04 04 2019

Շրջանառության հարկի շեմը դարձնել 115 մլն դրամ․ օրենսդրական նախագիծ

Շրջանառության հարկի շեմը դարձնել 115 մլն դրամ․ օրենսդրական նախագիծ

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում:

«Հատկապես ՓՄՁ ոլորտի և հանրային սննդի ոլորտում աշխատող գործարարներ։ Ձեզ համար լավ նորություն ունեմ։

Ուզում եմ տեղեկացնել, որ շրջանառության մեջ եմ դրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ։

Մասնավորապես, առաջարկել եմ.

1. շրջանառության հարկի շեմը 58.35 մլն դրամից վերադարձնել 115 միլիոն դրամի,

2. նվազեցնել հանրային սննդի ոլորտում գործող ընկերությունների հարկային բեռը` այն ամրագրելով 2018 թվականի երկրորդ կիսամյակի համար սահմանված չափով՝ իրացման շրջանառության 6 տոկոս` հանած ծախսերի 3 տոկոս, բայց ոչ պակաս իրացման շրջանառության 4 տոկոսից (2019 թվականի հունվար 1-ից գործում է 8 տոկոս՝ հանած 5 տոկոսը):

Այս երկու բարելավումներն էլ արդեն կան կառավարության կողմից ԱԺ ներկայացված՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում։ Խնդիրը ժամկետների մեջ է։

Բանն այն է, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի ընդունման ընթացակարգերը ժամանակատար են։ Մյուս կողմից՝ անհրաժեշտություն կա հնարավորինս շուտ բարելավել ՓՄՁ ոլորտի հարկային միջավայրն ու բարձրացնել վարվող քաղաքականության կանխատեսելիությունը։ Ինչ վերաբերում է հանրային սննդին, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու մինչև ապրիլի 20-ը հաշվետվությունները ներկայացնել ըստ նախկին կարգավորման (8% - 5%), որից հետո ճշգրտել այդ հաշվետվությունները՝ ըստ բարելավված դրույթների։ Իսկ դա լրացուցիչ անհարմարություններ է ստեղծելու թե՛ տնտեսվարողների, թե՛ ՊԵԿ-ի համար։

Նշված խնդիրներից խուսափելու համար առաջարկել եմ թե՛ շրջանառության հարկի շեմի և թե՛ հանրային սննդի ոլորտի հարկման դրույքաչափերի մասով կարգավորումները՝ որպես առանձին օրենսդրական նախաձեռնություն, արագացված կարգով քննարկել ԱԺ-ում և ընդունել»,- գրել է նա։

Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ