասին»,- նշեց Բելյանինովը:
Նա հաստատեց նաև, որ մինչև քրեական գործի ավարտը ոչ մի գործընթաց չի կատարվի:
«Դա բաժնետերերի գումարներն են, մենք չենք կարող ռիսկի ենթարկել դրանք: Սակայն մենք արխիվ չենք ուղարկել այդ հարցը, ընդամենը հետաձգել ենք ֆորս մաժորային իրավիճակների պատճառով», - ասաց նա:
Ավելի վաղ նշել էինք, որ ՊԵԿ-ը մեղադրում է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին հատկապես խոշոր չափերի հարկերից և մաքսատուրքերից խուսափելու համար։ ՊԵԿ-ի տվյալներով, ընկերությունում բացահայտվել է 7 036 666 312 դրամի չափի հարկերի չվճարման դեպք։ ՊԵԿ-ը միջնորդություն էր ներկայացրել Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ, ինչն ապրիլի 8-ին բավարարվել է։
Դավիթ Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը